Մարուքյանը «սուպերությո՞ւնն» է վերացնում, թե՞ նվեր մատուցում Փաշինյանին

Մարուքյանը «սուպերությո՞ւնն» է վերացնում, թե՞ նվեր մատուցում Փաշինյանին

ԱԺ «Իմ քայլի» փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պարբերաբար հայտարարում է, որ ունեն սուպերվարչապետությունը վերացնելու քաղաքական կամք։ Վերջին անգամ նման հայտարարություն արեց մոտ 2 շաբաթ առաջ՝ ԱՄՆ-ում Արթուր Սահակյանի հեղինակային «30 րոպե» հաղորդաշարի ժամանակ օրինակ բերելով մի նախագիծ, ըստ որի՝ ոստիկանության պետ կամ ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել յուրաքանչյուր մարդ։ Այսինքն՝ չեն լինի համակարգում աշխատած լինելու եւ այլ՝ այս համակարգերին բնորոշ ցենզեր։

Պարզվեց, որ խոսքը «Լուսավոր Հայաստանի» նախագծի մասին է։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումի» դեմ պայքարող Էդմոն Մարուքյանը անգամ խորհրդարանում ամբիոնի մոտ կոստյումը հանեց՝ առավել պատկերավոր ցույց տալու, որ Սերժ Սարգսյանին հաջորդած իշխանությունը նույնքան լավ է իրեն զգում այդ կոստյումի մեջ՝ ձեւի համար 2 կոճակ հանում է մի թեւքից, կարում մյուսին։ Իսկ օրենքի նախագիծը, որին, ինչպես տեղեկացանք, կառավարությունն արդեն բացասական եզրակացություն է տվել, նախատեսում է նաեւ, որ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը պետք է հաշվետու լինեն խորհրդարանին։

Քանի որ նախագծի զեկուցող Էդմոն Մարուքյանը ողջ օրը չարձագանքեց մեր զանգերին, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանին խնդրեցինք մեկնաբանել նախագծի տրամաբանությունը։ Ըստ այդմ․ «Եթե ուզում ենք, որ համակարգը բարեփոխենք, շատ կարեւոր է, որ նշանակող մարմինը հնարավորություն ունենա նշանակել մարդու, որ դրսում է եղել, ներսում չի աշխատել։ Ներսում աշխատած մարդկանց միջոցով երբեմն շատ դժվար ու անհնար է համակարգի բարեփոխմամբ զբաղվել։ Դրա համար նման նախաձեռնություն է եղել, որ այդ պահանջները, որ սահմանված են համակարգի ղեկավարի առջեւ եւ որոնք, հիմնականում, նպատակաուղղված են նրան, որ համակարգից նշանակվի ղեկավար անձը, դա վերացվի»։

Հիմա՝ «Իմ քայլի» քաղաքական կամքի մասին։ Դե՞մ են, թե՞ կողմ։ Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց, որ պատրաստ են այն քննարկելու։ «Չի բացառվում, որ եթե ինչ-որ առաջարկներ անենք, դրանք ընդունվեն, կողմ քվեարկենք, բայց կարող է եւ դեմ քվեարկենք։ Համենայնդեպս, էդ հարցը քննարկում ենք»։ Ալեն Սիմոնյանը չի կարող ասել՝ անձամբ կո՞ղմ կքվեարկի, թե՞ դեմ, որովհետեւ նախագծի բովանդակությանն ընդհանուր ծանոթ է, բայց այն չի կարդացել։ Պետք է կարդա, հասկանա՝ կառավարությունն ինչու է բացասական կարծիք ներկայացրել, օրենքն ինչ հիմնավորումներ ունի՝ ջուրծեծոցի՞ է, թե՞ ոչ։ «Օրենքը քանի դեռ չի քննարկվել, դրա հետ կապված կարծիք հայտնելն անշնորհակալ գործ է, որովհետեւ կարող է մի ստորակետը, մի բառը ամեն ինչ փոխել»։

Ամեն դեպքում, Ալեն Սիմոնյանը վտանգ չի՞ տեսնում, որ այս օրենքի նախագիծը ոչ թե սահմանափակում է սուպերվարչապետության համակարգը, այլ ընդհակառակը՝ Փաշինյանի ձեռքերին «սուպերազատություն» է տալիս։ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Բա տեսնո՞ւմ եք։ Էդ մտավախությունն էլ կա, իհարկե՝ կա»։

Մենք զրուցեցինք նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի խորհրդական, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանի հետ, ով թաքնված հեգնանքով ասաց, թե պետք է տեսնել՝ ինչ է ուզում «Լուսավոր Հայաստանը»։ «Ուզում է թուլացնի՞ վարչապետի կենտրոնաձիգ իշխանությունը․ դրանով մեծ լավություն է անելու։ Վարչապետը կարող է «Իմ քայլի» թեկուզ կին ներկայացուցչի վերցնել եւ նշանակել ոստիկանապետ եւ ԱԱԾ պետ» (անգամ հիշեցրեց, որ երեկ Փաշինյանն ասել էր, որ շատ շուտով Հայաստանում գալու է ժամանակ, որ ոչ միայն «տիկնայք եւ պարոնայք սպաներ»-ը խորթ չհնչի, այլեւ «տիկնայք եւ պարոնայք գեներալներ»-ը)։ Այս համատեքստում նա հարցնում է․ «Իսկ ովքե՞ր են էսօրվա ԱԱԾ պետն ու ոստիկանապետը․ մարդիկ, ովքեր իրենց անբասիր վարքով տարիներ շարունակ համեստորեն աչքի են ընկնել»։
Ոստիկանապետի խորհրդականը նաեւ ասում է, որ որքանով ինքն է տեղյակ ոստիկանական համակարգին՝ այն փակ կառույց է, փակ ստրուկտուրա, ու նման օրենք ընդունվելու դեպքում քաղաքացիական անձին շատ դժվար է լինելու ամբողջ համակարգը կառավարել։

Հիշեցրեց նաեւ, որ ժամանակին շատերն ասում էին՝ «ո՞նց է Օսիպյանը ղեկավարելու, եթե օպերատիվ ծառայության չի եղել, փողոցի ծառայություն է մատուցել»։ Նրա խորհրդականն ավելացրեց․ «Դե, իհարկե, փորձը ցույց տվեց, որ էդ կասկածներն էդքան էլ հիմնովին չէին, բայց դե, անգամ էդ պարագայում կասկածներ կան, ուր մնաց, թե քաղաքացիական անձի հետ կապված․․․»։

Մյուս կողմից, Հայաստանի անկախության պատմության մեջ հայտնի են նաեւ նման դեպքեր, երբ ՀՀՇ-ի իշխանության տարիներին քաղաքացիական անձինք՝ Վանո Սիրադեղյան, Դավիթ Շահնազարյան, նշանակվել են հենց ուժային պաշտոններում եւ լավագույն նախարարներից են եղել։ Արմեն Մկրտչյանն առաջարկեց Դավիթ Շահնազարյանի օրինակը չբերել՝ ասելով, որ հայտնի է, թե նրա բերած մարդիկ ինչ սկանդալային վախճան են ունեցել ԱԱԾ համակարգում, իսկ Վանո Սիրադեղյանին, պարզվեց, լավ է վերաբերվում։