300 հոգանոց հիմնարկն ավելի քիչ գիտական արդյունք է տալիս, քան՝ 80 հոգանոցը

300 հոգանոց հիմնարկն ավելի քիչ գիտական արդյունք է տալիս, քան՝ 80 հոգանոցը

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ պետք է սահմանվի, թե որն է պետական գիտական հիմնարկը, պետք է սահմանվի ռեյտինգային նոր կարգ։ «Անկախ պետական գիտական հիմնարկի կարգավիճակից՝ ՊՈԱԿ է, հիմնադրամ, պետք է վերաբերմունքը լինի նույնը»,- ասաց նա՝ հավելելով, որ գիտական հիմնարկ բացելու համար պետք է ունենալ լուրջ փորձ, կադրային բազա։ Սամվել Հարությունյանը նշեց, որ ամռանը կորոշեն գիտական հիմնարկների ռեյտինգները, թե ով որքան հոդված է տպագրել, ինչ դրամաշնորհային ծրագրեր է իրականացրել եւ այլն։ Իսկ դա, ըստ նրա, կօգնի ֆինանսների արդար բաշխմանը։

«Էսօր գիտե՞ք, թե ինչ է կատարվում, հիմնարկ կա, որ 300 հոգի է աշխատում, հիմնարկ էլ կա, որ աշխատում է 80 հոգի։ Այդ 300 հոգանոց հիմնարկն ավելի քիչ գիտական արդյունք է տալիս, քան 80 հոգանոցը։ Մինչեւ հիմա մարդկանց թվաքանակով էր բյուջեն հաշվվում, ինչը ազնիվ չէ։ Ամբողջ աշխարհում այս տարբերակը չի աշխատում։ 2015թ․ Գիտության պետական կոմիտեի կողմից ռեյտինգային ֆինանսավորման առաջարկություն է եղել կառավարությանը, բայց դա ինչ-ինչ պատճառներով չի անցել։ Եթե այն ժամանակ սա իրագործեինք, բավականին առաջ գնացած կլինեինք։ Հիմա լուրջ խնդիր է դրված մեր առաջ, որ որոշակի մակարդակի հասած եւ աշխարհում լուրջ վարկանիշ ունեցող գիտական հիմնարկների աշխատանքը չլինի ինքնաբուխ, այլ պետության, տնտեսության կողմից պահանջարկված խնդիրներ պետք է լուծեն։ Այդ իսկ պատճառով էլ ենթադրում ենք, որ Գիտության կոմիտեում պետք է լինեն կառուցվածքային փոփոխություններ, ունենալու ենք պետական պատվերի բաժին, որը պետք է աշխատի տարբեր նախարարությունների հետ։ Դա կբերի նրան, որ գիտությանը տված արդյունքը կլինի նպատակային, այս կամ այն խնդիրը կլուծվի»,- ասաց Սամվել Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում ունենք գիտնական, որի հաշվակտորը արժե 74։ Եվ պարզվեց, որ այդ մարդը Գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալն է։ Գիտության ծերացմանն էլ անդրադարձ եղավ․ 65-ից բարձր տարիք ունեցող գիտնականները կազմում են ընդհանուրի 25 տոկոսը։ Այդ թիվը, սակայն, տարեցտարի պակասում է նրանց մահվան պատճառով։ Սամվել Հարությունյանը հիշեց, որ երբ 2007-2008թթ․ ստեղծվեց Գիտության պետական կոմիտեն, ինքն եղել է ակտիվ աշխատող գիտնականներից մեկը եւ ստացել է 35 հազար դրամ աշխատավարձ։ Իսկ այսօր եթե լիներ գիտության մեջ, կստանար 600 հազար դրամ։