Բացել էին բոլոր չհրկիզվող  պահարանները, զինամթերքը շաղ տված էր տարածքով մեկ. ՊՊԾ գնդի գործով տուժող

Բացել էին բոլոր չհրկիզվող  պահարանները, զինամթերքը շաղ տված էր տարածքով մեկ. ՊՊԾ գնդի գործով տուժող

«Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով այսօրվա դատական նիստի մեկնարկին պաշտպանական կողմը հերթական միջնորդությունը ներկայացրեց նիստերը կրկին դռնբաց անցկացնելու վերաբերյալ, որը կրկին մերժվեց:

Պաշտպանները միջնորդեցին նաև` թույլատրել դատական նիստերի դահլիճ վերադառնալ խմբի դեռևս անազատության մեջ գտնվող անդամներից Սմբատ Բարսեղյանին, որի նկատմամբ սանկցիա էր կիրառվել, և նա հեռացվել էր դահլիճից:

Դատարանը բավարարեց այս միջնորդությունը:
Այսօր շարունակվեց տուժողների հարցաքննությունը: 

Որպես տուժող` հարցաքննվեց Խաչատուր Ավետիսյանը, որը նույն թվականին եղել է ՊՊԾ գնդի հրամանատարը։

Նա դատարանին հայտնեց. «Օրվա պատասխանատուն եղել է Արթուր Վանոյանը: Ինձ զանգել է երրորդ գումարտակի հրամանատարը և ասել, որ գնդի վրա զինված հարձակում է եղել:  Տեսել եմ Մարտիրոս Հակոբյանին, որը զինված է եղել և կոչ է արել միանալ իրենց։ Նա կրակահերթ է արձակել զրահամեքենայի վրա, որի հետևանքով գնդակների անդրադարձ եղավ: Երկու ոստիկան և ոստիկանության լրատվականի աշխատակիցը վիրավորվեցին: Կրակոցներ եղան նաև հսկիչ-անցագրային կետի կողմում՝ մի քանի զինված անձանց կողմից»: 

Նրա խոսքով՝  խմբի հանձնվելուց հետո մուտք է եղել գնդի տարածք՝ քննչական գործողություններից հետո. «Գունդն ամբողջությամբ ավերված էր. շենքերը, դռները, պատուհանները: Բացել էին բոլոր չհրկիզվող պահարանները, զենք-զինամթերքը շաղ տված է եղել գնդի տարածքով, անգամ ՊՊԾ գնդի հարակից շենքերում է զինամթերք եղել»։