Մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր «սարեր շուռ տալ»

Մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր «սարեր շուռ տալ»

1990-95 թթ․ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Hraparak.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց գլխավոր ձեռքբերումը ընտրությունների անցկացումն է։ 

«Կարծում եմ, որ որեւէ մեկը չի տարակուսում, որ թե՛ Երեւանի ավագանու, թե՛ Ազգային ժողովի ընտրությունները մաքուր էին։ Այն գռեհիկ, այլասերված երեւույթները՝ ընտրակաշառք, հեղինակություններ, թաղի խուժան, վարչական ռեսւորսի կիրառում եւ այլն, չկային։ Մենք տեսանք, որ կարելի է անցկացնել նորմալ ընտրություններ։ Կարեւոր է, որ դա դառնա ավանդույթ, եւ այսուհետ ընտրությունները միայն նման ձեւով անցկացվեն։ Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ իշխանությունը դիտարկվում էր որպես իշխանավորի կյանքը դասավորելու միջոց։ Այսինքն՝ գործում էր հետեւյալ սկզբունքը՝ փող-իշխանություն, ավելի շատ իշխանություն՝ ավելի շատ փող, որի անունն էր կոռուպցիա։ Ակնհայտ է, որ այսօր իշխանական վերնախավը զերծ է այդ երեւույթից, դա խնդիր է, որը պետք է պահպանել ու խորացնել եւ տարածել կառավարման բոլոր շերտերի վրա։

Դա, անշուշտ, ժամանակ կպահանջի, բայց լուրջ ձեռքբերում է։ Երրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ սկսում է աշխատել նոր որակի խորհրդարան՝ իր թերություններով հանդերձ։ Ակնհայտ է, որ այս խորհրդարանն իդեալական չէ, բայց բոլոր դեպքերում ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները չեն կրում ձեւական բնույթ։ Ե՛վ իշխող մեծամասնությունը, եւ՛ ընդդիմությունը ազատ գործում են, եւ այդ համագործակցությունն ավելի լուրջ որակներ կտա, քան ունեցել ենք խորհրդարանի պրակտիկայում»,- նշեց Վիգեն Խաչատրյանը։
Հարցին, թե նորմա՞լ է, որ կառավարող քաղաքական ուժը ստացել է մինչեւ 70 տոկոս քվե։
«Հաշվի առնելով այն այլասերվածության աստիճանը, որը խորացել էր կառավարման համակարգում, այդպիսի իշխանության դեմ հանդես եկած քաղաքական ուժի ստացած այդքան տոկոս քվեները օրինաչափ են։ Մենք պետք է խոսենք ոչ թե տեսականորեն, այլ ելնելով  կոնկրետ իրավիճակից։ Այդ իրավիճակում նման ցուցանիշը նորմալ ցուցանիշ էր։ Անսպասելի բան դրանով տեղի չի ունեցել։ Անսպասելին իշխանության՝ ասպարեզից հեռանալն էր, ինչին շատերը չէին հավատում։ Եվ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հասարակությունը համոզվեց, որ կարող է ձեւավորել իշխանություն»,- կարծում է Վիգեն Խաչատրյանը։

Բացթողումների մասին նա վաղաժամ է համարում խոսելը, քանի որ մեկ տարվա ընթացքում, ըստ մեր զրուցակցի, հնարավոր չէր «սարեր շուռ տալ» եւ բոլորին զարմացնել հաջողություններով։ 
«Կան բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Այն իրավիճակում, որում ձեւավորվեց նոր իշխանությունը, պետք է հնարավորություն տանք, որ իրենք իրենց սխալներն ուղղելով առաջ գնան։ Սխալները շատ են, դրանք անխուսափելի են, բայց կոպիտ վրիպումներ չեմ տեսնում»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։