«Սպայկան»  մթերում է, Դավիթ Ղազարյանն էլ ամեն օր աշխատանքի է գնում

«Սպայկան»  մթերում է, Դավիթ Ղազարյանն էլ ամեն օր աշխատանքի է գնում

Ամառվա առաջին ամիսը կիսվում է, և հետաքրքիր է՝ ինչպես են մթերումներն իրականացվում առանց «Սպայկայի»։ Հիշեցնենք, որ ընկերությունից, երբ տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանքի տակ էր, առանձին զրույցներում հայտնել էին, որ հազիվ թե մթերումներ լինեն, ու նաև տարածել հայտարարություն, թե որ գյուղերում այս տարի մթերումներ չեն լինելու այն 80 համայնքներից, որոնց հետ նախորդ տարիներին աշխատել էր՝ Արտաշատ, Շահումյան, Գետազատ, Կանաչուտ, Մրգանուշ, Ջրաշեն, Սուրենավան, Փոքր Վեդի, Նոր Ուղի, Լուսառատ, Դաշտաքար, Վերին Դվին, Ներքին Դվին, Արմավիրի մարզի Լուկաշին, Մրգաշատ, Ալաշկերտ, Բերքաշատ, Արևիկ, Հացիկ, Այգեշատ, Մայիսյան, Մյասնիկյան, Արաքս, Լենուղի, Նոր Ամասիա, Նալբանդյան, Տանձուտ, Շենիկ, Երվանդաշատ, Բագարան, Դաշտ, Առափի, Արևիկ, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Ծովինար, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Մադինա, Լիճք, Վարդաձոր, Ձորագյուղ, Երանոս, Կոտայքի մարզի Նոր Գեղի և այլն։ Որպես հիմնական պատճառ էլ նշվել էր այն, որ մթերման գործընթացի կազմակերպման համար ընկերությանն ամսական անհրաժեշտ է մոտ 5.000.000.000 դրամ, որն օգտագործվում է ընկերության շրջանառու վարկային միջոցներից:

Ավելին․ ընկերության ներկայացուցիչները մասնավոր և հրապարակային զրույցներում հայտարարել էին, թե ինչ մթերման մասին կարող է խոսք լինել, եթե իրենց հաշիվներն արգելափակված են, բանկերն էլ, զգուշանալով քրեական հետապնդումից, վարկեր չեն տալիս։ Մասնավորապես նշվել էին, որ այդ ընթացքում էին ստիպված լինելու 5 միլիոն դոլարի տարեկան տոկոսադրույք փակել։ Նշված գյուղերից՝ Արարատի մարզի Սուրենավանից մի բնակիչ հաստատեց, որ «Սպայկան» այս տարի գյուղ չի եկել։ Սակայն գյուղապետի Ռոբերտ անունով տեղակալը նկատեց, որ «Սպայկան» երբեք էլ իրենց մոտ չի գալիս։ «Մեզ մոտ շուտ է հասնում, թանկ է, իրենց ձեռք չի տալիս թանկով տանեն Ռուսաստան։ Մեր ու մի քանի գյուղերի հետ՝ Արմաշ, Երասխավան, իրենք չեն աշխատում»,- ասաց Ռոբերտը։ Նրա տեղեկացմամբ՝ հիմա Երասխավանում ինքնակազմակերպվել են, և ապրանքը գյուղի «ֆուռ» ունեցող խմբերը տանում են դուրս։

Արարատի մարզի գյուղերի ցանկը շարունակեցինք 
 մարզպետ Գարիկ Սարգսյանի հայրենի գյուղից, որտեղ գյուղապետը ևս ՔՊ-ական է՝ Արամ Գրիգորյանը։
 Գյուղապետը չպատասխանեց, ապա մեզ զանգահարեց գյուղապետարանի մի աշխատակցուհի և գյուղապետի անունից պատասխանեց, թե քանի որ իրենց մոտ ծիրանի բերք շատ չի լինում, ծիրանի մեծ այգիներ չունեն։ Այս տարի էլ բերքն ավելի քիչ է, իրենք «Սպայկայի» հետ չեն աշխատում։ «Ով էլ ունի, իր համար իրացնում է»,- նշեց գյուղապետարանի աշխատակիցը։

Արարատի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Սոսե Բենիամինյանն էլ ասաց, որ իրենց մոտ եկել են։ «Էս տարի եկել են, բայց երկրորդ անգամ դեռ չեն եկել։ Ծիրանը որ չի հասել, դեռ չեն եկել։ Կարող է գան, կարող է չգան»,- ասաց Բաղրամյանի գյուղապետը։ Նրա հավելմամբ էլ՝ մթերող ընկերությունն իրենցից «քիչումիչ»՝ 500, 1000 տոննայով է ծիրան մթերում։

Նույն պատասխանը ստացանք Արարատի ու Արմավիրի մարզերի
այլ գյուղերից, որ հեկտարներով ծիրանանոցներ չունեն։ Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանն էլ ասաց, որ «Սպայկան» իրենց գյուղ չի գալիս, գյուղի ֆուռատերերն են, ինչպես գյուղապետն է ասում, «տանող տղեքն ու վրացիք» են զբաղվում Երասխից ծիրանի արտահանմամբ։
Արարատի մարզի Բուրավանի գյուղապետ Գագիկ Հովհաննիսյանը միայն ասաց, որ բերք ունեն, բայց «Սպայկան» այս տարի չի եկել։ Գյուղում, ըստ գյուղապետի, ինքնակազմակերպվել են, գյուղում մթերող «7-8 գրուպաներ» են ձևավորվել, որոնք ապրանքը ՌԴ են հասցնում։

Զրուցեցինք նաև «Սպայկայից» Կարեն Բաղդասարյանի հետ, որն ասաց, որ նախկին ծավալով, այսինքն՝ 70 գյուղերի հետ այս տարի աշխատելու են։ Հարցին, թե ինչպես կարողացան մթերման համար շրջանառու միջոցներ պեղել, Կարեն Բաղդասարյանը պատասխանեց․ «Մենք պարտատոմսեր թողարկեցինք, որպեսզի մեր շրջանառու միջոցները լրացնենք, ու դրա շնորհիվ մթերումն ամբողջ թափով իրականացվելու է և այս շաբաթվա վերջ մթերումը սկսվելու է»։
Տեղեկացանք նաև, որ քրեական հետապնդման մեջ գտնվող ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն էլ, ում խափանման միջոցը փոխվել էր, ամեն օր գնում է աշխատանքի և աշխատանքներն ինքն է կազմակերպում։

Ինչ վերաբերում է բանկերին ու իրենց նախկինում հնչեցրած մտահոգություններին, ապա Կարեն Բաղդասարյանն ասում է․ «Դե, բանկերն իրականում դեռ ունեն էդ մտահոգությունները, քանի որ նախաքննություն է ընթանում։ Օրինակ՝ էն 100 միլիոն դոլարի  ներդրումն ըտենց էլ սառել է»։

Մասնավորապես, Եվրասիական բանկից հայտարարել են, որ «Սպայկային» ճանաչում են որպես վստահելի գործընկեր, բայց հերթական նախագիծը չեն ֆինանսավորի, մինչև չլինի քրեական գործի ավարտը։