Ինչո՞ւ են որոշ ուժեր դուրս մնացել արտախորհրդարանական կոնսոլիդացիայից

Ինչո՞ւ են որոշ ուժեր դուրս մնացել արտախորհրդարանական կոնսոլիդացիայից

ՀՀ-ում գործող արտախորհրդարանական ուժերից յոթը Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ օրերս հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Հայտարարության տակ ստորագրել են ՀՅԴ-ն, «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», Հայաստանի դեմոկրատական, «Մեկ Հայաստան» կուսակցությունները, ՌԱԿ-ը։  Հայտարարության տեքստը բավականին կոշտ է։

Ամրագրել են, որ քաղաքական իշխանությունը ճնշում է գործադրում ԲԴԽ-ի վրա, փորձում ձեւավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան, դատական համակարգի նվաճման քաղաքական այս ծրագրի իրագործմանը, ըստ հայտարարատուների, լծվել են նաեւ իշխանամերձ մամուլն ու փորձագիտական ուղղորդվող մի շրջանակ։ Հայտարարության մասնակիցներն իշխող մեծամասնությունից պահանջում են հրաժարվել այս գործելաոճից, դիմում են հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, որ նա ուղերձով հանդես գա, եւ սպառնում են, որ եթե այսպես շարունակվի, կդիմեն կոնկրետ գործողությունների։

Հատկանշական է, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի շարք ուժեր այս հայտարարությանը չեն միացել, հատկապես խորհրդարանականները, որոնք նույնպես քննադատել են իշխանությունների՝ դատական իշխանության դեմ սկսած արշավը։ Առավել ուշագրավ է արտախորհրդարանական այլ ընդդիմադիրների բացակայությունը, հատկապես «Ժառանգության», որն ավելի վաղ էր խնդրի առնչությամբ հայտարարություն տարածել։

Ինչո՞ւ են շատերը դուրս մնացել արտախորհրդարանական այս կոնսոլիդացիայից՝ փորձեցինք պարզել մի քանիսի հետ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից միայն Տարոն Սիմոնյանի հետ հաջողվեց կապ հաստատել։ Պատգամավորը հաստատ չպնդեց, բայց իր տեղեկություններով՝ հանդիպում, հայտարարությանը միանալու առաջարկ չի եղել իրենց։ «Վերնագիրը կարդացի՝ լավն էր, բայց ամբողջ հայտարարությանը չեմ հասցրել ծանոթանալ»,- ասաց Սիմոնյանը, ով այս ընթացքում բազմիցս է քննադատել թե՛ ՍԴ-ի հարցում իշխող ուժի արտահայտած դիրքորոշումը, թե՛ վեթթինգի վերաբերյալ իշխանական պատկերացումները։ ԲՀԿ-ի հետ էլ, ըստ որոշ տեղեկությունների, հանդիպում չի եղել։

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ի նախաձեռնությամբ երկու շաբաթ առաջ հանդիպում են ունեցել առավել լայն օրակարգով, քննարկել են նաեւ դատական իշխանության շուրջ ծավալվող գործընթացները։ Ասաց նաեւ, որ իրենց դիրքորոշումն էականորեն տարբերվում է ներկայացված հայտարարության տեքստից, իսկ հայտարարությանը միանալու պաշտոնական հրավեր չեն ստացել։ «Ներքին խողովակներով տարվող բանակցությունների մասին էլ իրավասու չեմ խոսել»,- ասաց Գրիգորյանը՝ ներկայացնելով տարբերությունը․ «Մենք ունենք մեր օրակարգը, պատկերացումները դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ եւ այն ներկայացրել ենք մեր հայտարարությամբ։ Այդ ուժերի հայտարարությունից երեւում է, որ համակարգի ճգնաժամի ամբողջական պատկերը չի տրվել, իսկ մեր կարծիքով՝ դատական իշխանությունում առկա ճգնաժամը թաքնված է նախկին իշխանությունների կամայական վերաբերմունքի մեջ, երբ դատական իշխանությունը փորձում են ծառայեցնել իրենց իշխանության վերարտադրությանը։ Այս հայտարարությամբ իրենք ցույց են տալիս խնդիրները, իսկ մենք դրանից բացի արձանագրում ենք նաեւ պատճառները»։

Հետաքրքրվեցինք՝ այսինքն, հենց այդ պատճառո՞վ հայտարարությանը միանալու առաջարկ չեք ստացել։ «Այդ հարցը կարող եք իրենց տալ, բայց կարող եմ ասել»։ Հայտարարությանը միացած ուժերի մեծ մասը քիչ աղերս ունի նախկինների հետ, ի՞նչ նպատակով պիտի խուսափեին նման արձանագրումից։ «Հիմնական ուժերը քաղաքական տիրույթում որոշակի դերակատարում ունեցող, ժամանակագրական պատմականություն ունեցող ուժեր են»։ Այսինքն՝ յոթ կուսակցությունները սպասարկում են նախկինների՞ն։ «Ես նման բան չասացի»։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ յոթ կուսակցությունների մեծ մասը երբեք չի բախվել գործող դատական համակարգի «ստոր եւ անմարդկային կեցվածքին», քաղաքական հետապնդման չի ենթարկվել, այդ պատճառով էլ կարող են իրենց նման հայտարարություն թույլ տալ, ինքը՝ ոչ։ Մակեյանի համոզմամբ՝ իր դիրքորոշումը բոլորին է հայտնի, գուցե հենց այդ պատճառով առաջարկ չեն արել․ «Մենք ե՛ւ քննադատում ենք, ե՛ւ լավն ենք ասում, իրենք մենակ քննադատում են»։ Իրավական պետություն կառուցելու ճանապարհը բարդ է, Մակեյանը դժգոհ է իշխանությունների հեղհեղուկ քաղաքականությունից, ու միակ պահանջը քայլերի հստակ հաջորդականությամբ բարեփոխման ծրագիր ներկայացնելն է․ «Քանի կար, ասում էին՝ վեթթինգ ենք անելու, հիմա ասում են՝ չենք անելու, ուրիշ անուն են տալիս։ Ես հեղափոխությունից անմիջապես հետո եմ ասել, որ այս դատական համակարգում ամբողջական բարեփոխում է հարկավոր: Իշխանության այս կիսատ-պռատ վիճակներն անընդունելի են, պետք է անմիջապես քայլեր ձեռնարկել, կաշառակեր դատավորները հույս չունենան, թե կփոխվեն»։

ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը փոխանցեց, որ իրենց հետ էլ հանդիպում չի եղել, առաջարկ՝ միանալու հայտարարությանը։ ՀՀԿ-ն փաստացի մեկուսացվում է քաղաքական դաշտում․ մեր դիտարկմանը Բաղդասարյանը չհամաձայնեց․ «Բացարձակապես մեկուսացված չենք, այդ մենք կարող ենք որոշում կայացնել՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ»։