Բանտերում կան հարյուրավոր մարդիկ, որոնք հանցանք չեն կատարել, այլ պարզապես խանգարել են ինչ-որ մի բարձրաստիճան  չինովնիկի 

Բանտերում կան հարյուրավոր մարդիկ, որոնք հանցանք չեն կատարել, այլ պարզապես խանգարել են ինչ-որ մի բարձրաստիճան  չինովնիկի 
Վահան Շիրխանյան

Անցումային արդարադատություն իրականացնելու գաղափարը սկսեց շրջանառվել թավշյա հեղափոխությունից հետո։ Իրավաբանները, իրավապաշտպանները, քաղաքագետները նույնիսկ քննարկումներ հրավիրեցին, փորձեցին հասկանալ, թե ինչ է անցումային արդարադատությունը, որ երկրներում է կիրառվում, ինչպիսի իրավիճակներում, ինչ հանգուցալուծում կարող է տալ այն դատական խճճված գործընթացներին, որքանով կարող է վերականգնել արդարադատության կորսված հեղինակությունը։

 ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, 2015թ․ նոյեմբերին «Բանդայի գործով» ազատազրկված, թավշյա հեղափոխությունից հետո ազատության մեջ հայտնված Վահան Շիրխանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարող է տալ անցումային արդարադատությունը մեր երկրին։

-Բոլորն ասում էին, որ դատական համակարգը չի աշխատում, դատական համակարգը խանգարում է եւ խոսում էին անցումային արդարադատության մասին։

Այսինքն՝ վաղուց Հայաստանում չկա արդարադատություն եւ արդարադատության համակարգ, եւ դա փաստ է։

Հիմա թե ինչպես է ուղղելու այդ վիճակը Նիկոլ Փաշինյանը՝ պարզ չէ։ Անցումային արդարադատությո՞ւն է կիրառելու, թե՞ ուղղակի կադրերին է փոխելու, որոնք քսանամյա ստաժը գրկած  նստած են դատախազությունում, դատարաններում, քննչական մարմիններում։ Նա ունի երկու ճանապարհ՝ կա՛մ փոխել կադրերին, կա՛մ նոր համակարգ մտցնել։ 

-Նոր համակարգ ասելով ի՞նչ նկատի ունեք։

-Նկատի ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է փոխի արդարադատության հիմքերը կազմող օրենքները՝ սկսած Սահմանադրությունից։ Պետք է լինեն  նոր Սահմանադրություն, նոր օրենքներ, նոր մարդիկ։ Այդ ժամանակ էլ հնարավոր կլինի երկրում ստեղծել արդարադատություն։ 

-Պարոն Շիրխանյան, Դուք տեւական ժամանակ  եղել եք անազատության մեջ, ներսից ծանոթ  եք դատական, իրավապահ համակարգին։ Որո՞նք եք համարում այդ համակարգի խոցելի կողմերը։

-Ամենախոցելի կողմերը․․․ Չխոցելի կողմ չկա։ Չեմ կարող ասել՝ այս մի կողմը լավ է, մյուս կողմերը՝ ոչինչ։ Ամեն ինչ հիմնված է ոչ թե օրենքի, տրամաբանության վրա, այլ մեկ մարդու ցանկության վրա։ Այդ կարգը, կանոնը, որ եղել են, բխել են մեկ մարդու ցանկությունից, ոչ թե օրենքից։ Այդ ամենը պետք է փոխվի։ Հայաստանի նման փոքր երկրին բոլորովին պետք չեն հազարավոր կալանավորներ։ Դա խայտառակություն եւ ամոթ է։ 

-Սակայն ներդրվեց պրոբացիոն համակարգը, թավշյա հեղափոխությունից հետո հայտարարվեց համաներում։ Այդ ամենը չնպաստե՞ց կալանավայրերի բեռնաթափմանը։

-Համաներումը հայտարարվեց ձեւականորեն, նախկին իշխանությունների մշակած սխեմայով։ Եվ համաներումը չհասավ իր նպատակին, քանի որ դրա արդյունքում պետք է վերականգնվեր արդարությունը։ Պետք է ազատվեին այն մարդիկ, որոնք կալանավորվել եւ դատապարտվել էին պատվերով։ Իսկ համաներումը չիրականացվեց հեղափոխական իրավիճակին համապատասխան։ Հեղափոխությունից հետո հայտարարված համաներումը պետք է վերականգներ արդարությունը, այսինքն՝ մարդիկ, որոնք կալանավորված էին ինչ-որ մի չինովնիկի պատվերով, պետք է ազատ արձակվեին։ Բայց ընտրությունը չկատարվեց այդ մեթոդով, ընտրությունը կատարվեց այն մեթոդով, թե ով քանի տարի է դատապարտված, ով ինչ հոդվածով է նստած եւ այլն։ Կան հարյուրավոր մարդիկ, որոնք հանցանք չեն կատարել, այլ պարզապես խանգարել են ինչ-որ մի բարձրաստիճան  չինովնիկի։ Նրանք ո՛չ քաղաքական հայացքների համար են նստած, ո՛չ քրեական, իրավիճակային դատապարտյալներ են։ Իրենք պետք է ազատ արձակված լինեին, բայց դեռ բանտում են։ Այդ գործերը չեն հետաքննվել, չեն պարզաբանվել նրանց բոլոր հանգամանքները։ 

-Իսկ ի՞նչ ընթացքի մեջ է Ձեր գործի քննությունը։

-Իմ գործը քննության փուլում է, ութ ամիս է, ինչ դատավարություն չի լինում։ Ամեն ուրբաթ գնում ենք, հետաձգում են դատը, վերադառնում ենք։ Ոչ մի քննություն չկա, եւ ես ոչ մի հեռանկար չեմ տեսնում։ 

-Հնչեղ դատավարությունների ժամանակ, օրինակ, երբ քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու գործը, որոշ դատավարոներ ինքնաբացարկ հայտնեցին։ Ըստ Ձեզ՝ դա ցույց չի՞ տալիս, որ մեր դատական համակարգը, մեղմ ասած, լավ օրեր չի ապրում, հայտնվել է ճգնաժամի մեջ։ 

-Ես ասացի արդեն, որ մենք քսան տարի չենք ունեցել դատական համակարգ, ունեցել ենք պատվեր կատարողներ։ Հիմա պատվեր չկա, հրահանգ չկա, հեռախոսազանգ չկա,  այդ մարդիկ մոլորվել են, չգիտեն, թե ինչ անեն։ Պետք է ամբողջ համակարգը նորովի ստեղծվի։ Իսկ այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ինչ-որ դատավոր ինքնաբացարկ է հայտնում ավելի լուրջ սկանդալների մեջ չհայտնվելու համար, դա դեռ ոչինչ չի նշանակում։