Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է սոցցանցերի ապագայի իր տեսլականը

Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է սոցցանցերի ապագայի իր տեսլականը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ բաշխիչ ռեեստրի տեխնոլոգիան կարող է համացանցի օգտատերերին հնարավորություն տալ հասանելիություն ունենալ տարբեր ծառայությունների հանդեպ միասնական օգտահաշվի միջոցով։ Բլոքչեյնի բազայի վրա նոր լուծումը կարող է դառնալ «Ֆեյսբուքի» միասնական մուտքի տեխնոլոգիայի համար լուրջ մրցակից։ «Ես դեռեւս չեմ մտածել դրա հստակ մեխանիկան, սակայն կարծում եմ, որ բլոքչեյնը կարող է գործարկվել տարբեր ծառայությունների նույնականացման համար։ Դա նշանակում է, որ հրաժարվում ենք Facebook Connect-ից իսկական ապակենտրոնացման օգտին»,- Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Զիտրեյնի հետ զրույցում ասել է Ցուկերբերգը։

Նա մանրամասնել է, որ համացանցի նման օգտագործումը հնարավորություն կտա օգտագործողներին խուսափել ամեն տեսակի միջնորդներից եւ կորպորացիաներն էլ հնարավորություն չեն ունենա կտրելու հոսքերը։ «Ֆեյսբուքի» հիմնադիրը նաեւ նշել է, որ այն ժամանակ, երբ օգտատերերը կկարողանան իրենք տնօրինել իրենց տվյալները, ապա այլեւս կարիք չի լինի անձնական տվյալների արտահոսքի մասին մտածելու։