Պարոն Թաթոյան, խնդրում եմ անհապաղ միջամտել․Հայկ Ալումյան

Պարոն Թաթոյան, խնդրում եմ անհապաղ միջամտել․Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին դիմեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ասելով․ «Հարգելի պարոն Թաթոյան, խնդրում եմ անհապաղ միջամտել, տեղի է ունենում բացահայտ ու կոպիտ խախտում»։ 

Նա ներկայացրեց, որ հունիսի 25-ին՝ վերաքննիչ դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշումից 2 օր հետո՝ հունիսի 27-ին, կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու միջնորդություն են ներկայացրել, սակայն դատարանը 13 օր է՝ չի քննում միջնորդությունը։ Այն ներկայացվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

«Ամենակոպիտ կերպով խախտվում է մարդու իրավունքը․ գրավի դիմաց ազատ արձակվելու, դատարան միջնորդություն ներկայացնելու և այն քննության առնելու հետ կապված»,- ասաց Հայկ Ալումյանը։

Նա նշեց, որ քննության չառնելու պատճառաբանումը հետևյալն է․ 1-ին ատյանի դատարանը պատճառաբանում է, թե, իբր, չի կարող այս միջնորդությունը քննարկել, որովհետև գործը դեռևս գտնվում է վերաքննիչ դատարանում, վերաքննիչ դատարանն էլ պատճառաբանում է, որ չի կարող գործն ուղարկել առաջին ատյանի դատարան, քանի դեռ բողոքարկման ժամկետը չի լրացել։

«Ասեմ, որ իմ սեփական գնահատականներով, որոնք, իհարկե, հիմնված են օրենքի վրա, երկու փաստարկներն էլ ոչ մի ընդհանուր բան չունեն օրենքի հետ»։ Ալումյանը նշեց, որ Քրեական դատավարության 102-րդ հոդվածը նախատեսում է, որ քրեական դատավարության ընթացքում միջնորդություններն ու պահանջները քննվում են անհապաղ։ Արվում է երկու բացառություն։

Եթե միջնորդությունը ներկայացվում է ոչ ժամանակին, այն թողնվում է առանց քննության՝ կրկին դատարանի որոշմամբ, եթե միջնորդությունը լուծելու համար անհրաժեշտ է հետազոտել որոշակի նյութեր, ապա միջնորդությունը կարող է հետաձգվել, մինչև այս նյութերը ձեռք բերվեն և հետազոտվեն։ Նորից՝ դատարանի որոշմամբ։

«Սա ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ դեպքն է։ Այս միջնորդությունը պետք է քննվեր անհապաղ։ Սակայն եթե անգամ չի  քննում, էլի որոշում պետք է կայացնի և մեջը հիմնավորի։ Դատավոր Արմեն Դանիելյանը, քննությունը ցույց տվեց, արել է ամեն ինչ, որպեսզի հնարավորին չափ շատ խախտի Ռոբերտ Քոչարյանի իրավունքները»,- ասաց Հայկ Ալումյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը հայտարարեց նաև, որ այն պարագայում, երբ Սահմանադրական դատարանում օգոստոսի 29-ին քննվելու է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, կալանավորում խափանման միջոցը չի կարող լինել։