Վստահություն վերականգնելու տեխնոլոգիան

Վստահություն վերականգնելու տեխնոլոգիան

Նոյեմբերի 25-ի երեկոյան մեկնարկել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնը՝ «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո: Դրանից երկու օր առաջ էլ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը նախաձեռնել էր ավանդական «ֆոնեթոն» դրամահավաքը։ Ֆոնեթոնի առաջին օրը հավաքագրվել էր ավելի քան 600,000 եվրո գումար։ Արդեն սկսվել է հեռուստամարաթոնի գործարկման երրորդ օրը, սակայն դեռևս որևէ տեղեկություն չկա հավաքագրված գումարի մասին: Իսկ նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է միայն խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքում: Ահա այսպսի թափանցիկություն է ապահովված համահայկական հիմնադրամի առումով երբեմնի  «ժողովրդավարության բաստիոնում» և գործող «ժողովրդի իշխանության» պայմաններում: 

Խորհրդի օրակարգում ներառվել են «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված (սկսված 2020-ի սեպտեմբերի վերջից՝ այն կազմում է շուրջ 182 մլն 93 հազար ԱՄՆ դոլար) գումարի, ինչպես նաև 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով ինը պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված գումարների նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրություն-զեկույցի հարցերը: Ի դեպ, նիստին մասնակցելուց հրաժարվել է խորհրդի անդամ, ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս, մինչ այդ, առաջարկել էր հետաձգել «հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված և աուդիտորական ընկերության կողմից չհաստատված ծախսերի ծախսագրման հաստատումը»: Առաջարկը պայմանավորված էր այն հանգամանքով, որ  Ազգային Ժողովում այդ հարցով ստեղծվել է փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Առաջարկի հեղինակի կարծիքով «հիմնադրամի նման ձևով աուդիտի հաստատումն անդառնալի վնաս կհասցնի այս խոշորագույն համահայկական կառույցի համբավին և հետագա գործունեությանը»: Սակայն ՀՀ  երկրորդ նախագահի առաջարկին արձագանք չի եղել:

Ի պատասխան նշված առաջարկի՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը վարող Արմեն Սարգսյանը հայտարարել է. «…Ցավ եմ ապրում անվստահության խոսակցությունների ու արձագանքների համար: …Հիմնադրամն անցել է երկար ու դժվարին ճանապարհ և պետք է ամեն ինչ անի՝ սխալներն ու թերությունները շտկելու, վստահությունը վերականգնելու համար: … Ավելի է հասունացել հիմնադրամի արդիականացման պահը: Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպական նոր մոդելներ»: Որպես ՀՀ քաղաքացի, որը սրանից 21 տարի առաջ է կատարել իր համեստ նվիրաբերությունը հիմնադրամին, կարող եմ արձանագրել, որ հիմնադրամի արդիականացումը տեղի է ունեցել դեռևս 2018-ին: Ուղղակի մենք աչքաթող ենք արել այդ պահը: Եվ այն արտահայտվել է իշխանության կողմից հիմնադրամի գումարները սեփական գրպանի պարունակության նման տնօրինելու վերաբերմունքով: Իհարկե, կարող են ասել, որ նախկինների օրոք կարիք չի եղել նման քայլ անելու: Սակայն կարծում եմ, որ խնդիրն այն է, որ նախկինների օրոք մենք չենք պարտվել որևէ պատերազմում: Դա՝ մեկ: Եվ երկրորդ, եթե նույնիսկ դրա կարիքը լիներ, միևնույն է, հանրապետության ո՛չ երկրորդ և ո՛չ էլ երրորդ նախագահները ձեռքը չէին խոթի հիմնադրամի գրպանը, քանի որ իրենց չէին համարում «ժողովրդի այնպիսի իշխանություն», որը դա անելու իրավունք կվերապահեր իրեն:  

Ի դեպ, որպես ՀՀ քաղաքացիներ (թեև արդեն ոչ այնքան հպարտ) մենք այնպես էլ չիմացանք հիմնադրամից վերցված՝ ոչ միայն 52 մլրդ դրամի, որն ուղղվել էր պետբյուջե, այլև ավելի փոքր գումարի՝ ընդամենը 2 մլրդ դրամի ճակատագիրը: Վերջինս փոխանցվել էր, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում (իսկ այն ինձ երբեք անհարմար դրության մեջ չի դրել), «ուսապարկային» անհատական հաշվեհամարի, իսկ հետո կանխիկացվել էր: Այնուհետև այդ գումարով նույնիսկ շուկայականից կրկնակի-եռակի թանկ գնով զրահաբաճկոն էր գնվել բանակի կարիքների համար: Ենթադրում եմ, որ դեպքի առթիվ վաղուց քրեական գործ է հարուցված՝ չնայած, ինչ մեղքս թաքցնեմ, մեկ-մեկ մտածում եմ, որ  «ժողովրդի իշխանության» պայմաններում քրգործ կարող էր և չհարուցվել: Իսկ եթե, այնուամենայնիվ, հարուցվել է, ապա երևի վաղուց ծածկադմփոց է արվել, քանի որ հիմնավորված պաշտոնական բացատրություն այդպես էլ չի տրվել այդ երևույթին:

Ժամանակին գրվեց նաև, որ դա չէր կարող կատարվել «ժողովրդի վարչապետից» գաղտնի, ինչին ամբողջությամբ համաձայն եմ: Այնպես որ, այդ դեպքը ցույց է տալիս, որ հիմնադրամի առնչությամբ արդեն որդեգրվել է նոր՝ ժողովրդահաճո, մտածողությունը և լայնորեն կիրառել են գումարներ ծախսելու նոր՝ ժողովրդահաճո, տեխնոլոգիաներ: Եթե այդպես չլիներ, ապա դժվար թե ս. թ. հունիսի 20-ին կատարվեր «ժողովրդի իշխանության» վերարտադրությունը: