Քաղաքապետարանը խոստանում է՝ փչացած վերելակների փոխարինումը չի տևի տասնյակ տարիներ

Քաղաքապետարանը խոստանում է՝ փչացած վերելակների փոխարինումը չի տևի տասնյակ տարիներ

Երեւանում վերելակ մտնելն ու տեղ հասնելը բախտի բան են։ Ոչ պաշտոնական հաշվարկներով՝ մայրաքաղաքում 4 հազարից ավելի  անպիտան վերելակներ կան, որոնք պետք է փոխվեն։ Մեկ միջին վերելակի արժեքը կազմում է մոտ 25 հազար դոլար։ Թեեւ վերելակը համարվում է շենքի բնակիչների սեփականությունը եւ պետք է նորոգվի ու փոխվի նրանց անձնական գումարներով, հասկանալի է, որ այն ժամանակները, երբ բնակիչները կարողանան համատեղ ջանքերով նոր վերելակ գնել, երեւանցիներից շատ են հեռու, իսկ փորձանքը չի սպասում։ Վերջին տասն օրում միայն ԱԻՆ փրկարարները երկու վթար են արձանագրել։ Հուլիսի 11-ին Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է։ Քաղաքացի Գեորգի Դանիելյանը, վերելակում մեկ ժամ անցկացնելուց հետո, դուրս է բերվել փրկարարների օգնությամբ։ Նա վնասվածքներ չի ստացել, բայց ասել է, որ շատ է վախեցել։

Հուլիսի 21-ին էլ Շիրազի փողոցի թիվ 22 շենքի 2-րդ մուտքի վերելակն է ընկել՝ գիշերային ժամի։ Ներսում մի երիտասարդ է եղել, որին այնտեղից դուրս են բերել փրկարարները։ Վերելակների թեմայով զրուցեցինք Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության՝ համատիրությունների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի պետ Հարություն Խաչատրյանի հետ։ Պարզվում է՝ վերելակային տնտեսության համար որեւէ պետական մարմին ուղղակի պատասխանատու չէ։

- Ո՞ւմն են վերելակները, ո՞վ է տերը։

- Վերելակները՝ որպես սեփականություն, պատկանում են շենք-շինությունների սեփականատերերին։ Դա կարգավորվում է բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքով։ Վերելակները համարվում են բաժնային սեփականություն, ինչպեսեւ շենքերի տանիքները, աստիճանավանդակները, նկուղները, վերելակի հորանները։ Եվ կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն աշխատանքների մեջ, որոնք պետք է իրականացվեն բազմաբնակարան շենքի ընդհանուր սեփականությունը պահպանելու համար, մտնում են նաեւ վերելակների նորոգումները։

- Օրինակ, վերելակը շատ հին է, շահագործման ենթակա չէ։ Ի՞նչ են անում բնակիչները։ Հավաքվում են, 25 հազար դոլար են հավաքում, որ նո՞րը գնեն։ Սա իրատեսակա՞ն եք համարում։

- Պարզ է, որ իրատեսական չէ դա։ Չկա այնպիսի տեղ Երեւանում, որ  շենքի մուտքի բնակիչներն այնքան հարուստ լինեն, որ այդ գումարը հավաքեն, վերելակը փոխեն։ Մեխանիզմներն այլ կերպ պետք է ընտրվեն։ Տարբեր ֆինանսական միջոցներով պետք է իրականացվի դա։ Օրինակ, համատիրությունները կարող են վերելակները փոխել վարկերի միջոցով, տարբեր ֆոնդեր ներգրավելով, տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով։

- Քաղաքապետարանի միջոցով էլ կարող են անել, չէ՞։ Քաղաքապետարանն ի՞նչ է անում այս ուղղությամբ։

- Քաղաքապետարանը ներկա պահին 20 վերելակի համար մրցույթ է հայտարարել։ Այս 20 վերելակները փոխարինվելու են։ Թե մնացած ֆինանսական հարցերն ինչպես կլուծվեն, արդեն սեփականատերերի հետ կքննարկենք։ Ես չեմ կարող ֆինանսական մոդելի մասին խոսել։ Դա սեփականատերերի որոշելիքն է։

- Քանի՞ վթարային, հին, փոխարինման ենթակա վերելակներ կան Երեւանում։

- Մոտ հինգ հազար շենքեր ունենք՝ բազմաբնակարան, իսկ Երեւան քաղաքում՝ մենք հաշվարկել ենք, 4 հազար 428 վերելակներ կան։ Փոխարինման ենթակա լինելը հետեւյալ կերպ է որոշվում։  Արտադրողն ամեն մի վերելակի համար 25 տարվա երաշխիք է տալիս, 25 տարվա ժամկետ։ Իսկ որոշակի դեպքերում վերանորոգումների կամ համապատասխան տեխնիկական պայմաններն ապահովելուց հետո եւս 9 տարով երկարացվում է վերելակի կյանքը։ Ահա ինչու որպես փոխանակման ենթակա վերելակներ ենք համարում նրանք, որոնց շահագործման ժամկետը 30 տարուց ավելի է։

- Եվ քանի՞ այդպիսի վերելակ կա Երեւանում։

- Մոտ 3 հազար 800։ Բայց ժամկետը միշտ չէ որոշիչ։ Կարող է մի 10 տարվա վերելակ լինի, բայց այն այնպես շահագործած լինեն, որ հայտնվի ամենաանմխիթարների շարքում։ Այս պահին մենք ունենք 60 տարուց ավելի հին վերելակներ, որոնք արտադրվել են 50-60- ականներին։ Մոտ 70 այդպիսի վերելակ կա քաղաքում։

- Վերելակների վիճակն ամեն տարի ուսումնասիրվո՞ւմ է, թե՞ ավտոմատ կերպով նախորդ տարվա ցուցանիշը գրում են՝ գնում է։ Կա՞ այստեղ խնդիր։ Ուզում եմ ասել՝ մենք հստակ ֆիքսած ունե՞նք վերելակային տնտեսության վիճակը։

- Ամեն տարի վերելակները փորձաքննության են ենթարկվում ԱԻՆ փորձագիտական կենտրոնի կողմից։ Դա օրենքի պահանջն է։ Ռեեստր կա, որտեղ գրանցված են վտանգավոր օբյեկտները։ Ամբողջ տարվա ընթացքում համապատասխան ծառայություններ կան, որոնք պայմանագրով սպասարկում են։ Սպասարկումը կազմակերպում են շենքի կառավարման մարմինները, որոնք շենքերի, վճարումների պարագայում սպասարկում են վերելակները, ընթացիկ նորոգումներ են կատարում, քաղաքապետարանն էլ իր վերանորոգման ծրագրերն ունի վերելակների։ Այս տարվա բյուջեով քաղաքապետարանին 120 մլն դրամի գումար է հատկացվել՝ վերելակների վերանորոգման համար։

- Բայց եթե քաղաքապետարանն ամեն տարի իր բյուջեով 20 վերելակ փոխի, 3 հազար 800 վերելակ փոխելը կարող է տեւել դարեր։

- Խնդիր չի դրված, որ ամեն տարի 20 վերելակ փոխվի։ Սա ուղղակի պիլոտային ծրագիր ենք իրականացնում, որ մենք կարողանանք հաջորդ 3 հազար 800-ին փոխարինելու մեխանիզմներն ավելի լավ պատկերացնենք։ Ի դեպ, նման ծավալ երբեք չի եղել՝ տարեկան 20 վերելակ։ Մենք այս փոքրիկ մոդելը կիրառելով՝ հնարավորություն ենք ստանալու այդ 3 հազար 800 վերելակների հարցը լուծելուց ավելի ճիշտ կողմնորոշվել։ Բնական է, ծավալը մեծ է, եւ մի տարում էլ չի լինի լուծել, բայց դա չպետք է տեւի նաեւ տասնյակ տարիներ։