Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց․ ինչո՞վ են զբաղված արտախորհրդարանական ուժերը

Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց․ ինչո՞վ են զբաղված արտախորհրդարանական ուժերը

Մեկ տարի առաջ, ապրիլի 23-ին, Հայաստանի երրորդ նախագահ, իսկ  ապրիլի 17-ից վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանն արտաբերեց իր թեւավոր դարձած խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի, եւ հրաժարական ներկայացրեց։ Հայաստանի քաղաքացիների ցնծությունը, ոգեւորությունը, հրճվանքն ու սպասումները լավագույնս արտահայտված են այդ օրերի լուսանկարների, ռեպորտաժների քրոնիկոնում։  Ապրիլի 23-ը, ուզենք թե չուզենք, նոր էջ բացեց 20 տարուց ավելի իր ընտրական իրավունքի համար պայքարող, սակայն ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հարցում անզոր գտնված Հայաստանի քաղաքացիների կյանքում։ 
Քաղաքագետները, վերլուծաբաններն անցած ամիսների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել՝ վերլուծելու թավշյա հեղափոխության բերած փոփոխությունները, կառավարության ձեռքբերումներն ու ձախողումները։

Թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարությունը որքան հիացմունքի, ոգեւորության, դրական սպասելիքների հույսեր է ներշնչել, նույնքան էլ արժանացել է անողոք քննադատության իր տարբեր վրիպումների պատճառով։

Մենք քանիցս անդրադարձել ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը քննադատում են մամուլը, հասարակական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, մեկ էլ՝ նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք ռեւանշի են ձգտում։ Խնդիրն, իհարկե, քննադատությունը չէ միայն, այլ տարբեր ոլորտներում փոփոխությունների հասնելու համար ծրագրեր ներկայացնելը։ 

Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ավտորիտար եւ կիսաավտորիտար բնորոշված իշխանության տարիներին էլ գործում էին մի քանի տասնյակ կուսակցություններ։ Այլ հարց է, թե նրանք իրականում որքանով էին համապատասխանում կուսակցության մասին ընդունված պատկերացումներին, չափանիշներին, որքանով էին նրանց գաղափարախոսությունները տարբերվում միմյանցից, ինչ նպատակներ ու խնդիրներ էին հետապնդում։ Եթե ոչ մի քանի տասնյակը գերազանցող, սակայն տարբեր գաղափարախոսություններ եւ ծրագրեր ունեցող կուսակցությունների գոյությունն անհրաժեշտ է նաեւ հետհեղափոխական Հայաստանում։ Եվ հենց հստակ գաղափարախոսություն դավանող ուժերը կարող են լինել ներկա կառավարությանն այլընտրանք, ծրագրեր ու լուծումներ առաջարկելով կանխել նախկին իշխանությունների ռեւանշիստական հավակնությունները։ 
Դատելով անցած մեկ տարվա ընթացքում արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի հրապարակային գործունեությունից, հարցազրույցներից՝ փորձենք հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք, ապագայում ինչպիսի քաղաքական գործունեություն են ծավալելու։
Վերջին շրջանում առավել  ակտիվ է «Ժառանգություն» կուսակցությունը, որը վերջերս կայացած   համագումարից հետո հանդես է գալիս նոր ղեկավար կազմով։ «Ժառանգությունը», ըստ ամենայնի, փորձում է հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, սակայն, հեռու մնալով եւ չասոցացվելով ռեւանշի ձգտող նախկինների հետ։ 

Հոդվածներով, հարցազրույցներով պարբերաբար հանդես է գալիս նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ հիշեցնելով իր երկարամյա  ընդդիմադիր պայքարի փորձը։ Մակեյանը փորձում է իր խորհուրդներով օգտակար լինել նոր իշխանություններին, միաժամանակ քննադատում է սխալ կադրային նշանակումները։ 
Հայաստանի ժողովրդական կուսակցությունն անցած մեկ տարվա ընթացքում միայն ողջունել է թավշյա հեղափոխությունը եւ  հանդես է եկել գործող իշխանություններին ամեն կերպ սատարելու, աջակցելու մասին հայտարարություններով։ Սխալների եւ բացթողումների մասին նրանք խոստանում են հայտարարությամբ հանդես գալ դրանք նկատելուն պես։ 

Նույն քաղաքականությունն է որդեգրել նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը, որը կառավարությունում ներկայացված է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանով։
Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ԶԼՄ-ներում պարբերաբար հանդես է գալիս հարցազրույցներով, ներկայացնում սեփական դիրքորոշումները երկրում տեղի ունեցող առանցքային իրադարձությունների մասին։

«Հայոց համազգային շարժում» կուսակցությունը հետհեղափոխական Հայաստանում մասնակցեց Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ այդ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարելուց հետո քաղաքական ակտիվության ոչ մի նշույլ չի ցուցաբերում։ 
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը եւս ողջունեց թավշյա հեղափոխությունը, որի համար պայքարել էր տարիներ շարունակ։ Իսկ անցած մեկ տարվա ընթացքում ՀԱԿ-ը հանդես է եկել տնտեսության, ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներին վերաբերող առաջարկներով։ Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների  մասին անցյալին վերաբերող տեղեկատվությանն ամբողջական տիրապետելը, այդ հարցում ձեռք բերած փորձը՝ ՀԱԿ-ը ներկայացնում է նաեւ իր առաջարկները։ ՀԱԿ-ը, հիշեցնենք, ժամանակին հայտարարել էր, որ ինքը սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությանը դավանող ուժ է։
Կստանա՞ն բոլոր այդ նախաձեռնություններն ու առաջարկները իստիտուցիոնալ ձեւակերպում, թե՞ ոչ, կերեւա մոտ ապագայում։