Թքած ունենալուց մինչև փաթթած ունենալը մեկ քայլ է

Թքած ունենալուց մինչև փաթթած ունենալը մեկ քայլ է

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ամենայն հավանականությամբ, հավատում է այն սեւեռուն ծրագրին, որ քաղաքի շենքերի տանիքներին ձեղնահարկեր են կառուցվելու, եւ մարդիկ այնտեղ բնակարաններ են ստանալու: Ճիշտն ասած` ես դեժավյու ապրեցի Մարությանի հայտարարությունից` «բնակարան են ստանալու»: Վերջին անգամ մարդիկ բնակարան են ստացել սովետի թվին, մեկ էլ աղետի գոտում: Եվ հիմա հանկարծ, պարզվում է` բնակարան ենք ստանալու Երեւանում: «Ստանալ» բառն այս դեպքում շատ մոգական է: Ձրի՞ եք տալու: Բայց մի հատ նաեւ պարզենք` ո՞ւմ եք տալու, կարիքավորների՞ն, թե՞… Այս հարցերը հստակեցվա՞ծ են: Հազիվ թե: Այդ նույն Հայկ Մարությանն ասում էր` տրանսպորտի հարց եմ լուծելու: Դե հիմա չստացվեց: Վերելակներն էր փոխելու եւ «ընդլայնելու»: Դա էլ չստացվեց: Գնաց մի տեղ ապօրինի շինարարություն դադարեցնելու` կռվի մեջ ընկավ, չստացվեց, Փաշինյանն ասաց` մեքենաների կմախքները հանեք բակերից, երեխաների համար խաղալու տեղ բացեք, դարձյալ ոչինչ չստացվեց: Իսկ օրերս մի քաղաքացի իր ֆեյսբուքյան էջում գրել էր` մեր բակում ամենակայուն բանը աղբակույտն է, որ չի վերանում: Մի քանի հազար հոգի «լայքել» էր այդ գրությունը: Փաստորեն, աղբն էլ չեն կարողանում տանել: Չի ստացվում:

Նոր Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բախվեցին հպարտ քաղաքացիներն ու ոստիկանները: Սկանդալի կենտրոնում դարձյալ Հայկ Մարությանն էր` քաղաքապետարանի մի անկապ որոշումով, որ Օպերայի շրջակայքի սրճարանները պետք է ապամոնտաժվեն: Կենտրոնի թաղապետը կանգնեց, հայտարարեց, թե դա ոչ թե սրճարան քանդել է, այլ Օպերայի բակը կառուցել: Բա որ կառուցում եք, ինչո՞ւ են մարդիկ բողոքում, ընկնում բուլդոզերի տակ: Եվ վերջապես, եթե մանսարդների կառուցումը պլանավորում եք սկսել քաղաքի 5-րդ ճակատից, ապա ինչո՞ւ սրճարանների կառուցումն ու կանաչապատումը նույնպես չեք սկսում այդ նույն ճակատում:  Չէ, եղբայր, իմ կարծիքով՝ ձեղնահարկերի կառուցման ժամանակ պետք է զգոն լինենք, միջոցներ ձեռնարկենք, որ հնարավոր բախումների ժամանակ շենքերի տանիքներից ցուցարարները ոստիկաններին գրկած չընկնեն ու ջարդուփշուր լինեն: ԱԻՆ-ի մարտական հաշվարկները ներքեւում պետք է 24-ժամյա հերթապահություն ապահովեն:

Իմ հարեւան Շմավոնն ասում է, որ Հայկոն Նիկոլի ձեռն էլ բռնած գա, թույլ չի տալու, որ իր բնակարանի վրա հարկ ավելացնեն: Ասում եմ` Շմավոն ջան, այս դեպքում չկա քանդման գաղափար, կա միայն կառուցման գաղափար: Հայկ Մարությանն ասել է, որ դա լինելու է կարգավորված, համակարգված աշխատանք` գլխավոր ճարտարապետի եւ քաղաքապետարանի ճարտարապետական բլոկի կողմից թույլատրված: Նույնիսկ Փարիզի օրինակն է բերել, որ համարվում է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը: Մարդիկ էլ նոր բնակարաններ կստանան, Շմավոն:

- Չէ, իմ բնակարանի տանիքը ես եմ նորոգել, իմ փողով: Այն ժամանակ ոչ ոք չասաց` Շմավոն, էդ ի՞նչ ես անում: Հիմա պետք է գան իմ գլխին բնակարա՞ն կառուցեն: Չեմ թողնի, պաժառ կտամ, մի Հայկո էլ կողքը կդնեմ:

Շմավոնի հետ, իհարկե, պետք է բացատրական աշխատանք տանել, բայց նա ընդամենը մեկն է Երեւանի ամենավերին հարկերում ապրողներից: Իսկ թե քանի Շմավոն կճարվի Երեւանում, շուտով կիմանանք կառավարության շենքի առջեւ հերթական միտինգից:

Մի հարց էլ կար, որի մասին կուզենայի տեղեկացնել մեր ռոմանտիկ քաղաքապետին: Օրերս Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել էր ընչազուրկների թեմային եւ, ի զարմանս աշխարհի, հայտնաբերել, որ Հայաստանում կան հազարավոր նպաստառուներ, որոնք հա՛մ նպաստ են ստանում, հա՛մ հարյուր հազարների եւ միլիոնների գործարքներ իրականացնում բանկերի հետ: Վարչապետը ճիշտ հարցադրում է անում` էդ ո՞նց են կարողանում նպաստառուները վարկեր մարել: Ավելին ասեմ, Հայաստանում նպաստառուներ կան, որ ավտոմեքենա են ներմուծում Հայաստան, նպաստառուներ կան, որ «միայնակ», իրենց փոքրիկ բնակարանում մի ամբողջ շենքի չափ հոսանք ու գազ են օգտագործում եւ բարեխղճորեն վճարում դրա համար: Բայց, ի զարմանս մեզ, Նիկոլ Փաշինյանը մոռացավ նշել այն դեպքերը, երբ իրական նպաստառուին հանիրավի զրկել են «Փարոսից», կտրել այս կյանքի հետ նրանց կապող վերջին բարալիկ թելն անգամ: Հիմա որ ասեմ, էլի թթվելու են, թե մամուլը մեր մասին վատն է գրում: Հրապարակում էինք արել այդպիսի մի դեպքի մասին: Խարխուլ տունը (կացարանը) փլվել է նպաստառուի վրա:

Նրան էվակուացրել են այդ տնից, տեղափոխել համեմատաբար ապահով մի անկյուն: Սոցապից եկել տեսել են, որ նպաստառուն ավերակների տակ չէ, իսկույն «Փարոսը» կտրել են: Հայաստանում կոռուպցիան վերացել է եւ վերջ: Նպաստառուն դադարում է նպաստառու լինել, եթե չի ապրում իր տան փլատակների տակ: Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից «Հրապարակի» ահազանգով եւ նպաստառու Ամալյա Մելքոնյանի` քաղաքապետին գրած դիմումի հետքերով եկան Նոր Արեշի 54 տուն, նկարեցին ինչ կար-չկար ու մեկ էլ Ամալյա Մելքոնյանին տեղեկացրին, որ ոչինչ անել չեն կարող, ոչ մի օգնություն տրամադրել չեն կարող, փող չկա, հնար չկա, բան չկա:

Պարոն Հայկ Մարության, Էրեբունու վարչական ղեկավարի համապատասխան եզրակացությունը հենց հիմա քաղաքապետարանի համապատասխան բաժնի գզրոցում է, ի՞նչ եք մտածում այս մասին: Մենք այս պատմությունը կրկին հիշեցրինք, որ հետո չասեք` չգիտեինք: Առաջարկում ենք` մինչեւ Երեւանի 5-րդ ճակատի ձեղնահարկերի վրա գրոհելը քաղաքացու փլված տան տեղում մի բան կառուցել: Դա, կարծում ենք, առաջին հերթին հենց ձեզ` ՀՀ նոր իշխանություններին է պետք, եթե, իհարկե, թքած ունենալու նուրբ արվեստը ձեզ չի հասցրել «փաթթած» ունենալու սահմանագծին: