Բոլորին խորհուրդ ենք տալիս զգուշանալ

Բոլորին խորհուրդ ենք տալիս զգուշանալ

«Ձյուն եկել է, բայց այդքան էլ առատ չի եղել, հիմա հալվել է, ընդհանուր առմամբ, ինչպես ասում են՝ խիստ ձմռան դեռ չենք հանդիպել»,- մեզ հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը: 

Նա նշեց, որ մարդիկ պատրաստվել են ձմռանը, պահեստավորել են վառելանյութը, թե ով ինչքան է բերել, կամ որքան ժամանակ դա կկարողանան օգտագործել՝ չի կարող ասել: Ի՞նչ վիճակում է գտնվում ճանապարհը, հատկապես ձյան հալվելուց հետո՝ հետաքրքրվեցինք մենք։ Արշակյանը նշեց, որ Շուռնուխ գնալու կամ Շուռնուխից դուրս գալու համար օգտագործվում է այլընտրանքային գրունտային ճանապարհը, որը վերջնական ավարտին դեռ չի հասցվել ո՛չ Բարձրավանում, ո՛չ Շուռնուխում: Թեեւ հնարավոր է հետագայում ասֆալտապատեն գրունտային ճանապարհը: Իսկ այլընտրանքային ճանապարհով երթեւեկելը ձյան տեղումներից հետո արդյոք չի՞ բարդացել։ Արշակյանն ասաց. «Եթե ձյունն առատ տեղա, անտառամիջի ճանապարհներ են՝ կապ չունի, որ լայն են կառուցել, պարբերաբար պիտի մաքրվեն ձյունից: Ամեն դեպքում, դեռ առատ ձյուն չի տեղացել, որ խնդիրներ առաջանան, բայց ձյուն տեղալու պարագայում պետք է տեխնիկան աշխատի»:

Շուռնուխի բնակիչներից մեկը որոշ ժամանակ առաջ մեզ ահազանգել էր, որ Շուռնուխում պարբերաբար հոսանքի անջատումներ են լինում: Դա վտանգավոր էր հատկապես այն տեսանկյունից, որ իրենց ամեն քայլը հսկվում է ադրբեջանցի զինվորականների կողմից: Արշակյանը նշեց, որ տեղացած ձյան ծանրությունից տապալված սյուները վերանորոգվել են, ու դրանից հետո հոսանքազրկում չի եղել:

«Եթե ստացվի, կարող է այնպես լինի, որ այս նոր կառուցվող ճանապարհով անցնի հոսանքագիծը, մարզպետը խոստացել է, որ հետեւողական կլինի»,- ասաց նա: Հետաքրքրվեցինք, թե գյուղը լքելու մտադրություններ կա՞ն արդյոք, Շուռնուխի ղեկավարը հստակ պատասխանեց՝ ոչ: «Գյուղը լքողներ չկան, բոլորն իրենց տներում, իրենց առօրյա կյանքով են ապրում»,-ասաց Արշակյանը: Դպրոցի դասերը կանոնավոր ձեւով են անցնում, իսկ ուսուցիչների տեղափոխումը Շուռնուխ կատարվում է զինվորական մեքենայով: «Հնարավորության սահմաններում շաբաթական երկու անգամ գյուղացիների տեղափոխումը կատարվում է, մեկը առեւտուր պետք է անի, մյուսը հիվանդանոց պետք է գնա եւ 15.30 նորից կվերադառնա, «Ուրալը» ժողովրդին հետ կբերի: Բայց մնացած օրերին ուսուցիչների համար «Ուրալն» աշխատում է, երկու օր էլ գյուղացիներին է տեղափոխում»,- ասաց վերջինս:

Գրեթե նույն իրավիճակն է նաեւ Շուռնուխի հարեւանությամբ գտնվող եւ փաստացի թշնամական շրջափակման մեջ գտնվող Բարձրավան եւ Որոտան գյուղերում: Ինչ վերաբերում է ադրբեջանցի զինվորականներին, ապա նրանք երկու ամիս առաջ ավարտել են հերթական ամրաշինական աշխատանքները, դրանից հետո նրանց թվի կամ տեխնիկայի հարցում որեւէ փոփոխություն չկա՝ տեղեկացրեց Արշակյանը: Ադրբեջանցի զինվորականների կողմից բնակիչների հետ ուղիղ հաղորդակցության, հեռվից ինչ-որ նշաններ ցույց տալու կամ վանկարկելու փորձերի մասին էլ նշեց. «Նման բաներ չկան մեր տարածքում, ոչ մի ձեւի շփում»:

Գորիս-Որոտան միջպետական ճանապարհին ադրբեջանցիների հայտնվելուց հետո վերջիններս երեկոյան կամ գիշերը երթեւեկող քաղաքացիական մեքենաների վրա ուժեղ լույս էին գցում՝ փաստացի խոչընդոտելով դրանց երթեւեկությունը հիմնական ճանապարհով․ հետաքրքրվեցինք, թե արդյոք կա՞ն մարդիկ, որ շարունակում են ճանապարհն անցնել այդ ուղով։ Շուռնուխի ղեկավարն ասաց, որ այլեւս նման բաներ չկան, քանի որ մարդիկ այլընտրանքային ճանապարհից են օգտվում:

Ադրբեջանցիների՝ ճանապարհին հայտնվելուց հետո բնակիչների համար ոչ միայն ճանապարհի, տեղափոխության դժվարություններ են առաջացել, այլեւ ճանապարհը ֆիզիկապես ու ժամանակային առումով երկարել է: «Այստեղից Գորիս, եթե Բարձրավանի այլընտրանքային ճանապարհով ենք գնում, մոտավորապես 64 կմ է, իսկ եթե Շուռնուխի այլընտրանքայինով՝ Տանձավեր գյուղով ենք գնում․ մոտավորապես 71-72 կմ է: Ժամանակային առումով մոտ երկու ժամ ճանապարհ ենք գնում, իսկ նախկինում, երբ Որոտանով գնում էինք, 1 ժամ 10 րոպե էր տեւում: Գորիսից, եթե Խոտ գյուղով ենք անցնում, Որոտանով 1 ժամ 10 րոպե էր տեւում, իսկ հիմա 2 ժամ է տեւում: Եթե ձյուն չլինի, ամեն դեպքում, այլընտրանքայինն ավելի հարթ է, քան Խոտ գյուղով, այնտեղ շատ ահավոր է ճանապարհը, բոստանների միջով է անցնում ճանապարհը: Մի հատվածը քանդվել է, եւ հիմա մոտ մի 3-4 կմ բոստաններով ու նեղլիկ կածաններով ես անցնում»,- ասաց Շուռնուխի ղեկավարը:

Նա տարածքին անծանոթ վարորդներին խորհուրդ տվեց՝ անպայման զգուշանալ, այդ ճանապարհներով միայնակ չանցնել՝ առանց տեղանքին քաջածանոթ որեւէ մեկի ուղեկցության: Անդրադառնալով հայ զինվորականներին՝ Արշակյանը նշեց, որ գյուղացիները զինվորների կողքին են, նրանց թիկունքին կանգնած են:

«Զգուշությունը լավ բան է, բոլորին էլ խորհուրդ ենք տալիս զգուշանալ: Եթե ձյուն եղավ, ոնց լինի՝ մի քիչ էլ քամի եղավ, ապա ճանապարհները կփակվեն, այստեղ անպայման տեխնիկա պետք է աշխատի, որ գյուղն արտաքին աշխարհի հետ կարողանա կապ ունենալ»: