Փորձ է արվում լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել և թանկացնել նախագծման գործընթացը                                                                 

Փորձ է արվում լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել և թանկացնել նախագծման գործընթացը                                                                 

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ  ՊԱՐՈՆ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
     Ինչ է փոփոխվել և ինչ դրական բարեփոխումներ կամ քայլեր են իրականացվել թավշյա հեղափոխությունից հետո քաղաքաշինության բնագավառում: Հարկ է նշել, որ այդ բարեփոխումները ներկա դրությամբ անհրաժեշտ են,  քանի որ նախկին որոշակի դիրք ունեցող անձանց կամայականության և անհիմն ներգործության հետևանքով փոփոխվել և աղավաղվել է ՀՀ Քաղաքաշինության մասին օրենքը, վերջին ժամանակահատվածում կատարելով փոփոխություններ նաև բնագավառի հետ առընչվող օրենսդրական դաշտում:  
 

    Ներկա դրությամբ ընդունվել և թողնվել է անփոփոխ մի կանոնակարգ, որը տարիներ շարունակ գործել և շարունակվում է գործել, կիրառելով այն տարբեր ծավալի իրականացվող քաղաքաշինական գործունեության վրա: Հատկանշական է այն, որ մինչ օրս փորձ չի արվում դրանք վերանայելու ուղղությամբ: 
 

 Այդ անգործության արդյունքում տարբեր ծավալի կառուցապատման աշխատանքների իրականացման համար սահմանվել են նույն քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթը: Այսինքն, բազմաֆունկցիոնալ համալիրների, բազմահարկ բազմաբնակարան շենքերի կառուցման, ինչպես նաև անհատական բնակելի տների, նրանց կից օժանդակ կամ փոքրածավալ շինությունների կառուցման համար պատվիրատուն /կառուցապատողը կամ հիմնանորոգում իրականացնողը/ պետք է անցնի փաստաթղթերի ձեռք բերման նույն ճանապարհը: Նույնիսկ, ըստ սահմանված կարգերի բնակելի տներում և բնակարաններում առանց կոնստրուկտիվ միջամտության վերահատակագծման` միջնորմների տեղադրումը պահանջում են շինարարության թույլտվություն, դրան նախորդող և հաջորդող փաստաթղթերը: 
 

  Այսինքն ցանկացած ծավալի աշխատանքների իրականացման քաղաքաշինական փաստաթղթերի ձեռք բերումը առնչվում է համապատասխան վարչական մարմնի կողմից փաստաթղթերի տրամադրման հետ, որը հիմնականում կապված է լինում այս կամ այն ղեկավարի կողմից կամայականության և արհեստական քաշքշուկների առաջացման հետ: Հատկանշական է, որ խոչնդոտներով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրումը զուգորդվում է նաև ինժեներական, այլ օժանդակ և «հսկող» ծառայությունների կողմից տարբեր արհեստական քաշքշուկներով, որոնք իրենց հերթին թելադրում են լրացուցիչ պայմաններ:  
 

  Արհեստական բարդություններ են ստեղծվում նաև շինարարության ավարտը փաստագրելու գործառույթներում:  Այսպիսով կառուցապատողին աջակցելու և օգնելու փոխարեն սկզբունքորեն կիրառվում է խանգարելու, արհեստական արգելքներ ստեղծելու և խոչնդոտելու գործելավոճը:
 

 Վերը նշվածից պարզ է դառնում, որ անհրաժեշտություն է առաջանում հիմնովին վերանայել, հստակեցնել և փոփոխել նախկինում ստեղծված անխափան գործող համակարգը: 
 

  Ներկայումս փոփոխվել են միայն ղեկավարները, թողնելով նախկին համակարգի հանգույցային պաշտոններում գտնվող ղեկավար անձանց, որոնք շարունակելով   զբաղեցնել պաշտոնը, կուրորեն անգործության պայմաններում կիրառում են նախկինում որդեգրած քաղաքականությունը:
 

 Անգործության արդյունքում ունենք նախագծային լիցենզիաների դադարեցում, որի հետևանքով նախագծային գործընթացը հանրապետությունում գտնվում է պարալիզացված վիճակում, այն դեպքում երբ լիցենցիաները տրամադրվել են անժամկետ: Այսինքն նախկինում տրամադրված լիցենզիաները, որոնք տրամադրվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության /հետագայում կոմիտեի/ կողմից դրվում են կասկածանքի տակ: Հետևաբար արդեն իսկ տրամադրված լիցենզիաները ենթակա են փոխարինման, ողջամիտ ժամկետի սահմանմամբ: Այսինքն ենթակա է կիրառման առկա լիցենզիաների հիման վրա նոր ձևաչափերով լիցենզիաների փոխարինման սկզբունքը, առանց լրացուցիչ պարտավորությունների և պայմանների: Հարկ է նշել նաև, որ ըստ մեզ հասած տեղեկությունների, նույնիսկ արդեն իսկ տրամադրված նոր ձևաչափի արտոնագրերը, որպես պատշաճ փաստաթուղթ որոշ պետական կառույցների կողմից չեն ընդունվում: 

     Այսպիսով լիցենզիաների փոփոխման գործընթացը փաստացի հայտնվել է փակուղում և նախագծող կազմակերպությունները, հետևաբար շինարարությունը շարունակում են կրել խոշոր չափերի վնասներ:  

       Ակնհայտ են նախագծային լիցենցիաների դադարեցման հետևանքով նախագծային կազմակերպություններին և շինարարությանը պատճառված խոշոր չափերի վնասների, հարկային մուտքերի նվազեցման փաստերը: Ակամա հարց է առաջանում, ով պետք է պատասխան տա արհեստական ստեղծված իրավիճակի և կազմակերպություններին պատճառված վնասների համար: 
 

   Հատկանշականը այն է, որ նախագծային կազմակերպությունների լիցենզիաների տրամադրման գործառույթը պարզեցնելու փոխարեն նոր կառավարության որոշմամբ, /տարվա վերջին/ նախագծման հիմնական լիցենզիաների դադարեցման ժամանակահատվածում, մասնատվել են տրամադրվող լիցենզիաների տեսակները:    
 

  Այսպիսով ամեն կերպ փորձ է արվում լրացուցիչ խոչնդոտներ ստեղծել և թանկացնել նախագծման գործընթացը, որը ուղիղ կապով առնչվում է կառուցապատողի գործունեության հետ: 

    Նախկին համակարգի մյուս օրենսդրական քայլերից է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչության լուծարումն է, որի հետևանքով խոչնդոտվել և դադարեցվել է տարբեր ծավալի շինարարության ավարտի փաստագրման գործառույթը: Այն պարզեցնելու փոխարեն շինարարության ավարտի փաստագրման գործառույթում կառուցապատողին պարտավորեցվել է իր կողմից ստեղծվող հանձնաժողովի կազմում անկախ շինության ծավալներից, ներգրավել նորաստեղծ կառույցի` ՀՀ պետական հակահրդեհային և քաղաքաշինական մարմնի ներկայացուցչին: Այսպիսով կրկին անտեսելով իրականացված շինարարության ծավալները և չափը, արհեստականորեն ստեղծվել է կախվածության հաղթահարման նոր կառույց: Ակամա հարց է առաջանում ինչ նպատակ է հետապնդում փոքրածավալ շինությունների, բնակելի տների շինարարությունը փաստագրելու հանձնաժողովում ներգրավել նաև այդ նորաստեղծ ՀՀ պետական հակահրդեհային և քաղաքաշինական մարմնի ներկայացուցչին:

   Ակնհայտ է քաղաքաշինության հետ առընչվող հարցերը և դրանց հետ կապված խնդիրները զգալի արտահայտվում են Երևան քաղաքի քաղաքաշինական իրավիճակի և վերջինիս կողմից իրականացվող գործառույթների վրա:   

    Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության բնագավառի գործառույթներին  և կատարված փոփոխություններին հարկ է նշել, որ կրկին փոփոխվել են միայն ղեկավարները, իսկ համակարգի հանգույցային պաշտոններում ղեկավարներ թողնվել են նույն անձիք: Դրա հետևանքով կիռառվում է նախկինում գործող աշխատաոճը, որը զուգորդվում է բացահայտ կամայականության դրսևորմամբ:     

   Հատկանշականը այն է, որ վերջիններս իրավունք են վերապահում հարցերը լուծել միանձնյա, ըստ իրենց ցանկության առանց հարցերի մասնագիտական վերլուծության, քաղաքացիների հայտերը փակելով քաղաքաշինական տեսակետից անհիմն պատասխաններով: Այլ կերպ հնարավոր չէ քանի որ, ինչպես նշվեց քաղաքաշինության հարցերով զբաղվով մասնագիտական կառույցները հագեցված են բնագավառի հետ առնչություն չունեցող անձանցով, կան դիլետանտ մասնագետներով: 
   

 Այստեղ բացակայում է վերահսկողության և պատասխանների օբյեկտիվությունը գնահատելու գործոնը: Հնուց եկած աշխատավոճի համաձայն գնահատականը տրվում է հենց որոշում կայացնող կառույցների կողմից: 
 

Արդյունքում անհիմն պատասխանների, ինչպես նաև արհեստական խոչնդոտների  համար որևէ մեկը պատասխան չի կրում: Հատկանշական է վերադաս վերահսկող կազմակերպությունների գործելավոճը, ըստ որի այս կամ այն խախտման դեպքում բողոքները ուղղորդվում են հենց խախտում իրականացված կառույցին: Այսինքն վերադաս և վերահսկող կազմակերպությունը, վերափոխվում են բողոքները վերամակագրող կառույցի: Ակնհայտ է, որ վերջինս կրկին առընչվում է նշված կառույցներում համապատասխան մասնագետների պակասի կամ բացակայության հանգամանքով:    
   

Ակամա տպավորություն է ստեղծվում, որ այդ բողոքները նույնիսկ չեն ընթերցվում, հատկապես ծավալուն բովանդակության դեպքում և վերամակագրման հասցեատերը որոշվում է բովանդակության առանձին դրվագներից: 
 

 Արդյունքում նման անպատժելիության պայմաններում ծայրահեղությունը հասել է այն աստիճանի, որ ցանկացած ոք անկախ իր մասնագիտական ունակությունների կարող է զբաղեցնել և չի հրաժարվի այդ պաշտոնը զբաղեցնելու առաջարկություններից:  

  Հայտարարվել է, որ ցանկացած ինքնակամ շինության կառուցման փորձ կկանխվի, սակայն անդրադարձ չի կատարվում, թե ինչ պատճառով կառուցապատողը դիմում է նման քայլի: Շատ դեպքերում մասնավորապես տնամերձ հողամասերում այն կառուցապատողի կողմից իրականացվում է ստիպված, օրինական հայտերը անհիմն մերժելու հետևանքով: Հետևաբար յուրաքանչյուր դեպք ենթակա է առանձնահատուկ քննարկման: Անդրադառնալով քաղաքապետարանի տուգանքներ սահմանող հանձնաժողովների գործունեությանը հարկ է նշել, որ ներկա դրությամբ դրանք իրականացվում են փոքրաքանակ կազմով, առանց հաշվի առնելու և քննարկելու ներկայացված արձանագրության օրինաչափությունը և դրանց իրականացման պատճառները: Փաստացի դրանք հիմնականում դիտարկվում են և գործում են միայն գումարներ գանձելու տեսանկյունից: 
   

Հատկանշական է նաև այն, որ թվացող «խստությունների»  պայմաններում վերջին ժամանակահատվածում քաղաքի փողոցների մայթերում, սիզամարգերում զգալի ավելանում են և շարունակվում են ավելանալ գովազդները, բանկոմատները, ցուցանակները, ինչպես նաև առևտրի ոչ հիմնական շինությունները` վագոն տնակները, մեքենաները և այլ օբյեկտները: Դրանք ինչպես կանոն տեղադրվում են որտեղ պատահի` կամայականության սկզբունքով աղավաղելով փողոցները, մայթերը և կանաչապատման համար նախատեսված տարածքները: Դրանք հիմնականում տեղադրվում են ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվային  պահանջների խախտմամբ, վտանգելով հետիոտնի և ավտոմեքենաների երթևեկությունը: Ակնհայտ է, որ դրանց տեղադրման թույլտվությունների տրամադրման իրավունքը ոչ բոլորին է հասանելի: Դրա վառ ապացույցն է այն, որ մեր կողմից բարձրացված խախումը վերացնելու փորձ, ուղղորդվում է փակուղի և քողարկվում է անհիմն, վերացական պատասխաններով: 

    Հարկ է նշել, որ նման բնույթի, առաջին անհրաժեշտության առևտրի և սպասարկման ժամանակավոր, ոչ հիմնական շինությունների, կրպակների տեղադրումը և շրջիկ առևտրի իրականացումը բնորոշ է նորակառույց արբանյակ քաղաքների համար, որտեղ կառուցապատման հատակագծով նախատեսված առևտրի և սպասարկաման հիմնական կենտրոնների և այլ օբյեկտների շինարարությունը ետ է մնում բնակելի շենքերի կառուցումից: Իսկ կայացած քաղաքներում, արդեն իսկ ձևավորված քաղաքաշինական միջավայրում, դրանց տեղադրումը հիմնականում բացառվում է:    
   

 Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում սահմանափակել թվարկված օբյեկտների տեղադրումը և քաղաքաշինական տեսակետից վերանայելով արդեն իսկ տեղադրված օբյեկտների գտնվելու համապատասխանությունը:  
   

 Մի կարևոր հանգամանք, որը նույնպես տարիներ շարունակ անհիմն կարգով պարտադրվում է կառուցապատողին, դա հանաձայնեցման ներկայացվող նախագծերի օրինակների քանակն է, որը ներկայումս Երևանի քաղաքապետարանի կողմից հասցվել է 5 /հինգ/ օրինակի: Հարկ ենք համարում դրանց քանակը կրճատել 2 /երկու/ կամ առնվազն 3 /երեք/ օրինակի:  
 

Վերը նշվածից ելնելով առաջարկվում է Ձեր հանձնարարությունը համապատասխան իրավասու մարմիններին հնարավորինս կարճ ժամկետներում, վերացնել նախկինում անժամկետ տրամադրված լիցենզիաների գործունեության դադարեցումը: Իսկ նոր ձևաչափի տրամադրվող արտոնագրերը, անհրաժեշտության դեպքում տրամադրել առանց որևէ պայմանների և պարտավորությունների: Վերանայել և պարզեցնել տրամադրվող լիցենզիաների տեսակները: 
   

Շինարարության ավարտի փաստագրման մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգում հանձնաժողովի կազմից հանել արդեն իսկ լուծարված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինության պետական տեսչության տարածքային բաժնի ներկայացուցչին: Իսկ ՀՀ պետական հակահրդեհային և քաղաքաշինական մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ շինարարության ավարտի փաստագրումը  նախատեսել այն օբյեկտների համար, որոնց նախագծային փաստաթղթերը պահանջում են համալիր փորձաքննություն:   
   

Ինչպես նշվեց հրատապ անհրաժեշտություն է առաջանում վերանայել և պարզեցնել պարիսպների, այլ փոքրածավալ և օժանդակ շինությունների, անհատական բնակելի տների կառուցման համար նախատեսված գործառույթները: Միաժամանակ վերանայել շինարարության թույլտվություն չպահանջող շինարարական և վերանորոգման աշխատանքների ցանկը: 
 

Ասվածից կարևորում ենք ճիշտ կադրային քաղաքականության կիրառումը քաղաքաշինության բնագավառի հանգույցային պաշտոններում, փոխարինելով և վստահելով դրանք բանիմաց մասնագետներին, ազատելով համակարգը բնագավառի հետ առնչություն չունեցող անձանցից, կամ դիլետանտ մասնագետներից:

Արդյունքում պարզ է դառնում, որ քաղաքաշինական բնագավառը ենթակա է սկզբունքային և հիմնային վերանայման և կանոնակարգման, որը ենթակա է իրականացման համապատասխան քաղաքաշինական բնագավառի մասնագետների կողմից, կոլեգիալ սկզբունքով, որոնք դուրս կբերեն համակարգը առկա քաոսային և պարալիզացված իրավիճակից: 

Դրա հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջանում նաև անմիջական մասնագիտական հսկողություն սահմանել քաղաքաշինության բնագավառում իրականացվող գործառույթների օրինականության նկատմամբ, բացառելով կամայականության դեպքերը: Կիրառելով համակարգի հանգույցային պաշտոններ գբաղեցնող անձանց նկատմամբ, պատասխանատվություն կրելու գործոնը, կոռռուպցիայի ցանկացած դրսևորում կանխելու համար:  
Այդ կապակցությամբ խնդրում եմ քննարկել քաղաքաշինության բնագավառի հետ կապված վերը

նշված հարցերը, քանի որ խոսքը վերաբերում է տնտեսության կարևոր բնագավառի գործունեությանը, որոնց անհրաժեշտ է տալ շտապ լուծում և որը առկա անգործության պայմաններում հնարավոր է Ձեր անմիջական հանձնարարությամբ, սահմանելով համապատասխան հսկողություն: 

Միաժամանակ հայտնում ենք մեր կազմակերպության պատրաստակամությունը ներկայացված առաջարկությունների, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառի հետ կապված այլ հարցերի քննարկման համար:  
                       

Հարգանքներով` կազմակերպության նախագահ ճարտարապետ, փորձագետ                                  

Հ. Ավետիսյան