Regnum-ն անո՞նս է անում

Regnum-ն անո՞նս է անում

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի 25-րդ տարեդարձին նվիրված խորհրդաժողովին մասնակցության առիթով Ստեփանակերտում են գտնվել դեսպան Կազիմիրովը, Regnum-ի գլխավոր խմբագիր Կոլերովը եւ մեկնաբան Տարասովը, որոնք նաեւ ԱՀ պաշտոնական եւ քաղաքական շրջանակների հետ են հանդիպել: Բավական ուշագրավ քննարկում է կազմակերպվել Մեսրոպ Մաշտոց համալսարանում:

Կոլերովը եւ Տարասովը խոսել են Ռուսաստանի հովանու ներքո Արցախի` որպես Հայաստանից առանձին սուբյեկտի աշխարհաքաղաքական նշանակությունից: Այս համատեքստում խիստ ուշագրավ է Տարասովի մեկնաբանությունը, որտեղ նա, հղելով անանուն աղբյուրների, խոսում է ԼՂ կարգավորման ,,ամերիկյան պլանի,, մասին:

Ըստ այդմ, ամերիկյան կողմը, հիմք ընդունելով քաղաքագիտական հեղինակավոր կառույցների առաջարկությունները, կողմերին է ներկայացնում տարբերակ, որով Ադրբեջանին են վերադարձվում ԼՂ շուրջ տարածքները, իսկ Արցախին տրվում է «ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ»: Ընդսմին, կարգավորման այդ տարբերակը ենթադրում է արտաքին դոնորների մասնակցությամբ տարածաշրջանային տնտեսական եւ կոմունիկացիոն ամենալայն ինտեգրացիա, որի դեպքում հետագա հակասությունների հավանականությունը կդառնա գրեթե զրոյական:

Ըստ Տարասովի` դա Ադրբեջանի համար ընդունելի է, բայց մերժվում է Հայաստանի կողմից, ինչի պատճառով «բանակցություններն սկսել են տեղապտույտ տալ»: Տեղեկատվական այս ֆոնին ռուսաստանցի քաղաքագետը կտրուկ անցում է կատարում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ ասում, որ Ռուսաստանում լուրջ վերլուծություններ են արվում` հասկանալու համար, թե ուր է գնում Փաշինյանը:

Ընդ որում, Տարասովը միանշանակորեն արձանագրում է, որ Արցախի ԱԳՆ-ն հասկանալի ձեւով մերժել է կարգավորման «ոչնչացնող տարբերակը»: Մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ն շարունակում է մնալ բանակցային ռեժիմում: Ի՞նչ նպատակով է արվում այս ընդգծումը: Վերլուծաբանը դրանով չի՞ ակնարկում ԱՀ ԱԳՆ նկատմամբ ռուսական կողմի որոշակի ազդեցության առկայություն` դրանից բխող հետեւանքներով հանդերձ:«Փաստ է այն, որ Ստեփանակերտի ղեկավարության քաղաքականությունը Փաշինյանի ,,խաղերի,, պատճառով դադարում է համահունչ լինել Երեւանի քաղաքականությանը, թեեւ «կարմիր գիծը» դեռեւս անցած չէ»- գրում է Տարասովը:

Դա ստեփանակերտյան բաց կամ փակ հանդիպումներից ստացած տպավորությու՞ն է, թե՞ ռուսաստանցի մեկնաբանն իր երկրի համար ցանկալին մատուցում է որպես իրականություն: Իսկ գուցե նրա մեկնաբանությունն ազդակ է, որպեսզի Ստեփանակերտից արվեն համահունչ հայտարարություննե՞ր: Արցախի քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն այս հարցում ունե՞ն կոնսենսուս: Կա՞ Ստեփանակերտում «հինգերորդ զորասյուն»: Ինչի՞ վրա է խաղադրույք դնում ռուսական քարոզչությունը: