Ընդդեմ խաղային բիզնեսի

Ընդդեմ խաղային բիզնեսի

Իշխող ուժն առաջիկայում հերթական «ցավոտ» նախաձեռնությամբ հանդես կգա․ քայլն ուղղված է շահումով խաղերի եւ բուքմեյքերական ընկերությունների դեմ։

Օրերս«Իմ քայլը» խմբակցությունը նիստեր է անցկացրել, որոնք տեւել են մի քանի ժամ, քննարկել են 2 օրենսդրական նախաձեռնություն, որոնց մասին հայտնի դարձավ դեռեւս անցած տարեվերջին։ Մեկն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ ընդդեմ խաղամոլության ձեռնարկն է, մյուսը՝ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի՝ «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների՝ արդեն շրջանառության մեջ գտնվող նախագիծը։ Այս օրենսդրական նախաձեռնություններով սահմանափակումներ են մտցնում խաղային բիզնեսում։ Մասնավորապես, որ մարդիկ այլեւս չեն կարողանալու կանխիկ գործարքներով խաղադրույքներ կատարել՝ ունենալով միայն համակարգչով կամ պլանշետով, հեռախոսով առցանց տարբերակով խաղադրույք կատարելու հնարավորություն։

Օրենքը կտարածվի նաեւ ինտերնետ-սրճարանների վրա՝ պարտադրելով, որ նրանք իրենց համակարգիչներով սահմանափակեն ինտերնետ հասանելիությունը դեպի առցանց խաղատների կայք։ Այս նախագծի շահառուն կլինի հասարակությունը, «տուժողը»՝ բուքմեյքերական ընկերությունները, մասնավորապես՝ «Գուդվինը», «Վիվառոն», «Տոտոն», «Եվրոֆուտբոլը»։

Հրաչյա Հակոբյանի  նախաձեռնությունն էլ վերաբերում է այդ կազմակերպությունների գովազդի սահմանափակմանը, հատկապես՝ լրատվամիջոցներում։ Խմբակցությունում ողջունել են գործընկերների մտադրությունը եւ մոտ ապագայում նախագծի տեսքով կուղարկեն կառավարություն։