Մոսկվան լուռ է, ԵԱՏՄ եվ ՀԱՊԿ դաշնակիցները՝ ևս

Մոսկվան լուռ է, ԵԱՏՄ եվ ՀԱՊԿ դաշնակիցները՝ ևս

Երբ այս տարվա մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, դեռեւս Սերժ Սարգսյանի օրոք ստեղծված ՀՀ վարչապետի կայքում շնորհավորանքների «տեղ ու դադար չկար» պարզապես։ Բոլորը շնորհավորում էին՝ անկախ այն հանգամանքից, թե որ ռազմաքաղաքական գլոբալ ուժային կենտրոնին են հարում կամ ներկայացնում նրանք։ Այս անգամ, սակայն, մի փոքր այլ է վիճակը։ Վարչապետի կայքում նույնիսկ ձանձրանալ կարելի է։

Վերջին թարմացումը կարծես թե ընտրությունների օրն է արվել՝ դեկտեմբերի 9-ին։ Երեկ ու այսօր հայտնի դարձան, որ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ պառլամենտական ընտրությունները շնորհավորել են ԱՄՆ Պետդեպարտամենտը, ԵՄ-ն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Վրաստանի նախագահը։ Սակայն վարչապետի պաշտոնական կայքում այս մասին եւ ոչ մի հաղորդագրություն։ Արտահերթ պառլամենտական ընտրությունների հետ կապված շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, իսկ, ահա, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը բավարարվել է շնորհավորական նամակ հղելով միայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որի մասին Անթիլիասի պաշտոնական կայքում կա հաղորդագրություն՝ հրապարակվել է Արմեն Սարգսյանին հղված Արամ Ա-ի նամակի տեքստը։ 

Չափազանց ուշագրավ է այն, որ լուռ են Լոնդոնը, Փարիզը, եվրոպական մյուս մայրաքաղաքները։ Էլ չասենք, որ լուռ է Մոսկվան։ Իսկ եթե լուռ է Մոսկվան, ապա պետք է ենթադրել, որ լուռ են լինելու նաեւ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ գործընկերներն ու դաշնակիցները, որոնք կարելի է հասկանալ՝ սպասում են Պուտինի շնորհավորանքին։ Ասում են՝ այս երկու օրերի ընթացքում Պուտինն իր խոսքն ասելու է։ Հաշվի առնելով, որ հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հիմա, իսկ Քոչարյանն ու Պուտինը մոտ ընկերներ են, ու նաեւ այն, որ Մոսկվան նախազգուշացրել էր Երեւանին՝ հանկարծ Քոչարյանին չկալանավորել, ինչպես «Ռեգնում» լրատվական գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովն էր ասել «Հրապարակի» հետ զրույցի ժամանակ, կարելի է հասկանալ այդ լռության պատճառը։

Գուցե նաեւ երբեք էլ չշնորհավորի Ռուսաստանի նախագահը եւ այդ քայլով շատ բան ասի՝ իր վերաբերմունքն արտահայտելով ամեն ինչի նկատմամբ, որ այսօր կատարվում է Հայաստանում։ Ի դեպ, երբ ապրիլին Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ, Պուտինը շնորհավորեց նույն օրը։ Այն ժամանակ էլ տեւականորեն լուռ մնացեին ԱՄՆ-ն եւ եվրոպական մայրաքաղաքները, իսկ ԵՄ-ից էլ Տուսկի եւ Յագլանդի անունով ստորագրված համատեղ շնորհավորական ուղերձ հղվեց եւ վերջ։ Հիմա կարծես թե փոխատեղում է եղել։ Նույնիսկ եթե Պուտինը շնորհավորի էլ, արդեն 1-2 օր ուշացումը շատ բան է ասում ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ ՀԱՊԿ, ե՛ւ ԵԱՏՄ գործընկերների ու դաշնակիցների մասով։