Վրանը՝ որպես խորհրդանիշ

Վրանը՝ որպես խորհրդանիշ

Հետաքրքրությունս՝ ուղղված ցարական, իսկ այնուհետեւ Խորհրդային Ռուսաստանի պատմության առաջին մի քանի տարուն, ունեցել է երկու փուլ: Առաջինը գորբաչովյան ժամանակաշրջանում էր, երբ ռուսական հաստափոր ամսագրերը հրապարակում էին մինչ այդ արգելված գրականություն: Երկրորդ փուլը սկսվեց ռուսական համացանցի ձեւավորումից հետո: Այն, իհարկե, անգլալեզու համացանցի հետ չես համեմատի, սակայն հայերենից շատ ավելի հարուստ է: Այնպես որ, բավական հարուստ նյութ եմ քաղել անցյալի վերաբերյալ, ինչով մեկ-մեկ կիսվում եմ ընթերցողներիս հետ: 
Այս անգամ էլ մի հետաքրքիր երեւույթ ներկայացնեմ՝ Ռուսաստանում բոլշեւիկյան հեղաշրջման հաղթանակի եւ ամրապնդման հարցում ամենամեծ ծառայությունը մատուցած մարդը՝ Լեւ Տրոցկին (1879-1940) ծնվել է նոյեմբերի 7-ին: Այսինքն, հենց նույն օրը, երբ տեղի ունեցավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը՝ ինչպես դասավանդում էին մեզ ԽՍՀՄ-ում: Կամ՝ զինված հեղաշրջումը, ինչը տեղի էր ունեցել իրականում: Խորհրդային տարիներին մեզ ուսուցանում էին նաեւ, որ այդ օրը բոլշեւիկների ղեկավար Վլ. Լենինը նեղ շրջապատում ասել է, թե «երեկ շուտ էր, վաղն ուշ կլինի, մենք պետք է այս գիշեր վերցնենք իշխանությունը»: 

Իրականությունը լրիվ այլ է եղել: Լենինը նույնիսկ տեղյակ չի եղել, որ նման բան է նախապատրաստվում: 40-ամյակի շեմին գտնվող Տրոցկին որոշել է ինքն իրեն նվեր մատուցել եւ գնացել է արկածախնդրության: Նրա դրդմամբ, Պետրոգրադի սովետի ռազմա-հեղափոխական կոմիտեի նիստում ռազմական հեղաշրջման որոշում է ընդունվել, եւ ընդամենը 3 հազար նավաստիների ուժերով իշխանությունը գրավվել է: Իսկ հետո այն համարյա թե սկուտեղի վրա մատուցվել է Լենինին: Ավելացնեմ, որ մինչ այդ՝ 1917-ի հուլիսին, բոլշեւիկները Պետրոգրադում կազմակերպել էին զինված ցույց, եւ այն տապալվել էր: Եվ եթե Լենինին մնար, ապա հայտնի չէ, թե երբ կլիներ հաջորդ փորձը կամ կլինե՞ր, արդյոք, ընդհանրապես...  

Ի՞նչ կապ ունի ավելի քան 100 տարի առաջ Ռուսաստանում կատարվածը մեր իրականության հետ՝ կհարցնի ընթերցողը: Պարզաբանեմ․ 2020 թվականի 44-օրյա պատերազմում խայտառակ պարտությունից հետո դիմադրության շարժման երկրորդ փուլի սկիզբը տարերային էր: Հիշենք․ այն սկսվեց Փաշինյան Նիկոլի կողմից Իլհամ Ալիեւի հետ ինչ-ինչ թղթեր ստորագրելու գործընթացը տապալելու ակնկալիքով: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գնաց Ազատության հրապարակ եւ խոստացավ չվերադառնալ խորհրդարան՝ մինչեւ շարժման հաղթանակը: 

Փողոց դուրս եկան նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հերթական չմտածված խոսքից վիրավորված՝ զոհված զինվորականների ծնողները: Տարերայնորեն սկսված շարժումը կարող է ավարտվել հաղթանակով, եթե արհամարհում է խոչընդոտները եւ չի «առաջնորդվում» թղթի վրա գրված կանոններով: Այն ունի սեփական կանոնները, եւ դրան հետեւելու դեպքում շարժումը հաջողության է հասնում, հակառակ դեպքում  մարում է կամ տապալվում:
«Հրապարակի» էջերում գնահատելով Արթուր Վանեցյանի քայլը՝ ենթադրել էի, որ շարժման ընթացքում նա կհաղթահարի փափուկ խառնվածքը, քանի որ շարժումը պահանջում է հենց կոշտ բնավորության լիդեր: Բայց այդպես չստացվեց: Չնայած Վանեցյանը խոստանում էր կարճ ժամկետում Նիկոլին հեռացնել իշխանությունից, սակայն արմատական քայլեր չկատարեց այդ ուղղությամբ: Ի դեպ, նույն գիծը, բայց առանց արագ հաղթանակի հույս տալու, տարավ նրան փոխարինած դաշնակցական Իշխան Սաղաթելյանը: Այնինչ էն գլխից էլ պարզ էր, որ Փաշինյան Նիկոլը Սերժ Սարգսյան չէ, եւ նա հենց այնպես չէր հանձնելու իշխանությունը: Իսկ առանց արմատական քայլերի մնացած բոլոր գործողությունները «հենց այնպիսի»-ի տրամաբանության շրջանակում էին: Հատկապես որ չհաջողվեց համատարած ձեւով փողոցներ եւ ճանապարհներ փակելու գործընթացը: Եվ շարժման երկրորդ փուլն էլ թափ հավաքեց, իսկ այնուհետեւ մարեց հենց նույն առանցքային պատճառով, ինչն առկա էր նաեւ առաջին փուլում: Փողոցում հավաքված զանգվածն ավելի արմատական էր, քան դրան առաջնորդողները: Կա այսպիսի մի հեղափոխական կանոն՝ եթե շարժման առաջնորդը պատրաստ չէ ձերբակալվելու կամ նույնիսկ մահանալու, ապա շարժումը դատապարտված է տապալման: 

Իսկ վրաննե՞րը՝ կհարցնի ընթերցողը: Ո՞րն էր դրանց խորհրդանշանային բնույթը: Ավա՜ղ, դրանք ոչ թե հաղթանակի, այլ անհաջողության խորհրդանիշ էին: Հաղթական պատերազմի ակնկալիք ունեցող կողմը, որը պետք է պատրաստվի հարձակման, վրանների մասին կա՛մ չի մտածում, կա՛մ մտածում է ամենավերջին հերթին: Ինչը բնական է, քանի որ հարձակման դեպքում վրաններ պետք չեն գալիս: Այնպես որ, վրանները դարձել էին դիմադրության շարժման խորհրդանիշ, սակայն ո՛չ դրական իմաստով: Եվ այսօր դրանք հանված են, ինչը նշանակում է, որ «վրանային» շարժումն անհաջողության է մատնվել: Որպեսզի շարժումը հաղթանակի, այն վրանի կարիք չպետք է  ունենա: Հուսով եմ, որ հաջորդ անգամ իսկապես դրա կարիքը չի լինի: