Պատմությունը կրկնվում է․ պլասմասե շշով խփելու համար նախկինում էլ են դատել

Պատմությունը կրկնվում է․ պլասմասե շշով խփելու համար նախկինում էլ են դատել

2004 թվականի ապրիլի 12-ին Ազատության հրապարակում հանրահավաք էր հայտարարվել՝ 2003 թվականին Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելու հետ կապված։ Բանն այն է, որ 2003 թվականի նախագահական ընտրություններից դժգոհ զանգվածին հանդարտեցնելու համար Գագիկ Հարությունյանը էքստրաօրդինար որոշում էր կայացրել՝ մեկ տարի անց նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի լիազորությունները հաստատելու համար իրականացնել համաժողովրդական հանրաքվե՝ վստահության ռեֆերենդում։

Եւ այս որոշումը իրոք հանդարտեցրել էր ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդկանց եւ նրանք ցրվել էին տներով՝ հույս ունենալով, որ մեկ տարի անց անվստահություն կհայտնեն ՀՀ նախագահին։ Սակայն երբ մեկ տարին լրանալուց հետո Ռ․Քոչարյանն արգելեց հանրաքվեն, մարդիկ՝ ընդդիմության նախաձեռնությամբ ելան փողոց։ Ապրիլի 12-ի հանրահավաքի ժամանակ որոշվեց գնալ եւ փակել Բաղրամյան պողոտան։ Իշխանությունը ոստիկանական ուժեր հանեց ցուցարարների դեմ եւ ջրցան մեքենաներ։ Այդ օրը բազմաթիվ մարդիկ, այդ թվում լրագրողներ ծեծվեցին, ջրվեցին։ Հավաքը ճնշվեց։ Ապա «Արդարություն» դաշինքի դեմ քրեական գործ հարուցվեց, մարդիկ կալանավորվեցին։  

Կալանավորվածներից մեկը, ում դեմ քրեական գործ հարցուցվեց ջրի պլասմասե շշով ոստիկանի գլխին խփած երիտասարդն էր՝ լուսակերտցի Էդգար Առաքելյանը, որին մեղադրանք առաջադրվեց 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այսինքն, կապրոնե շշով ոստիկանին խփելը գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչները գնահատել էին որպես «պետական իշխանության յուրացում», որը ենթադրում է 10-15 տարի ազատազրկում:

Որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ ՀԿԳ քննիչ Թարվերդյանը, նկարագրելով 24-ամյա երիտասարդի գործողությունները, գրել էր. «Տեղեկանալով ապրիլի 12-ին Երեւանի Ազատության հրապարակում չարտոնված հանրահավաք հրավիրելու մասին՝ հանրահավաքին մասնակցելու համար Լուսակերտից եկել է Երեւան: Ժամը 16:30-ին մասնակցելով հանրահավաքին՝ Ազատության հրապարակում արել է պետական իշխանությունն ու սահմանադրական կարգը փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր, որից հետո չարտոնված երթով շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա եւ, հասնելով ԱԺ մատույցների մոտ, կատարել է Ա.Գեղամյանի, Վ.Դալլաքյանի ու մյուսների կողմից պետական իշխանությունը յուրացնելուն՝ սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ»:

Ապա՝ բացատրել է, թե որոնք են դրանք. «Չի կատարել հրապարակային կոչերը դադարեցնելու, պետական եւ հասարակական կազմակերպությունների աշխատանքի բնականոն ընթացքը չխանգարելու մասին իրավապահների նախազգուշացումներն ու պահանջները, այլ հանրահավաքի կազմակերպիչների հրահրմամբ, առանձին մասնակիցների հետ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ դիմել է բռնությունների՝ ագրեսիվ տրամադրված խմբերին ոգեկոչելու, իրադրությունն ապակայունացնելու, խառնաշփոթ-իրարանցում ստեղծելու համար, հանքային ջրի պարունակությամբ կապրոնե 1,5 լ-ոց շշով հարվածել է ոստիկանության աշխատակցի գլխին եւ դիմել փախուստի»:

Տեքստն ընթերցելիս այնպիսի տպավորություն ես ստանում, որ Էդգար Առաքելյանը ապրիլի 12-ի գլխավոր գործող անձն էր։ Մեղադրանքի մեջ հատվածներ կային նաեւ հասցեագրված Արտաշես Գեղամյանին եւ Վիկտոր Դալլաքյանին, որոնց դատախազությունը խնայել էր՝ քրգործ չէր հարուցել:  Հետագայում Առաքելյանի նկատմամբ մեղադրանքը փոխեցին, հավանաբար, հասկացան, որ պլաստիկե շշով ոստիկանին հարվածելը չի կարող դիտվել իշխանության բռնազավթում, այն վերաորակեցին 316 հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Էդգար Առաքելյանին դատարանը դատապարտել էր մեկուկես տարվա ազատազրկման, որից նա նստեց 5 ամիս, ապա վաղաժամկետ ազատ արձակվեց։

Ի դեպ, նա դատարանում պատմել էր, որ ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն է կիրառվել՝ ծեծել են, պարտադրել են ինքնախոստովանական ցուցմունք տալ։ 

Այս դեպքն, իհարկե, մի փոքր տարբերվում է օրեր առաջ Վարդգես Գասպարիի դեպքից, քանի որ իշխանության ներկայացուցչին, ոստիկանին հարվածելը բոլոր երկրներում է համարվում ծանր հանցանք եւ ավելի խստորեն է դատապարտվում, քան շարքային քաղաքացուն հարվածելը։ Սակայն մի բան պարզ է, որ բումերանգի կանոնը գործում է՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ էին պլասմասե շշով խփողներին դատում, բայց ամբողջ զավեշտը նրանում է, որ հիմա պլասմասե շիշը կիրառում են Ռոբերտ Քոչարյանի օգտին։

Մանուկ Բարսեղյան