Պետք է շուտափույթ ազատվել հին ռեժիմի մնացորդներից 

Պետք է շուտափույթ ազատվել հին ռեժիմի մնացորդներից 

Կա՞ արդյոք արցախցի-հայաստանցի հակամարտություն, եթե այո, ապա ի՞նչ պետք է անեն Հայաստանի եւ Արցախի իշխանությունները հնարավոր բախումներից խուսափելու համար։
Այս հարցն է պարբերաբար արծարծվում վերջին օրերին մամուլում եւ սոցիալական ցանցերում։
Արցախի Հանրապետության պետական եւ ռազմական գործիչ Վահան Բադասյանը, որը սատարում էր անցյալ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը,  կարծում է, որ այդ խոսակցություններն արհեստական են, եւ չկա լարվածություն։
«Արցախցիները զգում են իրենց որպես Հայաստանի անբաժանելի մաս։ Ես, օրինակ, ինձ վիրավորված եմ զգում, որ մինչեւ հիմա Հայաստանի լիարժեք քաղաքացի չեմ, չեմ կարողանում մասնակցել ընտրություններին։ Պետք է այնպես լինի, որ Արցախը չունենա առանձին նախագահ, կառավարություն։ Արցախը, ցանկալի է, որ  լինի Հայաստանի վարչական տարածքներից մեկը, Քարվաճառն ու Մարտակերտը լինեն Գեղարքունիքի մարզում, Արցախը լինի առանձին մարզ, Բերձորը լինի Սյունիքի մարզում, եւ մենք մեզ անվտանգ զգանք։ Այդ դեպքում մենք մեզ կզգանք ավելի կենտրոնաձիգ»,- ըղձական ապառնիով իր ցանկությունները շարադրեց Վահան Բադասյանը։

Նա կարծում է, որ նման խոսակցություններին վերջ տալու համար Արցախի ներկա իշխանությունները պետք է հեռանան, քանի որ համարվում են հակահեղափոխության կենտրոն, իսկ Հայաստանի իշխանություններն էլ պետք է շուտափույթ ազատվեն հին ռեժիմի մնացորդներից եւ զբաղվեն բանակաշինությամբ, արդարադատության մարմինների կայացմամբ, տնտեսական զարգացմամբ։ Իսկ դրա համար, ըստ նրա, ներկա իշխանություններն ունեն բոլոր նախադրյալները՝ թե՛ մանդատի, թե՛ հոգեբանական առումով։