Անտրամաբանական էր նաեւ ԱԺ լռությունը

Անտրամաբանական էր նաեւ ԱԺ լռությունը

ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անտրամաբանական է համարում  սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, որը ենթադրում է ՀՀ քաղաքացիներին Արցախում ընտրվելու իրավունքի վերապահում՝ առանց կանոնակարգելու նրանց ընտրության իրավունքի հարցը: 

Նա համարում է, որ նախաձեռնությունը խնդիրներ ունի ԱՀ սահմանադրության առաջինից չորրորդ՝  անփոփոխելի հոդվածների հետ եւ ասում, որ գաղափարը նաեւ չի տեղավորվում ԼՂ կարգավորման բանակցությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական գծի մեջ:

«Հասկանալի է, որ նախաձեռնողների կողմից ամեն ինչ արվել է առաջարկն այնպես ձեւակերպելու համար, որ էմոցիոնալ արձագանքների պակաս չլինի, սակայն նման նախաձեռնությունները լուրջ կորուստների կարող են հանգեցնել ճանաչման ձգտող սուբյեկտի՝ Արցախի Հանրապետության համար»- ամփոփում է Արցախի խորհրդարանի խոսնակը:

Ըստ երեւույթին, Արցախի Ազգային ժողովում վերջապես հասկացել են, որ ներքաղաքական իրավիճակի համար պատասխանատվությունը բացառապես ծանրացած է իրենց ուսերին: Ի վերջո՝ խորհրդարանը պիտի որոշի՝ հարցը դրվում է հանրաքվեի՞, թե՞՝ ոչ:

Այս իրավիճակում լռությունն այլեւս ոսկի չէ: Արտառոցն այն է, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության ստորագրահավաքն արդեն մեկ ամսից ավելի է՝ ընթացքի մեջ է, բայց խորհրդարանի խոսնակի մակարդակով տեսակետ նոր է հնչում:  

Մի՞թե նրան ի սկզբանե տեսանելի եւ հասկանալի չէր, որ փոփոխությունների առաջարկվող նախագիծը հակասում է ԱՀ սահմանադրության առաջին հոդվածին: Որ անկախ  եւ ինքնիշխան, իրավական պետության բարձրագույն պաշտոնի հավակնորդ չի կարող լինել այլ, թեկուզեւ եղբայրական, երկրի քաղաքացին:

Որ այդ նախագիծը նաեւ շոշափում է Հայաստանի ինքնիշխանությունը, քանի որ՝ ինչ իրավունքներ ունի ՀՀ քաղաքացին՝ սահմանված են այդ երկրի սահմանադրությամբ: Որ Արցախի սահմանանդրությունը չի կարող իրավունքի նորմ սահմանել ՀՀ քաղաքացու համար: Որ ստորագրահավաքի էմոցիոնալ բաղադրիչը՝ Արցախի եւ Հայաստանի միավորման քարոզչությունը, սոսկ ծխածածկույթ է:

Խորքում առկա է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություն:  Որ եթե անգամ Արցախում այդ փոփոխություններն ընդունվեն, միեւնույն է՝ ՀՀ քաղաքացին չի կարող ԱՀ նախագահի թեկնածու առաջադրվել, քանի որ Հայաստանի սահմանադրությունն իր քաղաքացիներին ընտրելու եւ ընտրվելու իրավունք տալիս է բացառապես իր իրավազորության տարածքում:

Արցախի Ազգային ժողովը, որպես ժողովրդի ներկայացուցչական բարձրագույն մարմին, պարտավոր էր հանդես գալ համապատասխան հայտարարությամբ, դիմել քաղաքացիներին եւ հորդորել, որ չներքաշվեն արկածախնդրության մեջ:

Այստեղ սահմանադրությունը եւ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը հարգելու  խնդիր չկար ի սկզբանե: Մինչդեռ Արցախի խորհրդարանը գերադասեց խորհրդավոր լռություն պահպանել: Այնքան ժամանակ, մինչեւ արդեն անգամ ոզնուն պարզ դարձավ, որ գործընթացը մտել է վտանգալի հուն: Որ մեծ է ներքին անկայունություն սադրելու հավանականությունը: Այս դեպքում արդեն հստակվում է ոչ թե խորհրդարանի, այլ՝ պատկան մարմինների անելիքը: Բայց դա Ազգային ժողովի վրայից չի հանում հնարավոր բարդությունների համար  պատասխանատվությունը: