«Արարատ ցեմենտը» գնվել է մոտ 10 մլն դոլարով

«Արարատ ցեմենտը» գնվել է մոտ 10 մլն դոլարով

Ցեմենտային կրքերը չեն հանդարտվում․ չնայած ԱԺ-ն օրերս ընդունեց «Ցեմենտի տուրքի մասին» օրինագիծը, սակայն հիմա «Իմ քայլը»-ԲՀԿ դիսկուրսը Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտի» ձեռքբերման գնի շուրջ է։ Դեռեւս նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանը հայտարարեց, որ 2002թ. «Ռոբերտո» ընկերությունը գնել է «Արարատ ցեմենտն» ուղիղ վաճառքի ձեւով, 200 հազար դոլարով: Այս հայտարարությունը ծառուկյանականները ցավով ընդունեցին՝ տեղից ռեպլիկներ թողնելով, Ծառուկյանն անգամ Հայկ Գեւորգյանին առաջարկեց՝ եթե ապացուցի, որ այդ գնով է առել, գործարանը կնվիրի Գեւորգյանին։ ԲՀԿ ղեկավարը, սակայն, հրաժարվեց պատասխանել լրագրողի հարցին՝ ինչքա՞ն է վճարել «Արարատ ցեմենտի» համար, ասաց. «Քո ի՞նչ գործն ա»։ Ծառուկյանի անհանգստությունը Գեւորգյանի մոտ տարակուսանք է առաջացրել, նախօրեին նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հռետորական հարց է հնչեցրել՝ ինչո՞ւ է Ծառուկյանն անհանգստանում, երբ ինքը մասնավորեցման մասին խոսելիս նրա անունը չի էլ հնչեցրել: Ըստ նրա՝ այդ ժամանակ չէր հայտարարվում, որ Գագիկ Ծառուկյանը փայատեր է, որովհետեւ «Ռոբերտոն» օֆշորային ընկերություն էր: «Արարատ ցեմենտի» գնման գործընթացի վերաբերյալ մենք պարզաբանում խնդրեցինք ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանից։

- Պարոն Մելքումյան, իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե հայտնի չէ՝ ինչպես եւ ինչ գնով է ձեռք բերվել, ավելի ճիշտ՝ մասնավորեցվել «Արարատ ցեմենտը»։

- Ես ուզում եմ մամուլում հնչած այդ թյուր տեղեկատվությունը պարզաբանել, որպեսզի թյուրիմացություններ չառաջանան։ Ես պետք է ասեմ, որ 2002 թվականի սեպտեմբերի 12-ի կառավարության թիվ 1465-Ա որոշման մեջ կան այլ կետեր էլ։ Այդ տեղեկատվությունը, որ հրամցվել է (խոսքն «Արարատ ցեմենտը» 200 հազար դոլարով գնելու մասին է՝ խմբ․), դա որոշման միայն առաջին կետն է, կան այլ կետեր էլ։ Պետք է ասեմ, որ օտարվող կամ մասնավորեցվող պետական գույքի գնահատման արժեքը որոշվում է տարբեր մեթոդներով՝ համեմատելի մեթոդ,  շահութաբերության մեթոդ, ծախսային մեթոդ եւ այլն։ Տվյալ դեպքում հիմնական միտքն այն է, որ երբ ձեռնարկությունն ունենում է պարտավորություններ, գնահատված ակտիվներից հանում են այդ պարտավորությունների արժեքը։ Տվյալ դեպքում կառավարության վերոնշյալ որոշման երրորդ կետով հստակ գրված է, որ այդ գործարքի կնքումից հետո եռօրյա ժամկետում պետք է գնորդը փակի ամբողջ էներգետիկական համակարգի՝ խոսքը գազի եւ հոսանքի պարտքերի մասին է՝ 6 մլն 866 հազար դոլար։

Մյուս պայմանն այն է եղել, որ ինքը պետք է առաջիկա երեք տարում արտադրի 2001 թվականի արտադրանքից ոչ պակաս ցեմենտ, իսկ դա կազմել է 276 հազար տոննա։ Այսինքն՝ պայմանն այն է, որ դու պարտքերը փակում ես, վճարումը կատարում ես եւ դու ոչ թե աշխատատեղեր ես փակում, աշխատողներ կրճատում, այլ շարունակում ես ավելի մեծ ծավալի ցեմենտ արտադրել, ընդ որում՝ եղել է հետպատերազմական վիճակի քայքայված մի ձեռնարկություն, որը, փաստորեն, պարտքերի մեջ խրված լինելու պատճառով վաղուց արտադրանք չէր տալիս։ Սրան պետք է ավելացնեմ, որ ամբողջ «Հրազդան ՋԷԿ»-ի, Երեւանի ՋԷԿ-ի, ամբողջ էլեկտրաէներգետիկական եւ գազային պարտքերը պետք է մարվեին, նաեւ «ՀայՌուսգազարդի» պարտքերը, ընդհուպ մինչեւ ջրմուղ-կոյուղի, ընդ որում՝ մի պայման էլ կա, որը նշված է կառավարության որոշման մեջ, այն է՝ պետական հիմնարկները, որոնք ունեին գազի եւ էլեկտրաէներգիայի մեծ պարտքեր, պետք է մարվեր, տվյալ դեպքում մոտ 2 միլիոն դոլարի մասին է խոսքը եղել, իսկ միայն «Հայջրմուղ-կոյուղուն» մոտ մի քանի հարյուր միլիոն դրամի պարտք է եղել։ Սա նշանակում է, որ մոտավորապես 10 մլն դոլարի պարտք է եղել։ Ընդ որում, Գագիկ Ծառուկյանն այդ փուլում ձեռք է բերել «Արարատ ցեմենտի» բաժնետոմսերի 25 տոկոսը։

- Այսինքն՝ խոսքը «Ռոբերտո» ընկերության մասի՞ն է, կառավարության՝ Ձեր հիշատակած որոշումով այդ ընկերությանն է ուղիղ վաճառվել, որից մեջբերումներ եք անում։

- Ես խոսում եմ Գագիկ Ծառուկյանի ձեռք բերած բաժնեմասերի եւ պարտավորությունների մասին։ 2002 թվականից մինչեւ հիմա ձեռնարկությունում կատարվել են 6.2 միլիարդ դրամի  ներդրումներ,  ընդ որում՝ հենց այդ տարիներին՝ 2002-2003 թվականներին, որակյալ ցեմենտի եւ համապատասխան ցեմենտի պայմանն էր, որ Հայաստանում շինարարական բում տեղի ունեցավ, որովհետեւ, եթե այդ ծավալներով եւ այդ գնով ցեմենտ չլիներ, չէր լինի նաեւ այդ շինարարական բումը, որ երկնիշ տնտեսական աճ էր բերել մեր երկրին։ Ընդ որում՝ մի ուրիշ պայման էլ կար, որ եթե գազի 6 մլն 866 հազար դրամը փակում է, դա համարժեք է մոտ 9.7 միլիոն դոլարի ապրանքային ծածկույթի՝ ցեմենտի։ Այսինքն՝ ցեմենտի արտադրության մեջ գազը եւ հոսանքը մոտ 60 տոկոս են կազմում։ Այսինքն՝ եթե այն ժամանակ խոշոր ձեռնարկությունների համար 1000 խմ գազն արժեր 79.1 դոլար, ապա այդ հաշվարկով որ հաշվենք, կտեսնենք, թե ինչ պարտավորություն էր ստանձնել՝ 9.7 մլն դոլարի ապրանքային ծածկույթն ապահովել «Արարատ ցեմենտը»։

Հիմա, ինչ վերաբերում է այն շահարկումներին, թե տարբեր այլ միջազգային ներդրողներ կային, որոնք շատ ավելի մեծ գումարներ էին առաջարկում, մասնավորապես, 2001թ.  շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունն է եղել, որը 35 մլն դոլարի ներդրումային ծրագիր պետք է աներ, բայց վերջին պահին հրաժարվել է գործարքից: Միանշանակ պետք է ասեմ, որ որեւէ մեկը չի արգելել շվեյցարական «Հոլսիմ» ընկերությանը, ինքը եկել է եւ 6-7 ամիս ուսումնասիրել է «Արարատ ցեմենտի» վիճակը եւ հասկանալով, որ պարտքերի մեջ խրված է, եւ շատ բարդ է լինելու, թողել է գնացել։ Ավելին, այն, որ որեւէ մեկն իրեն չի խանգարել, ապացուցում է այն փաստը, որ այն ժամանակ ստեղծվել էր միջազգային աճուրդային մրցութային հանձնաժողով, եւ «Հոլսիմ» ընկերությունը վճարել էր նաեւ 300 հազար դոլար կանխավճար, այսինքն՝ ինքը հաղթել է այդ տենդերում, բայց հետո թողել-գնացել է՝ հեռանկար չտեսնելով։ Երկաթուղի չունենալու պատճառով միջազգային օպերատորներն այստեղ լուրջ խնդիրներ էին ունենալու՝ փոխադրման հետ կապված, դրա համար չէին նախատեսում․․․

«Հոլսիմ»ի հետ կապված մի ուրիշ հետաքրքիր փաստ էլ ասեմ․ 2011 թվականին Նյու Յորքում տեռորիստական մեծ ակտեր տեղի ունեցան, ինքնաթիռները մխրճվեցին երկնաքերերի մեջ, եւ մարդիկ չէին նստում ինքնաթիռներ, ու ավիակամպանիաները սնանկանում էին։ Շվեյցարական կառավարությունը դիմեց «Հոլսիմ» ընկերությանը, որպեսզի ինքը փողեր չներդնի տարբեր երկրներում, որն այլ երկրներում ներդրումներ էր անում, այլ հետ գա եւ փողերը դնի ավիաընկերությունների «Սվիսեյրի» եւ բելգիական «Սաբինայի» մեջ, այսինքն՝ ինքը պատճառներ ունի, պատմություն է ունեցել։ Եվ եթե մենք հետադարձ ուժով գալիս ենք կլինկերի եւ պետական տուրքի թեմային, պետք է ասենք, որ Ծառուկյանին շատ-շատ ձեռնտու է, որպեսզի ինքը կրաքարից ցեմենտ չարտադրի, այլ ինքն էլ կլինկեր ներկրի եւ դրանից արտադրի, ու շատ ավելի էժան կնստի։

Բայց ո՞վ պետք է պատասխան տա այդ 1000-1200 աշխատատեղերի փակման համար․ սա է խնդիրը՝ քաղաքական-սոցիալական պատասխանատվության խնդիրը, եւ այս առումով պետք է ասել, որ կլինկերից ցեմենտ արտադրելն ու կրաքարից արտադրելը թվում է, թե նույն ցեմենտն է, ի՞նչ է եղել որ, բայց դրանք տարբեր շուկաներ են, որովհետեւ, եթե կրաքարից արտադրանքի ժամանակ գազը նստում է մոտ 60 տոկոս, հումքը՝ 15 տոկոս, աշխատավարձը՝ 10, կլինկերից ցեմենտ արտադրելու ժամանակ հումքը նստում է 90 տոկոս։ Այսինքն՝ տարբեր իրավիճակներ ու խնդիրներ են, որին պետք է մասնագիտորեն մոտենալ եւ լուծումներ տալ։

- Պարոն Մելքումյան, այդուհանդերձ, ասացեք խնդրեմ՝ այդ «Ռոբերտո» ընկերությունը, որը, ըստ տեղեկությունների, օֆշորային ընկերություն է, Ծառուկյանի՞ն է պատկանում, թե՞ ինչ-որ փուլում գործարանը նա այդ ընկերությունից է ձեռք բերել։

- Ուրեմն այդ պահը․․․ կառավարության այս որոշումից չի երեւում, այս որոշումը, այստեղ գրված է «Արարատ ցեմենտ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող այսքան բաժնետոմսերը․․․ հա, ուղղակի վաճառվել է «Ռոբերտո» կազմակերպությանը, բայց ստեղ խնդիրը գնում է  Գագիկ Ծառուկյանի բաժնետոմսերի մասին, որը կազմել է 25 տոկոս։

- Հիմա «Ռոբերտոն» Գագիկ Ծառուկյանի հետ ի՞նչ կապ ունի, որ 25 տոկոսն է իրեն հասել։

- Դա արդեն ես չեմ կարող ասել, բաժնետերերի մասին ես իրավասու չեմ խոսել, իմ կոմպետենցիայի մեջ չի մտնում։