Ոչ ոք չի պլստալու

Ոչ ոք չի պլստալու

Ճիշտն այն է, որ ոչ ոք չպլստա: Լսո՞ւմ եք, ոչ ոք: Ո՞ւմ հայտնի չէ, որ ձու գողացողը ձի էլ կգողանա: նորելուկ օլիգարխին որ կապես կայացած օլիգարխի մոտ, կամ կծել կսովորի, կամ քացի տալ: Իզուր եք ծիծաղում: Ես ամենայն լրջությամբ եմ ասում այս ամենը, և հեղափոխության մի խնդիրն էլ այն է, որ ոչ ոք չպլստա: Այդպես է ասել Նիկոլ Փաշինյանն ու արդեն քայլեր է ձեռնարկում, որ նույնիսկ յուրայինները չպլստան, եթե մի բան կերել են:

Լավ, շատ չերկարացնեմ, հավանաբար հասկացաք արդեն, որ ինձ ոստիկանությունից հերթական թուղթն է եկել ՃԵ կանոնների խախտման մասին: Ճիշտն ասած՝ ես լսել էի, որ Փաշինյանը տիրացել է Սաշիկի՝ տեսախցիկների բիզնեսին, բայց չէի պատկերացնում, որ նման բան հնարավոր է: Պարզվում է՝ ճիշտ է: Նիկոլ Փաշինյանի տեսախցիկները, որոնք տեղակայված են Տիգրան Մեծի, Հանրապետության և Մհեր Մկրտչյան փողոցների հատման վայրում, գրանցել են խախտումս, որ տեղի է ունեցել նշված խաչմերուկից, մեղա-մեղա, 100-150 մետր ավելի ներքև՝ Տիգրան Մեծի վրա գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի դռների մոտ:

Համառոտ նկարագրեմ խախտումը: Այդ հատվածում «Երևան սիթիի» հաճախորդների ավտոմեքենաները կանգնում են մայթին ուղղահայաց և իրենց հետույքներով փակում առաջին շարքի երթևեկությունը: Դու գալիս ես երկրորդ շարքով, բայց դիմացից ընթացող ավտոմեքենան հանկարծ կանգնում է և սպասում՝ «կանգառից» ավտոմեքենա դուրս գա, որ նրա տեղը կանգնի: Ուզում ես վերադասավորվել 3-րդ շարք, որ շարունակես երթևեկությունդ, սակայն երրորդ շարքով այնքան ավտոմեքենա է գալիս, որ մնում ես կանգնած՝ թարթիչը միացրած: Այ հենց դրանից էլ օգտվում է Նիկոլ Փաշինյանն ու մի հատ սելֆի անում մեքենայիդ համարը:

Վերջ եղբայր, բռնել եմ, բարի եղիր վճարել: Տեսանյութից, որ ինձ ուղարկել են, հստակ է, որ ես մեքենայից չեմ իջել, սպասում եմ՝ թարթիչը միացրած: Իրավիճակը ծանրացնում է տաքսի ավտոմեքենան, որ կանգնում է 3-րդ շարքում և իջեցնում «Երևան սիթիի» հերթական հպարտ գնորդին:  Այս գեղեցիկ նոտայի վրա էլ ավարտվում է տեսանյութը, այդպես էլ չֆիքսելով՝ ես իմ մեքենայի ղեկին եմ, թե մեքենան թողել եմ ճանապարհի մեջտեղում ու մտել «սիթի»:
Ամբողջ հարցն այն է, որ ես բռնելու տեղ չունեմ: Մեքենաս իրոք 2-րդ շարքում է, արգելակի լույսերն ու թարթիչն էլ միացված: Ոստիկանությունում նման բաների չեն նայում: Նայում են միայն, թե որ շարքում է մեքենադ:

Դու ինչքան ուզում ես համոզիր, որ ուղտ չես, որ եթե դու մեքենայի մեջ չլինեիր, արգելակների լույսերը չէին կարող միացված լինել: Միևնույն է, իրենցն են պնդում:
Ճարահատ, խախտման թուղթը վերցրի ու գնացի մեր հարևան նախկին ոստիկան Շմավոնի տուն, որ ինձ մի ճամփա ցույց տա, եթե չեմ ուզում վճարել:
Շմավոնի առաջին հարցը սա էր.

-Էս որտե՞ղ է:

-«Երևան սիթի»-ի դիմաց, Տիգրան Մեծի վրա:

-Չի կարող պատահել:

-Չի կարողը ո՞րն է, Շմավոն ջան, փաստ է, կինոն էլ կա:

-Ես քաղաքական առումով եմ ասում՝ չի կարող պատահել: Լֆիկն իրենց ախպերն է, իրենք՝ Լֆիկի, պիտի այս բանը չանեին: Եթե տարածվի, որ այդ խանութի մոտ այսպիսի տեսախցիկներ կան, ոչ ոք խանութ չի մտնի: Լֆիկի գործին կխփեն, իսկ դա քաղաքական առումով ճիշտ չէ: Նիկոլի Աննան էդ տղու տրիկոտաժը ռեկլամ անելով հայտնի դարձավ, հիմա նրա փողերով է եվրոպական պտույտների գնում: Մի խոսքով՝ ազնիվ չէ Լֆիկի հանդեպ:

-Շմավոն, ես հիմա իմ 5 հազարի դարդն եմ, ոչ թե Ալեքսանյան Սամվելի և Փաշինյան Նիկոլի քաղաքական խաղերի:

-Հասկանում եմ, բայց միակ կախվելու տեղը դա է, որ փող չտաս:

-Կատակո՞ւմ ես, Շմավոն, ես դրանից ո՞նց կառչեմ, ԳԱԻ-ում չե՞ն ասի՝ ի՞նչ կապ ունի, թե ում խանութի մոտ ես խախտում արել:

-Կասեն, իսկ դու բացատրիր, որ Փաշինյանը «վայիս» է եղել էդ մարդու հացին ու տեսախցիկներ է շարել նրա խանութի մոտ:

-Հետո՞:

-Հետո էն, որ ոչ ոք չի պլստալու, այդ թվում և տեսախցիկները հանելու կոչերով իշխանության եկած վարչապետը, որ, մեկ տարի էլ չանցած, խլեց Սաշիկի բիզնեսը:

-Բայց փաստեր չկան, Շմավոն:

-Սրանից էլ լավ փա՞ստ: Դու կանգնում ես Լֆիկի խանութի մոտ, իսկ Նիկոլը սելֆի է անում ու փող աշխատում խախտումիդ վրա:

-Բայց ես չեմ ուզում ԳԱԻ-ում Լֆիկի անունը տալ: Ես նրան հարգում եմ, կարգին տղա է: Գիտե՞ս քանի մենաշնորհից է հրաժարվել: Եվ այդ ամենը հանուն հեղափոխույան և հանուն Նիկոլի:

-Այդ դեպքում ես քեզ ոչնչով չեմ կարող օգնել,- ուսերը վեր քաշելով՝ ասաց Շմավոնն ինձ մեկնեց ակտը:

Տանը նստած մտածում էի՝ գնամ երկուշաբթի մուծեմ այս 5 հազարը, որ բանն էլի ԴԱՀԿ-ին չհասնի ու կալանք չդնեն ունեցած-չունեցածիս վրա: Բայց հանկարծ հիշեցի, որ Նիկոլ Փաշինյանն ու Վալերիյ Օսիպյանը հեղափոխության թունդ օրերից ինձ 300 հազար դրամ են պարտք: Իմ մեքենան խիստ վնասվել էր հեղափոխականների մեքենայի հարվածից: Այն ժամանակ ինքնահռչակ վարչապետն ու նիկոլանշանակ ոստիկանապետը հայտարարեցին, որ վնասներ կրած քաղաքացիները հատուցում կստանան ԱՊՊԱ-ներից: ԱՊՊԱ-ում մատը տարան քունքի մոտ ու պտտեցին, երբ ես դիմեցի այդ հարցով: Այսինքն՝ Փաշինյանի և Օսիպյանի ասածը մեզ համար հեչ, դու «խփող» մեքենայի տեղն ասա: Ներողություն, իհարկե, բայց «խփող» մեքենան ուշ ժամերին «էն սալյուտ խփողների» նման թռավ դեպքի վայրից, իսկ ես չկարողացա հետապնդել, որովհետև փողոցում լիքը ժողովուրդ կար:

Ես մի քանի հոդված եմ գրել այս մասին, զանազան հաղորդումներ տվել, որ Փաշինյանն ու Օսիպյանը հրաժարվում են փոխհատուցել վնասաս, իսկ ավելի ստույգ՝ ինձ փոխանցել 300 հազար դրամի պարտքը, որ գրել եմ իրենց վրա: Եվ հիմա, երբ ինձ հերթական «սև» թուղթն են ուղարկել, ճիշտ ժամանակն է ևս մեկ անգամ նրանց հիշեցնել այդ մասին:

Պարոնայք վարչապետ և ոստիկանապետ, ամոթն էլ լավ բան է, դուք պատրաստվո՞ւմ եք պարտքը վերադարձնել, թե՞ ուղիղ դիմեմ ԴԱՀԿ՝ ձեր եղած չեղածի վրա կալանք դնելու խնդրանքով: Արդարադատության նախարար ունենք՝ աշխարհը չունի: Երկուշաբթի ես ուղիղ նրա մոտ եմ գնալու և խնդրելու եմ վերջ տալ այս «բեսպրեդելին»: Եթե արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «գարանտ» կանքնի, որ այս մի քանի օրն այդ գումարը կհասնի ինձ, ես դեռ կսպասեմ, իսկ հենց գումարը ստանամ, կվճարեմ տուգանքս՝ 5 հազար դրամ՝ «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ խցանման մեջ ընկնելու համար: Այլ կերպ ասած՝ ոչ ոք չի պլստալու՝ ոչ Փաշինյանը, ոչ Օսիպյանը և ոչ էլ նույնիսկ ես: