Յո՞ երթաս

Յո՞ երթաս

Աստղաբաշխական պարգեւատրումների եւ ինքնապարգեւատրումների աղմկահարույց պատմություններից հետո ՊԵԿ աշխատակիցները կրկին պարգեւատրվել են։ Այս մասին նախ գրեց «Հրապարակը»՝ մեղադրվեց «սուտ բաներ գրելու մեջ», ապա գրեցին բոլոր թերթերը, իսկ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից էլ հաստատեցին, որ՝ այո, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, յուրաքանչյուր ամիս, պայմանավորված աշխատանքային արդյունավետությամբ, ինչպես նաեւ լրացուցիչ հանձնարարությունների, հատուկ առաջադրանքների եւ որակյալ աշխատանքների կատարմամբ, ստանում են պարգեւավճարներ:

Այսինքն, լավ ենք արել, պարգեւատրվել ենք, պարգեւատրվում ենք եւ պարգեւատրվելու ենք, չուզողի աչքն էլ հանում ենք: Ինչպե՞ս հասկանալ կառավարությանն առընթեր այս ֆենոմենալ կառույցի լկտիությունը, որ արդեն մոտ է պատժելիության սահմանին: Սա արդեն կատարյալ խրախճանք է ժանտախտի ժամանակ:
Հարկահավաքների հաջողությունը վերջնահաշվում պայմանավորված է շատ հարկ հավաքելով: Թե դա ինչպես է հաջողվել Հայաստանի նման քայքայված տնտեսություն ունեցող երկրի հարկահաններին, դժվար չէ հասկանալ: Բայց հայ «կոզբադինները» նույնիսկ բողոքում են վարչապետ Փաշինյանից, որ հայտնել է, թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պարգեւավճարների ֆոնդը 2019թ. բյուջեում էականորեն նվազել է: Մենք, իհարկե, տեղյակ չենք, թե որքան է այդ «էական» նվազումը, բայց ՊԵԿ-ի լավ տրամադրությունից այնքան էլ չի զգացվում, որ այդ կառույցում բարգավաճողներն առանձնապես նեղված են:

Ինչեւէ, ՊԵԿ-ը շարունակում է մոլեգնել եւ լցնել դատարկ ամբարները, ինչի համար էլ արժանիորեն հավելավճարներ է ստանում: Սա է կոնցեպցիան, եւ չկա այդ կառույցի շքեղ կյանքի այլ բացատրություն: Այնպես չէ, որ նախկինում ՊԵԿ-ն այդպիսի կառույց չի եղել կամ պարգեւավճարներ չի ստացել: Պարզապես նախկինում «պարգեւավճարները» կա՛մ ժողովրդի աչքը չէին կոխում, կա՛մ դրանց մասին լռում էին, որ «լեւի» փողերը շատ չզնգզնգան: Նիկոլ Փաշինյանն էն գլխից է սրբադասել իր կառավարությանը կից օղակները` հայտարարելով, որ Հայաստանում կոռուպցիան այլեւս վերացված է: Փաշինյանը, անկասկած, շտապել է, որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքարն ամբողջ աշխարհում շարունակական երեւույթ է: Եթե նման բան հայտարարեին Թրամփը, Մակրոնը, Մերկելը, դեռ կարելի էր մտածել, բայց երբ Փաշինյանն է դա անում, լսողին մնում է մի փաղաքշական ժպիտ պարգեւել հեղափոխության առաջնորդին` Դուք ամենակարող եք, սըր…

Մինչ ՊԵԿ-ում վայելում են հերթական պարգեւավճարները, կառավարության շենքի մոտ ամենօրյա ռեժիմով բողոքի ցույցեր են, գործարարներն արդարացիորեն դժգոհում են կառավարության հարկային քաղաքականությունից, որ արդեն իսկ հանգեցրել է թանկացումների, որոնք նորանոր ոլորտներ են ընդգրկում եւ հասել են նույնիսկ ամենահեղափոխական մրգին` բանանին: Ամիսներ առաջ ասում էին` ժողովուրդ ջան, միսը թա՞նկ է, դուք էլ բանան կերեք: Հիմա՞ ինչ ուտեն` բանանի կեղե՞ւ: Իսկ ՊԵԿ-ում շարունակում են պարգեւավճարներ ստանալ, ուշադրություն` լավ աշխատանքի, կարեւոր հանձնարարություններ կատարելու, չեղած տեղում փողեր կպցնելու, բյուջեն լցնելու համար:

Չի՞ թվում, արդյոք, որ մի բան այն չէ այստեղ: Փաշինյանն օտար ներդրողներին ասում է` եկեք Հայաստան, հարստացեք, մեզ էլ հարստացրեք: Օտար ներդրողներն էլ մե՛կ նայում են մեր բողոքավոր գործարարներին, մե՛կ ՊԵԿ-ի պարգեւավճարներին ու չեն շտապում քայլ անել: Նրանց ուղեղում չի տեղավորվում, թե ինչպես կարող է պարգեւավճարների մեջ լող տալ մի կառույց, որի գործունեության արդյունքում Հայաստանում բիզնեսը ոչ թե ծաղկում, այլ սատկում է բառիս բուն իմաստով:

ՊԵԿ-ում անգիր են արել արդարացումը. «Պարգեւատրման համար իրավական հիմք են հանդիսանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքները»: Նախկինում էլ ՊԵԿ-ը պատսպարված է եղել այդ օրենքների հետեւում, բայց չգիտես ինչու, նախկին ՊԵԿ-ը կոռումպացված էր, իսկ այսօրվանը` սրբադասված:

Նախկին վարչապետներն ամեն ինչ արեցին, որ նվազագույնի հասցնեն ՊԵԿ-ի եւ հարկ վճարողների շփումները` ՊԵԿ աշխատակիցներին զետեղելով ապակյա իզոլացված խցերում, բայց նրանք այդպես էլ մնացին կոռումպացված: Սակայն եկավ Նիկոլ Փաշինյանը եւ իր մեկ հայտարարությամբ վերացրեց կոռումպացվածությունը` ՊԵԿ-ն ու մնացած պատժիչ-վերահսկիչ կառույցները թողնելով գեղեցիկ օրենքների պաշտպանության ներքո: Ի՞նչ ունենք արդյունքում․ մի կողմում՝ բարգավաճող ՊԵԿ եւ պետական այլ կառույցներ, մյուս կողմում` աղքատացող երկիր ու ժողովուրդ:

Մենք մի հրապարակում էինք արել՝ «Քաղաքացու նպաստը կտրել են, որովհետեւ տունը փլվել է» վերնագրով: Այն ժամանակ մենք չէինք էլ կարող ենթադրել, որ մեր պետությունն այնքան աղքատ է, որ հուսահատության դուռը հասած հաշմանդամ ծեր կնոջը կարող է այսպիսի նամակ ուղարկել. «Ամալյա Մելքոնյանին, Նոր Արեշի 7-րդ փողոց, տուն 54: Երեւանի քաղաքապետին ուղղված եւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին վերահասցեագրված Ձեր 19.02.2019թ. դիմումի վերաբերյալ հայտնում ենք, որ համապատասխան միջոցների բացակայության պատճառով Ձեր խնդրանքը՝ դրամական եւ նյութական աջակցություն ցուցաբերելու մասին, չենք կարող կատարել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»: Ավելի ցինիկ պատասխան քաղաքացուն երեւի հնարավոր էլ չէր մտածել: Իսկ մյուս կողմից էլ` մեր պետության վիճակն այնքան լավ է, որ ՊԵԿ-ում խրախճանք է, օրենքով սահմանված պարգեւավճարներ են ստանում, խիղճներն էլ` մաքուր, մաքուր…

Անիմաստ չէ՞ր, արդյոք, այս երկար քերթվածքը: Իսկ գուցե պետք էր ընդամենը պատասխանել մեկ հարցի՞. Հայաստանում հեղափոխություն եղե՞լ է, թե՞ նոր պետք է լինի: