Խմորումներից վախենալ պետք չէ 

Խմորումներից վախենալ պետք չէ 


Երբ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ասում է՝ կուսակցության ներսում խմորումներ կան, դրանում ոչ մի սարսափելի, առավել եւս անհանգստանալու բան չկա: Եվ բոլորովին կարիք չկա կուսակցական ողջ ակտիվի գործադրմամբ փորձել ապացուցել, թե ոչ մի խմորում չկա: Իրականում պետք է անհանգստանալ այն դեպքում, եթե խմորումներ իսկապես չլինեն:

Միանգամայն ճիշտ է ՔՊ վարչության անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, երբ ասում է, որ կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, եւ կարող են լինել որոշակի գործընթացներ, թեեւ Սիմոնյանը՝ ինքը, եւս վստահեցնում է, որ խմորումներ չկան:
Երբ որեւէ կուսակցությունում կամ, առհասարակ, որեւէ համակարգում խմորումներ չեն լինում, դա վկայում է այն մասին, որ տվյալ համակարգը մեռնում է: Խմորումը շարժում է, իրադարձությունների շարք, կյանքի վկայություն: Եթե հիշում եք, ներքին լուրջ խմորումներ չկային, օրինակ, նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի ներսում, եւ այնտեղ ամեն ինչ որոշվում էր բացառապես կուսակցության առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի կամքով: Խմորումներն իսպառ բացակայում էին նաեւ խորհրդային ժամանակների Կոմկուսի ներսում: Թե հետագայում ինչ եղավ այդ անխմորում կուսակցությունների հետ, բոլորս տեսանք: 

Կուսակցությունը, ի վերջո, բաղկացած է մարդկանցից, անհատականություններից, իսկ անհատներն ի բնե չեն կարող միատեսակ ու բոլոր հարցերի շուրջ միակամ լինել, որքան էլ պատկանեն միեւնույն ուժին: Որեւէ կուսակցության ներսում խմորումների, ինչ-ինչ տեղաշարժերի առկայությունը պարտադիր չէ, որ միայն բացասական գործընթացների վկայություն լինի, դա կարող է նաեւ խոսել (ավելի հաճախ, հենց այդպես էլ կա) ինքնամաքրման փորձերի, դրական զարգացումների, կատարելագործման միտումների մասին:

Եթե նկատել եք, ժողովրդավարության պատվար համարվող ԱՄՆ-ում նախագահական ամենակատաղի ընտրապայքարն ընթանում է հենց ընտրությունների նախնական, այսպես կոչված՝ փրայմերիզների փուլում, երբ մասնակից կուսակցությունները փորձում են իրենց միջից ընտրել հարաբերականորեն լավագույն թեկնածուին: Իսկ դա թերեւս հնարավոր է դառնում միայն ներկուսակցական բանավեճերի, հաճախ՝ բավականին սուր պայքարի շնորհիվ: Իսկ այժմ պատկերացրեք, որ ամերիկյան մասնակից կուսակցությունների ներսում խմորումներ չլինեին, այսինքն՝ չլիներ ներկուսակցական բանավեճ, այդ դեպքում ինչպե՞ս պետք է ընտրվեր կուսակցության հիմնական թեկնածուն, ո՞ր չափանիշների հիման վրա: 

Վերադառնալով Սասուն Միքայելյանի մեծ աղմուկ հանած հայտարարություններին, նկատենք՝ Հայաստանում բոլորովին սովոր չեն, որ իշխող ուժի (առհասարակ՝ որեւէ ազդեցիկ կուսակցության) ներսում տարաձայնություններ ու հակասություններ լինեն: Այստեղ սովոր են, որ բոլոր, այդ թվում՝ վիճահարույց, հարցերի շուրջ տիրի տոտալ համաձայնություն, ու կուսակցության ներսում թեւածի միակամության ոգին: Միանգամայն թյուր կարծիք կա, թե դա կուսակցության ամրության, հզորության վկայությունն է: Բայց չէ՞ որ այդպես արդեն եղել է, իսկ այդ ոճի արդյունքներն էլ բոլորին հրաշալի հայտնի են:

Ժողովրդավարության համաշխարհային պատմությունը վաղուց արդեն ապացուցել է, որ իրական ժողովրդավարությունը սկսվում է հենց որեւէ կուսակցության ներսում, իսկ հետո արդեն տարածվում ավելի ընդգրկուն համակարգերի վրա: Հատուկ չենք կենտրոնանում այն հարցերի վրա, որոնց մասին բարձրաձայնեց Սասուն Միքայելյանը, ու որոնց հետ կապված՝ վեճ ծավալվեց ՔՊ-ում՝ խմորումների առկայության կամ բացակայության շուրջ: Դա միայն կնվազեցներ մեր դատողությունների արժեքը: 
Վախեցեք խմորումների բացակայությունից, եթե չեք ցանկանում լճանալ: