«Տաշիր» ընկերությունների նվերը՝ մայրաքաղաքին

«Տաշիր» ընկերությունների նվերը՝ մայրաքաղաքին

Վերակառուցումից հետո մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Երևանի գլխավոր պողոտայի վերջնամասում (Սարյան-Մաշտոցի պողոտա) գտնվող այգին:

Այգու բարեկարգման աշխատանքներն սկսվել են 2015 թվականին: 

Հանգստի գոտին բացել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի ավագանու անդամներ, հյուրեր: 

Շուրջ 20 000 քմ տարածք զբաղեցնող այգին կանաչապատվել է, տնկվել են մոտ տասը հազար տնկիներ՝ ծառեր, թփեր, ինչպես նաև ծաղիկներ: Հանգստի գոտին առանձնանում է նաև լուսային էֆեկտներով ցայտող շատրվանների ինքնատիպ լուծումներով: 600 ջրային շիթերից բաղկացած շատրվանները հնարավորություն են տալիս ստեղծել պատկերներ և անցկացնել ջրալուսային շոուներ՝ երաժշտության ուղեկցությամբ: 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Նարեկ Կարապետյանի ուղեկցությամբ շրջել են այգում, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու քաղաքացիների հանգստի կազմակերպման համար ստեղծված պայմաններին: 

Նախագծի կյանքի կոչման համար «Տաշիր» ընկերությունների խումբը շուրջ 15 մլն դոլարին համարժեք ներդրում է կատարել: Նարեկ Կարապետյանը նշում է՝ համայնքի հետ արդյունավետ համագործակցությունը լինելու է շարունակական: