Արեմնականները վերադառնում են․ հիմնադիր համագումարին 40 հոգի չհերիքեց

Արեմնականները վերադառնում են․ հիմնադիր համագումարին 40 հոգի չհերիքեց

Այսօր պետք է կայանար Արմենական կուսակցության հիմնադիր համագումարը, սակայն համագումարը հիմնադիր չեղավ, որովհետև ըստ արմենականների ներքին կանոնադրության կուսակցության հիմնադրումը պետք է տեղի ունենար 100 անձանց ներկայությամբ, իսկ համագումարին ներկայացել էին ընդամենը 60-ը։ Կուսակցության հիմնադիրները նշեցին, որ հիմնադիր համագումար անպայման կայանալու է, իսկ ժամանակը օգտագործեցին պատմական ակնարկ կատարելով․

« Ես ինքս լինելով արմենականի ժառանգ, այիսնքն՝ իմ նախնիների մեջ կային արմենականները, շատ վաղ հասակից մեծացել եմ արմենականների գաղափարախոսությամբ և արմենականների սխրագործությունների մթնոլորտում։ Գաղափարը վաղուց կար, ժամանակի ընթացքում երբ որ տեսանք, որ կա նաև արմենական գծի անհրաժեշտությունը։  Ցանկանում ենք վերստեղծել Արմենական կուսակցությունը, որը մեր պատմության առաջին, թերևս նաև միակ կուսակցությունն էր, որը հիմնադրվեց բուն Հայաստանում՝ Արևմտյան Հայաստանում։ Ելնելով արդի քաղաքական և աշխարհաքաղաքական մարտահրավերներից՝ առաջացել էր ազգային ուժի գոյության սուր անհրաժեշտություն»,- Ասաց կուսակցության հիմնադիր Արա Պողոսյանը։

Կուսակցությունը դեռևս չի կողմնորոշվել, թե քաղաքական ինչպիսի դիրքավորում պետք է ունենա,  ընդդիմադի՞ր, թե իշխանամետ։ Պողոսյանի գնահատմամբ՝ այսօր երկրում անցումային շրջան է և ներկայիս իրավիճակը լուրջ փոփոխություններ է կրելու, իսկ երբ ՀՀ ներքաղաքական կյանքը կհստականա, իրենք էլ վերջնական որոշում կկայացնեն։

«Այս պահին մեր կարևորագույն խնդիրներից մեկը կուսակցաշինական աշխատանքներն են։ Մեր նպատակն է դառնալ կամուրջ հայության տարբեր հատվածների միջև, քանի որ մեր կոչին արձագանք եղավ նաև սփյուռքյան մի շարք համայնքներից, որտեղ ևս կային արմենակյանների ժառանգները։ Մեր հիմնական առաքելություններից մեկը համարում ենք հայկական հարցն ու արևմտահայությունը, իսկ արևմտահայություն ասելով՝ հասկանում ենք ոչ միայն Սփյուռքում բնակվող արևմտահայերի ժառանգներին, այլև ժամանակակից Թուրքիայի տարածքում բնակվող մեր եղբայրակիցներին, ովքեր ապրում են ինքնության ճգնաժամ»,- ընդգծեց Արա Պողոսյանը։ 

Հիշեցնենք, որ Արմենական կուսակցությունը հայկական ավանդական կուսակցություններից է, ստեղծվել է 1885 թվականին Վանում, դաշնակցականների գաղափարական հակառակորդներն են եղել, նույնիսկ արգելված է եղել միջկուսակցական ամուսնությունները։ Այսօր արդեն կարելի է ամուսնանալ դաշնակցականների հետ։ Կուսակցության հիմնադիրներից մյուսը՝ Գևորգ Ջնդոյանը, այս առումով կատակեց՝ «միայն հանրապետականների հետ չենք ամուսնանում»։