Զերծ պահենք թիկունքը հոգեբանական ցնցումներից

Զերծ պահենք թիկունքը հոգեբանական ցնցումներից

Հայաստան աշխարհի Արցախ հատվածը դաժան պատերազմի մեջ է, մեր զավակները դիմագրավում են առաջադիմական սպառազինությամբ հագեցած ու քանակով մեզնից մի քանի անգամ շատ թշնամուն: Դա նշանակում է, որ մեր կողմից ամեն ինչ պետք է արվի հանուն ռազմաճակատի, հանուն հաղթանակի: Ամեն ինչը ներառում է ոչ միայն աշխատանքն ու դրանով ստեղծված նյութական բարիքները, այլեւ թիկունքում տիրող բարոյական, հոգեբանական մթնոլորտը: Առաջինը, իհարկե, համախմբվածությունն է՝ մեկ բռունցք դառնալը, երկրորդը՝ անկասկած, վստահությունը: Համախմբվածության առումով բազմիցս է խոսվել․ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, իսկ մեկ-երկու օր առաջ էլ պարզվեց, որ դրանք կարող են ծագել նաեւ վստահության հարցում: 

Վստահության կարեւորությունը ներկայացնենք պարզ կենցաղային օրինակով. ենթադրենք, ամուսինը երկար ժամանակ չգիտի, որ կինը դավաճանում է իրեն, ու ապրում է երջանիկ անգիտության մեջ, եւ կարելի է պատկերացնել, թե որքան ծանր կլինի նրա հոգեվիճակը, երբ իմանա ճշմարտությունը: Վերադառնանք մեր հիմնական ասելիքին․ որպես ժողովրդավարական երկիր՝ մեր իշխանությունները, ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, օրական կտրվածքով հրապարակում են հայրենիքի համար մղվող պատերազմում նահատակված մեր քաջորդիների անունները: Միաժամանակ, մեզ ոչինչ չի ասվել եւ ասվում դիրքային կորուստների մասին՝ հիմնավորելով այն հանգամանքով, որ այդ կորուստներն էական չեն այսչափ ծանր պատերազմում, քանի որ մի օր տարածք ենք տալիս, հաջորդ պահին վերցնում ենք: Ու հանկարծ պատերազմի 3-րդ շաբաթավերջին իմանում ենք զինվորագրվելու վերաբերյալ Սյունիքի համայնքապետերի հայտարարության եւ մարզում իրականացվող պաշտպանական աշխատանքների համակարգողի դերում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի նշանակման մասին, ինչին նախորդում եւ հաջորդում են խորհրդակցությունները վարչապետի եւ այդ թվում արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ, որոնց թվում էին նրանք, ովքեր ոչ հեռավոր անցյալում «սեւերի» կարգն էին դասվել: 

Այդ ամենին ավելացան նախորդ օրերին դաժան մարտերի եւ զոհերի թվի աճի վերաբերյալ պաշտոնական հաղորդումներն ու Արցախի ղեկավարության կողմից զգալի տարածքային կորստի մասին հաղորդումը: Կարծում եմ, որ ամեն գիտակից անձնավորությանը պետք է հասկանալի լիներ, որ թիկունքում մարդիկ դրանից կարող են ընկնել հոգեբանական ցնցման մեջ, եւ դա էլ հենց տեղի ունեցավ: Եվ փոխանակ գիտակցվեր բացթողումը, կրկին խոսվեց դավաճանների կամ առնվազն չուզողների ակտիվացման մասին եւ այլն, եւ այլն: 

Հիմա հարցը․ շատ ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ մեր զոհերի թվի նման (այդ օրերին արդեն մարդիկ կային, որ չէին վստահում այդ թվերին) ասվեր նաեւ տարածքային կորուստների մասին, որպեսզի նախորդ օրերի պատահածը չհնչեր որպես ամպրոպի որոտ անամպ երկնքում: Ի վերջո, նույնիսկ այնպիսի փակ երկրում, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր, Հայրենական պատերազմի օրերին օրական կտրվածքով ինֆորմացիա էր տրվում զորքերի նահանջի ու թշնամուն թողնված բնակավայրերի մասին: Նախորդ մեկ-երկու օրվա հոգեբանական ցնցումը թող դաս լինի իշխանության համար, քանի որ ե՛ւ համախմբվածության, ե՛ւ վստահության առաջնային կրողն իշխանությունն է:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ