Նախորդ Ազգային ժողովի համասեռամոլների դեմ պայքարեիք

Նախորդ Ազգային ժողովի համասեռամոլների դեմ պայքարեիք

Ազգային ժողովի ամբիոնից տրանսգենդերի ելույթն ալեկոծել է հայ հանրությանը՝ ազգայնականներից մինչեւ լիբերալներ, պահպանողականներից մինչեւ դեմոկրատներ։ Ուրբաթ օրվանից թեման բուռն քննարկումներ է ծավալել համացանցում։ Հայ առաջին տրանսգենդերի ելույթը խոցել է հայու գենի պահպանման ջատագովներին, համարում են, որ պղծվել է մեր ավանդական արժեհամակարգը, ոտնձգություն է մեր ինքնությանն ու անվտանգությանը։ Ոմանք թքում-մրում էին Նիկոլ Փաշինյանին ու իշխանավորներին՝ ասելով, որ վերջին 20 տարվա ընթացքում սա առաջին ամոթալի դեպքն էր, երբ երկրի թիվ մեկ ամբիոնը տրամադրվում է «այլասերվածի», ոմանք էլ բացահայտ սպառնում էին տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին։ Համացանցային շիկացած կրքերը երեկ առավոտյան տեղափոխվեցին խորհրդարանի դահլիճ։ «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի պատգամավորներն արտահերթ նիստի օրակարգը «փոզմիշ» արեցին փոխադարձ մեղադրանքներով։

Քանզի այդ «ազգակործան» իրադարձությունից հետո լսումները կազմակերպած մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը եւ հանձնաժողովի ղեկավար, լսումները վարող ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններից  եւ ակնարկներից պարզ դարձավ, որ Մարիա Կարապետյանն է ԱԺ բերել այդ անձնավորությանը եւ «օրակարգից» դուրս ելույթ դասավորել նրա համար։ Լիբերալների դաշինք ներկայացող «Իմ քայլում» պակաս վրդովված չէին նման մեղադրանքներից եւ որոշեցին հենց ԱԺ ամբիոնից հակահարված տալ Զոհրաբյանին, Մարիա Կարապետյանը հայտարարեց, որ Զոհրաբյանը բացահայտ ստում է։ «Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար: Տիկին Նաիրա Զոհրաբյանը ստում է, թե մեր հանձնաժողովը հստակ թեմաներ է սահմանել լսումների օրակարգի համար: Մարտի 11-ին հանձնաժողովի նիստին հաստատվել է մի օրակարգ, որտեղ թեմաներ, իհարկե, չկան: Առանց թեմաների լսումների օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում: Լսումներից օրեր առաջ օրակարգն ԱԺ կայքից անհետացավ: Լսումներից օրեր առաջ հանձնաժողովների անդամներին ուղարկվեց նոր օրակարգ, որտեղ հայտնվել էին թեմաներ՝ առանց հանձնաժողովի անդամների հաստատման: Կայքը չթարմացվեց նոր թեմատիկ օրակարգով»,- մանրամասնեց իմքայլականը։ 

Սրան Ֆեյսբուքում արձագանքեց ԵԽԽՎ-ում գործուղման մեկնած Նաիրա Զոհրաբյանը, իսկ ԱԺ ամբիոնից Գեւորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ ինքը եւ իրենց կուսակցությունը «եղել եւ մնում են ավանդական, ընտանեկան արժեհամակարգը պաշտպանող ուժ»։ «Նախընտրական խոստումների ժամանակ ազնիվ չեք եղել: Ժողովրդին ասեիք, որ գալիս եք այստեղ՝ տրանսգենդերներին ԱԺ դահլիճը տրամադրելու համար։ Բա խի՞ չէիք մինչեւ էդ ասում։ Հասել, դարձել եք քաղաքական մեծամասնություն ու հետին թվով մարդու իրավունքների պաշտպանության ջատագո՞վ»։ Մարիա Կարապետյանը «տակ չմնաց», ասաց, որ լսումների օրը գեթ մեկ անցագիր չի իջեցրել, ԱԺ աշխատակազմին է դիմել եւ խնդրել է իրեն տրամադրել խորհրդարանական լսումների կապակցությամբ ԱԺ բոլոր անձանց մուտք գործելու տիկին Զոհրաբյանի դիմումը:

«Դիմումի մեջ գրված է, որ խնդրում եմ լսումների մասնակիցներին թույլատրել մուտք գործել ԱԺ վարչական տարածք, այնուհետեւ կից ուղարկում է մասնակիցների ցանկը, որտեղ շուրջ 47 ՀԿ-ների անուններ են նշված»։ Հեգնեց նաեւ «ավանդական, ընտանեկան արժեհամակարգը պաշտպանող ուժ» լինելու բնորոշումները՝ հիշեցնելով, որ Ծառուկյանի թիկնապահ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին, որն օրերս դատարանի վճռով  «քաղաքացու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու համար 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել», սակայն համաներվել, ԲՀԿ-ական Արման Աբովյանը հիշեցրեց, որ Բաբայանը վիճարկել է դատարանի որոշումը, եւ առայժմ ոչինչ պարզ չէ։ 

Կեսօրից հետո նիստերի դահլիճի այս սոդոմ-գոմորը տեղափոխվեց ԱԺ բակ, որտեղ ազգային հայրենասիրական ուժեր, անհատներ, կամուֆլյաժ հագած եւ ֆիդայու տեսք ունեցող մի քանի տասնյակ տղամարդիկ եւ «նամուսով» կանայք եկել էին ԱԺ ղեկավարությունից «հաշիվ» պահանջելու։ Նրանք պահանջում էին թույլ տալ, որպեսզի ներս մտնի իրենց հետ եկած քահանան, ով ներկայացավ Տեր Ղազար Պետրոսյան՝ Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ, որպեսզի դահլիճը խնկարկի՝ վանելով «չար ու պիղծ» ուժերին։ Իսկ երկրորդ պահանջն էր՝ ընդունել օրենք, որ «Սոդոմականությունը՝ ԼԳԲՏ-ն, հանցագործություն է եւ անպայման պետք է պատժվի Քրեական օրենսգրքով, նվազագույնը՝ 4 տարի ազատազրկմամբ»: «Վերջ տվեք այլանդակություններին», «Ամոթ երրորդ սեռի պաշտպաններին», «Դուք ոչ թե թավշյա, այլ գունավոր հեղափոխություն եք արել»․ այսպիսի կոչերով ցուցարարները պահանջում էին ԱԺ ղեկավարությանը։ 

Ի վերջո, թե՛ «Իմ քայլի», թե՛ ԲՀԿ-ի պատգամավորները որոշեցին «առերեսվել» ցուցարարների հետ։ «Իմ քայլից» մի խումբ պատգամավորներ՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, իջան ԱԺ բակ։ Սիմոնյանը հայտարարեց, որ տրանսգենդերին, ավելի ճիշտ՝ նրա ղեկավարած կազմակերպությանն ԱԺ է հրավիրել Նաիրա Զոհրաբյանը, նա իր հետ իջեցրել էր նաեւ քարտուղարությունից վերցրած ձեւաթուղթը։ Մի մետր այն կողմ էլ  ԲՀԿ-ական Արման Աբովյանն էր երդում-պատառ ուտում, թե Սիմոնյանը սուտ է խոսում՝ Զոհրաբյանը չի հրավիրել։ Երբ հետաքրքրվեցինք՝ ի վերջո, ով է հրավիրել, Աբովյանն ասաց, որ ոչ ոք՝ ԱԺ կայքում եղել է հայտարարություն, եւ ՀԿ-ներն իրենք են արձագանքել։ Մի քանի ժամ թեժ երկխոսություն ծավալվեց երկու ֆրոնտով, ցուցարարներ-ԲՀԿ, եւ ցուցարարներ-«Իմ քայլը»։ Վերջիններիս փաստարկները ցուցարարներին այնքան էլ համոզիչ չթվացին, ոմանք հիշեցրին միասեռական Էլթոն Ջոնի այցը եւ վարչապետի հետ հանդիպումը կամ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի կազմակերպած ընդունելությունը տրանսգենդեր Կարաբինայի հետ։ «Սրանց է՞լ էր ԲՀԿ-ն հրավիրել, այ գունավորներ»,- ճչում էին տարբեր կողմերից։ 

Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի նյարդերն այնքան տեղի տվեցին, որ սկսեց հաշիվ պահանջել ցուցարարներից, թե ինչու նախկինում ԱԺ-ն պղծողների դեմ նման ցույցեր չէին կազմակերպում․ «Ինչի չկայի՞ն համասեռամոլներ, որ էդ ամբիոնից ելույթներ էին ունենում»։ Այլայլված  ավանդականները պահանջում էին հրապարակել, թե ով է պղծել ԱԺ-ն, սակայն Հակոբյանն անդրդվելի մնաց։ «Իմ քայլի» ներկայացուցիչները հեռացան, մանավանդ երբ ինչ-որ մեկը հայտարարեց, թե «պղծողներին վռնդել ենք, իշխանությունը տվել ենք ձեզ, որ ոչ թե շարունակեն պղծել, այլ մաքրել կեղտերից»։ 

Մենք Հրաչ Հակոբյանին հարցրինք, թե ովքեր էին նախորդ ԱԺ-ի համասեռամոլները։ «Չեմ կարող ասել, Դուք գուշակեք»,- կատակեց նա։ Դիտարկմանը, որ շատերն էլ իրենց խմբակցությունում են տեսնում սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց, արձագանքեց․ «Ես չգիտեմ նման մարդկանց»։ Ի վերջո, թույլ չտվեցին հոգեւորականին մուտք գործել ԱԺ։