Ապրըլի 27-ին, ռավոդ քշերհանա սկսվիլ տեն միջոցառումնին

Ապրըլի 27-ին, ռավոդ քշերհանա սկսվիլ տեն միջոցառումնին

Ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրվան, հայրենի իշխանությունները պատրաստվում են ամբողջ ուժով։ Այդ օրը կնշվի ողջ հանրապետությունում, պատգամավորներին էլ «բաժանել» են մարզերի վրա․ նրանք խումբ-խումբ կլինեն տարբեր մարզերում։ Ֆեյսբուքում այդ օրվա կապակցությամբ արդեն էջեր են բացվել, որոնք իրազեկում են, թե որ մարզում ինչ միջոցառում է նախատեսվում՝ «ՀՀ քաղաքացու օր․ Սյունիքի մարզ», «ՀՀ քաղաքացու օր․ Շիրակի մարզ» անունուններով եւ այլն։ Իշխանությունները փորձել են կրեատիվ մոտեցում ցուցաբերել եւ մարզպետարանների էջերում այդ օրվա միջոցառումների «իվենթները» ներկայացրել են տվյալ մարզի բարբառով։

«Վայոց ծորի մարզկենտրոն Եղեգնաձորում նախատեսածի հանրային քննարկումներ, արհեստների եւ արվեստների փառատոն, street art, կանանց ֆուտբոլի առաջնություն, կինոցուցադրություն, թատերական ներկայացումներ, դանցեն զատ հանդիպելուեյ ժամանակակից գրողների խետ, հըմենավերջն էլ տոնական համերգի ըլելու՝ Միտքդ վա՛ռ պախիր: Մեյ ծերը սիրասեյ, սպասեսեյ… »։ «Ապրըլի 27-ին, ռավոդ քշերհանա 10-ից Հայաստանի տարածքովը մին սկսվիլ տեն ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումնին: Էդ օրը Լոռվա մայրաքաղաք Վանաձորըմ հանրային քննարկումնի կլեն, սպորտային ու մշակութային միջոցառումնի, կինոցուցադրութին, թատերական ներկայացումնի, մնել հանդիպում հմիկվա գիր անողների հետ: Իսկ վերջում տոնական համերգ՝ Միտքդ կեծ արած պըհի: Սիրով ոտներս կախ ենք քցըմ...»։

Իսկ Շիրակի մարզի էջում կարդում ենք․ «Ապրիլի 27-ին, առավոտ 10-ից Հայաստանի սաղ տարածքով մեկ ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ բդի էղնին: Էդ օրը ալամ աշխարհքի կենտրոն Գյումրիում կեղնին հանրային քննարկումներ, օպերային, թատերական ներկայացումներ, արհեստների ու արվեստների փառատոն, ըդորից բացի՝ նաեւ հանդիպում ժամանակակից գրողների հետ: Դե վերջում էլ՝ տոնական համերգ՝ Միտքդ վա՛ռ պահե, ծո՛: Սիրով սպասենգը ձեզի... »։

Ամենայն հավանականությամբ, Քաղաքացու օրն ամենաճոխը կնշեն ամենաաղքատ մարզում՝ Շիրակում։ Միայն Գյումրիի ավագանին այդ օրվա համար մեկ միլիոն դրամ է հատկացրել քաղաքի բյուջեից։ Դրանից 500 հազար դրամը նախատեսված է հրավառության, 250 հազարը՝ հյուրասիրության, մնացած 250 հազար դրամն էլ՝ արհեստների, արվեստների փառատոնի, տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ըստ ամենայնի, փորձել է սիրաշահել նոր իշխանություններին՝ նրանց տոնին կլորիկ գումար հատկացնելով։