Բարեգործությո՞ւն, թե՞ խարդախություն․ ոստիկանությունը լուրջ անելիքներ ունի

Բարեգործությո՞ւն, թե՞ խարդախություն․ ոստիկանությունը լուրջ անելիքներ ունի

Օրեր առաջ, հուլիսի 6-ին, Երեւանի կենտրոնում՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության կամավորներն ու բնապահպանները դրամահավաք էին կազմակերպել՝ ի աջակցություն Ամուլսարի պահապանների։ Որոշ ժամանակ անց, սակայն, երբ դրամահավաքն արդեն մոտենում էր ավարտին, կազմակերպիչներին մոտեցել են ոստիկաններ եւ պահանջել են դադարեցնել դրամահավաքը՝ նշելով, որ դրա համար բնապահպանները չունեն համապատասխան թույլտվություն։

Իսկ Աննա Շահնազարյանին էլ բերման էին ենթարկել ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն։
ՀՀ ոստիկանությունն էլ իր հերթին, մեկ օր անց՝ հուլիսի 7-ին,  պարզաբանել էր․ «Հուլիսի 6-ին,  ժամը 21.40-ի սահմաններում, պարեկային ոստիկանները Արամ Խաչատրյանի արձանի մոտ նկատել են դրամահավաքությամբ զբաղվող մի խումբ անձանց։ Նրանցից Աննա Շահնազարյան ներկայացած անձը հայտնել է, որ դրամահավաքն իր նախաձեռնությամբ է։ Քաղաքացին ոստիկաններին չի ներկայացրել նման գործունեություն ծավալելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ կամ թույլտվություն, ուստի խարդախության կասկածանքով ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ Համապատասխան ստուգումներից և անհրաժեշտ պարզաբանումներից հետո Աննա Շահնազարյանը բաց է թողնվել»։
Աննա Շահնազարյանի հարցով զբաղվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ հրավիրելով քննարկում։ 

Հուլիսի 7-ին ՄԻՊ-ը տարածել է հայտարարություն, որում, ի մասնավորի, նշված է․ «Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած քննարկման շրջանակում առաջնահերթ կարգով կապ է հաստատվել Աննա Շահնազարյանի հետ: Նա Պաշտպանին հասցեագրած գրավոր բողոքով հայտնել է, որ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողները չեն ներկայացրել իրեն արգելանքի վերցնելու, այն է՝ ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, իր դատավարական կարգավիճակը, դրանից բխող իրավունքները: Աննա Շահնազարյանի պնդմամբ՝ Ոստիկանության ծառայողներն անհիմն առգրավել են ակցիայի մասնակիցների գույքը (պաստառ, սեղան, աթոռ, թռուցիկներ), ինչպես նաև հանգանակված ողջ գումարը: Աննա Շահնազարյանի ձևակերպմամբ՝ Ոստիկանության ծառայողներն իրեն հայտնել են, որ ինքը ոչ թե բերման է ենթարկվել, այլ խարդախության կասկածանքով ներկայացվել է Ոստիկանության բաժին:
Աննա Շահնազարյանի պնդմամբ՝ Ոստիկանությունն այս գործողություններով խոչընդոտել է իր հասարակական գործունեությանը:

Ներկայում ձեռք բերված բոլոր տեղեկություններն, այդ թվում՝ Աննա Շահնազարյանի գրավոր բողոքի հանգամանքներն ամփոփվել են Պաշտպանի աշխատակազմում: Բարձրացված հարցերի կապակցությամբ համապատասխան պարզաբանումների պահանջով ու կոնկրետ հարցադրումներով գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանություն»:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ  Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեցինք, թե երբ են պատասխանելու ՄԻՊ-ին։
«Երբ պատասխանը պատրաստ լինի՝ կտեղեկացնեմ»,- արձագանքեց նա։ 
Այս միջադեպը առիթ տվեց մտորելու մի այլ՝ ոչ պակաս կարեւոր հարցի մասին։ Հատկապես երեկոյան ժամերին Հյուսիսային պողոտայում եւ Երեւանի կենտրոնական ու բանուկ այլ փողոցներում,  փոքրիկ արկղը ձեռքին, պատահական անցորդներին են մոտենում տարբեր մարդիկ՝ տեղեկացնելով, որ քաղցկեղով հիվանդ երեխաների համար գումար է անհրաժեշտ, դրամահավաք են կազմակերպում։ Անցորդներն էլ մուծում են որոշակի գումար։ Որքանո՞վ է հավաքված գումարը ծառայում իր նպատակին՝ անհայտ է։ Ինչպե՞ս պարզել՝ արդյոք գումարը հավաքվում է իրոք հիվանդ երեխաներին բուժելու նպատակով, թե՞ սովորական դրամաշորթություն է։ 

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն  այս առթիվ նշեց հետեւյալը․ «Եթե անձը իր հեղինակությամբ փորձում է զբաղվել բարեգործությամբ եւ ասում է, որ դրամահավաք է կազմակերպում որոշակի նպատակի համար, սակայն դա չի ծառայում իր նպատակին, այդ դեպքում կան ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ։ Կան խարդախության, այլ տարրեր։ Իսկ մուրացկանությունը չի կարելի կապել դրամահավաքության հետ»։

Միաժամանակ փաստաբանը նշում է, որ ցանկացած լրագրող կարող է հետաքրքրվել, կարող է պահանջել երեխայի հիվանդության պատմությունը, տեղեկություն հաշվեհամարի մասին, եւ եթե պարզվի, որ տեղի է ունեցել խաբեություն, ապա գործ ունենք խարդախության հետ։ 
«Ո՞վ պետք է պահանջի այդ տվյալները»,-հետաքրքրվեցինք Տիգրան Հայրապետյանից։
«Շատ տեղին հարց է։ Այդ երեւույթը ավելի է տարածվում։ Ամենայն հավանականությամբ՝ ոստիկանությունը ամենահարմար կառույցն է։ Եթե կան խարդախության տարրեր, ապա դա մտնում է ոստիկանության կամ քննչական մարմինների գործառույթների մեջ։ Մենք շատ ոլորտներ ունենք, որտեղ իրավապահ մարմինները պետք է որոշակի ծառայություններ իրականացնեն, դա իրենց պարտականությունն է։ Պետք է հետեւել, տեսնել, թե տարբեր վայրերում կազմակերպված դրամահավաքները բարեգործությո՞ւն են, թե՞ խարդախություն»,- արձագանքեց փաստաբանը։