Օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաների մասին որևէ բացասական զեկույց չի եղել․ԱՆ ՔԿԱԳ

Օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաների մասին որևէ բացասական զեկույց չի եղել․ԱՆ ՔԿԱԳ

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ արտերկրում որդեգրված երեխաների օրգանների հնարավոր վաճառքի մասին աղմկհարույց հայտարարությունից հետո «Որդեգրման ոլորտի մասնագետներն ապշած են» վերտառությամբ ներկայացրել էինք որդեգրման համակարգի 2 փորձառու մասնագետի նշածը բացառող արձագանքը՝ առանց հրապարակայնացման, նրանց ցանկությամբ։

Նշել էինք նաև, որ սույն աղմկալից հայտարարության մասին անպայման փորձելու ենք ստանալ նաև ՀՀ կենտրոնական մարմնի՝ ՔԿԱԳ որդեգրման և ապոստիլ բաժնի պարզաբանումները՝ նման զգայուն թեմայի վերաբերյալ հրապարկամն մեջ անանուն աղբյուրների ասածը լրացնելու համար։

Ներկայացնում ենք Hraparak.am-ի մի շարք հարցադրումների վերաբերյալ պաշտոնական պատասխանը, որը վերաբերում է հարցադրումներին, թե ինչ օրենսդրությամբ է կարգավորվում միջազգային որդեգրման գործընթացը, ի՞նչ երկրների կողմից, ինչ վիճակագրական տվյալներ կան 2017 և 2018 թթ․ համար։

Ըստ այդմ՝ 2017 թվականի ընթացքում Կենտրոնական մարմնի միջոցով որդեգրվել են 30, իսկ 2018 թվականի ընթացքում՝ 17 երեխա: ՀՀ քաղաքացի երեխաների մեծ մասը որդեգրվել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի քաղաքացիների կողմից: Ֆրանսիայի Հանրապետության հետ «Երեխաների պաշտպանության և և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի Կոնվենցիայի շրջանակներում որդեգրման գործընթացը ժամանակավորապես կասեցված է:

Առ այսօր որևէ բացասական զեկույց կամ տեղեկատվություն օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաների մասին Հայաստանի Կենտրոնական մարմինը չի ստացել. երեխաների կենսապայմանները ապահովված են, վերջիններս ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և գտնվում են տվյալ պետության իրավասու մարմինների վերահսկողության ներքո: Ինչ վերաբերում է կարգավորող օրենսդրությանը, ապա որդեգրման գործընթացը իրականացվում է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 29.05.1993թ. կոնվենցիայով, Ընտանեկան օրենսգրքով, կառավարության 18.05.2010թ. թիվ 269-Ն որոշմամբ սահմանված կարգով:

ՀՀ կառավարության 24.07.2008թ. թիվ 790-Ն որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարությունը նշանակվել է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայով նախատեսված կենտրոնական մարմին: Կենտրոնական մարմնի կողմից համակարգվում է օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման գործընթացը: Կոնվենցիայի շրջանակներում ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման գործընթացը կազմակերպելու ընթացքում Կենտրոնական մարմինը համագործակցում է Կոնվենցիային անդամակցող պետությունների կենտրոնական մարմինների և տվյալ պետության իրավասու մարմինների կողմից հավատարմագրված կազմակերպությունների հետ:

Նշված որոշմամբ հաստատված «Որդեգրման կարգ»-ի 64-րդ կետի համաձայն՝ Կենտրոնական մարմինն օտարերկրյա պետություն որդեգրված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ մինչև որդեգրման 5 տարին լրանալը, դիմում է համապատասխան պետության իրավասու մարմնին։ Որդեգրված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ զեկույցները, որոնք ներառում են երեխայի կենսապայմանների ուսումնասիրության, առողջական վիճակի մասին տեղեկություններ և երեխայի և ընտանիքի լուսանկարներ, Կենտրոնական մարմին են ներկայացվում օտարերկրյա պետության կենտրոնական մարմինների կամ հավատարմագրված կազմակերպությունների կողմից: Որդեգրված երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով, կառավարության վերը նշված որոշման հավելված 2-ով սահմանված կարգով, Կենտրոնական մարմինը երեխայի որդեգրման մասին տեղեկությունները տրամադրում է Արտաքին գործերի նախարարությանը` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների իրականացման համար։

Վերջինս որդեգրված երեխայի մասին տեղեկատվությունները ուղարկում է որդեգրողների մշտական բնակության վայրում գտնվող ՀՀ հյուպատոսական հիմնարկ: Հյուպատոսական հիմնարկի կողմից հաշվառվում է օտարերկրյա պետություն որդեգրված և տեղափոխված երեխան և ՀՀ արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում երեխայի մասին ստացված յուրաքանչյուր տեղեկություն: Միաժամանակ, Կենտրոնական մարմինը, համագործակցելով իր գործընկերների հետ, վերջիններիս աջակցությամբ շարունակական կապի մեջ է գտնվում որդեգրող ընտանիքների հետ, այդ թվում, հրավերքի առկայության դեպքում, այցելություններ են կատարվում որդեգրողների ընտանիքներ՝ որդեգրված երեխաների հետ շփվելու, նրանց տեսակցելու նպատակով:

Կոնվենցիայի շրջանակներում Կենտրոնական մարմինը համագործակցում է ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի, Գերմանիայի, Անգլիայի, Ավստրիայի, Հունաստանի կենտրոնական մարմինների հետ: Որպես ամփոփում հավելենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվում է որդեգրման գործընթացը կարգավորող իրավական ակտի նախագիծ, որը նպատակ ունի որդեգրման ընթացակարգերը համապատասխանեցնել Կոնվենցիայի պահանջներին, ապահովել երեխաների շահերի պաշտպանությունը, բացառել կոռուպցիոն ռիսկերը: