Անհնար է մտնել Պուտինի մերձավոր «ընկերական» շրջան

Անհնար է մտնել Պուտինի մերձավոր «ընկերական» շրջան

Թեեւ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս հավաստիացումներ է տվել, որ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային եւ բարեկամական են, սակայն ակնհայտ է, որ ՌԴ-ի իշխանությունները, մեղմ ասած, այնքան էլ բարեհաճ չեն տրամադրված թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված իշխանությունների նկատմամբ։ 

Իսկ ԵԱՏՄ միջկառավարական նիստին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկխոսությունը, սուրճի հրավերը սոցցանցերում դարձան բուռն քննարկման թեմա հատկապես «ձվի մեջ մազ փնտրողների համար»։ Աղմուկը վերաբերում էր հիմնականում հայ-ռուսական հարաբերություններում առաջացած կնճռոտ խնդիրներին, նաեւ՝ Հայաստանի վարչապետի՝ ռուսերենի իմացությանը։ Այլ հարց է, որ երկրի ղեկավարի՝ ռուսերենին փայլուն տիրապետելը ոչ մի տեղ չի ամրագրված որպես պարտադիր պայման, եւ Նիկոլ Փաշինյանին քննադատողները չգիտես ինչու մոռանում են նախկին երկու նախագահների մասին, որոնք նույնիսկ լավ չէին տիրապետում մայրենի լեզվին։ 

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ներկա փուլում ինչպես կարելի է բնութագրել հայ-ռուսական հարաբերությունները, ինչ զարգացում կարող են դրանք ունենալ, հայկական կողմից ինչ ջանքեր են պահանջվում այդ հարաբերություններում առաջացած խոչընդոտները հարթելու համար։

 Արմեն Գրիգորյանը կարծում է, որ Մեդվեդևի հետ դրվագին չափազանց մեծ նշանակություն է տրվել, այն այդպիսի մեծ ուշադրության արժանի չէր: Սակայն, քաղաքագետի կարծիքով,  Ռուսաստանի հետ հարաբերություններում, անշուշտ,  կան բազմաթիվ խնդիրներ, կնճռոտ հարցեր, որոնց մասին լռություն պահպանելն օգտակար չէ: 
«Հորիզոնական հարաբերություններ հաստատելու փորձերը, բնականաբար, Ռուսաստանը ցավագին է ընդունում, նաև շարունակելով Հայաստանի նկատմամբ վերահսկողության աստիճանը խորացնել՝ տարբեր մեխանիզմներով: Ի վերջո, «հեղափոխական» իշխանության նկատմամբ Պուտինի անվստահությունը վերացնելը, մերձավոր «ընկերական» շրջան մտնելը, ըստ էության,  անհնար է:

Ռուսաստանի հետ հարաբերությունների տարբեր ասպեկտները մանրամասնորեն քննարկելն անհրաժեշտ է հետագայում որոշ անախորժություններից խուսափելու համար՝ նաև ներքին կյանքում: Այսպես, ԵԱՏՄ-ն նախագահելու ընթացքում, իհարկե,  կարելի է գեղեցիկ ճառեր ասել այն ավելի արդյունավետ դարձնելու, ինտեգրացիան խորացնելու և այլնի մասին: Սակայն ինտեգրացիայի ենթադրյալ դրական կողմերի մասին վերացական խոսակցություններից բացի, պետք է նաև հասկանալ, ինչպե՞ս է հնարավոր մեղմել իրական բացասական տնտեսական հետևանքները: Օրինակ, հաջորդ տարվանից բազմաթիվ ապրանքատեսակներ զգալիորեն թանկանալու են՝ ԵԱՏՄ-ի մաքսային դրույքների կիրառման պատճառով, ու դա բացասաբար է անդրադառնալու քաղաքացիների կենսամակարդակի վրա (չհաշված որոշ շրջանակների կողմից բացասական քարոզչության հնարավոր հետևանքները. քարոզչություն, որը մեղքը բարդելու է ոչ թե ԵԱՏՄ անդամակցությանը հանգեցրած քաղաքականություն վարողների, այլ ներկայիս կառավարության վրա):

Կա նաև Հայաստանի միջազգային համբավի հետ կապված խնդիր՝ դարձյալ Ռուսաստանից կախվածության համատեքստում. ուկրաինացի պատգամավորի հետ կատարվածը դրա վկայություններից մեկն էր: Սա ևս նոր ծագած խնդիր չէ, բայց վաղ թե ուշ պետք է սրան անդրադառնալ, քանի որ նման իրավիճակի պահպանումը հղի է միջազգային համագործակցության համար լուրջ խոչընդոտներով»,- նշեց քաղաքագետը: