Արմեն Աշոտյանը հայերեն տառերի հեղինակը չէ

Արմեն Աշոտյանը հայերեն տառերի հեղինակը չէ

Երեկվանից համացանցում տրանսգենդերի թեմայից ոչ պակաս ակտիվ քննարկում են Շիրակի նախկին մարզպետ, «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանի արարքը։ Որոշ օգտատերեր նրան «բռնացրել» էին ապրիլյոթյան շնորհավորանքը ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանից «թխելու» մեջ։ Երկու տեքստերը ջրի երկու կաթիլի պես  նման էին իրար․ «Սիրելի´ կանայք, մայրեր եւ քույրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Գարնանային այս գեղեցիկ օրը պատեհ առիթ է` գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ եւ արժեւորելու ձեր անգնահատելի դերն ընտանիքում, աշխատավայրում եւ քաղաքական կյանքում: Տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր կանանց ու մայրերին, մաղթում նրանց ընտանիքներին բարօրություն։ Եղեք սիրված եւ միշտ ժպտացեք»։ Ի դեպ, Աշոտյանն այդ շնորհավորանքն իր ֆեյսբուքյան պատին էր տեղադրել դեռեւս 2014-ին։ Երեկ պատգամավոր Սարուխանյանի հետ զրուցեցինք այս թեմայով։

- Ձեզ մեղադրում են Արմեն Աշոտյանի շնորհավորանքը «գողանալու» հարցում։ Ինչպե՞ս է ստացվել, որ ճիշտ նույն տեքստով եք շնորհավորել կանանց եւ մայրերին։

- Ասեմ, որ դա բացարձակ սուտ է, ես չեմ ընդունում քոփի անելու մեղադրանքները, շնորհավորանքը եղել է դա համենայնդեպս գրքային տարբերակ։ Արմեն Աշոտյանը ո՛չ էդ բառերի հեղինակն է, առավել եւս չեմ կարծում, որ մեր այբուբենի տառերն էլ է նա գրել, որ այդ մեղադրանքները կարելի է հասցնել։ Սովորական գրքային տարբերակ է, ու չեմ կարծում, որ այսպես պետք է բառերի հատուկ արտահայտությունների հետեւից ընկնել։

- Իսկ ո՞ր գրքից էիք վերցրել։

- Անկեղծ ասեմ, ես՝ ինքս չեմ գրել, ես զբաղված եմ եղել խիստ, իմ օգնականին ընդհանուր տրամաբանությունն եմ ասել, թե ինչ շնորհավորանք տեղադրի իմ կայքով, իմ էջով, եւ նա տեղադրել է։

- Երբ հայտնի դարձավ, որ Աշոտյանի ֆեյսբուքյան շնորհավորանքն է, զրուցեցի՞ք Ձեր օգնականի հետ, գուցե նա իսկապես վերցրել է Աշոտյանի էջից։

- Չէ, ինքն ասել է, որ էջից չի վերցրել, ասեմ, որ մենակ Արմեն Աշոտյանի մոտ չի եղել, դա ստանդարտ գրքային տարբերակ է եղել, եւ շատ շատերի մոտ նմանատիպ շնորհավորանքներ կան, կամ նույն բառակապակցությունները, նույն արտահայտությունները հնարավոր է, որ համընկնեն։

- Բայց Աշոտյանն ասել է, որ ինքն է գրել այդ շնորհավորանքը։

- Չեմ կարծում, որ ինքը գրած լինի, եթե անգամ գրել է, դա շատ ավելի ողջունելի է, որ նման ջերմ շնորհավորանքներ կարող է գրել։ Ես էդտեղ որեւէ վատ բան չեմ տեսնում, այդ շնորհավորանքի փոխարեն կարող էր լինել ցանկացած բանաստեղծություն, ցանկացած այլ բան։

- Իսկ չե՞ք ճշտել, թե կոնկրետ որ գրքից է վերցրել, փաստորեն, կա՞ շնորհավորանքների գիրք։

- Ես չեմ հարցրել։ Բայց գիտեմ, որ հաստատ Աշոտյանից չի վերցրել։

- Իսկ ինչո՞ւ Ձեր բառերով չեք շնորհավորել կանանց։

- Ասեմ, որ ես խիստ զբաղված եմ եղել, իմ անձնական էջը հիմնականում ես եմ կառավարում, բայց դա դրվել է պաշտոնական էջով, եթե հետեւեք, կտեսնեք, որ շատ դեպքերում էլ ես եմ իմ անձնական էջով շնորհավորում։

- Կուզենայի նաեւ Ձեր կարծիքը լսել, հիմա մասնակցում եք տրանսգենդերների դեմ ակցիային, արդարացի՞ եք համարում մարդկանց վրդովմունքը։

- Մեր պատգամավորը չի հրավիրել, ես սա ուզում եմ, որ բոլորն իմանան։ Տիկին Զոհրաբյանն է հրավիրել բոլորին։

- Դուք նորմա՞լ եք վերաբերվում, որ ԱԺ ամբիոնից տրանսգենդեր է ելույթ ունեցել, թե՞ համարում եք, որ «պղծվել» է այդ դահլիճը, ինչպես հիմա ցուցարարներն են հայտարարում։

- Ես՝ ինքս, չէի հրավիրի, դա ԱԺ-ի նիստ չի եղել, եղել է խորհրդարանական լսումներ, հետեւաբար, ամբողջ պատասխանատվությունը հանձնաժողովի նախագահի վրա է։ Եթե մեզ դուր եկած լիներ դա, ապա այստեղ չէինք լինի եւ կլռեինք։ 

- Կո՞ղմ եք, որ խնկարկեն դահլիճը։

- Տեսնենք ոնց կորոշենք, ընդհանուր խմբակցությունը ոնց կորոշի, կանենք։ Բայց ասեմ, որ էդ ախտահանումով բան չի որոշվի, ես կողմ եմ, որ նմանատիպ բաներ չլինեն։