Ինչո՞ւ են «Անուշարան» սրճարանում հանդիպել Բալասանյանն ու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենը

Ինչո՞ւ են  «Անուշարան» սրճարանում հանդիպել  Բալասանյանն  ու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի  տնօրենը

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի շուրջ առաջացած կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև գնալով թեժանում են: Հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը շարունակում է նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին մեղադրել չարաշահումների եւ կեղծ հաշվետվություն ներկայացնելու համար: Ղարիբ Հարությունյանն էլ այդ ամենին ի պատասխան՝ վստահեցնում է, որ իր հասցեին հնչած մեղադրանքները զուտ քաղաքական ենթատեքստ են կրում: Հիշեցնենք, որ օրերս «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ասված էր, որ նախկին գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում նրա կողմից որևէ չարաշահում չի եղել:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Պետրոսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ գրելով. «Արդարության մարտիկ Մհերը երեկ՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ, «Անուշարանի» սրճարանում ինչ ցուցումներ է ստանում, կպարզվի ավելի ուշ…»: Ուշագրավ է, որ նշված սրճարանը պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Այս փաստը լույս է սփռում Ղարիբ Հարությունյանի հայտարարության վրա, երբ ասում էր, թե Մհերը քաղաքական պատվեր է կատարում: Նկատենք, որ ամիսներ առաջ շրջանառվում էին խոսակցություններ, թե Ղարիբ Հարությունյանը քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի, այսօր էլ լուրեր են պտտվում, որ առաջիկայում հենց նա կնշանակվի Շիրակի փոխմարզպետ, մանավանդ, որ մարզպետի պաշտոնում մտերիմ ընկերն է՝ Տիգրան Պետրոսյանը: Որքանո՞վ է հավանական, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի թիկունքում քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, եւ ի՞նչ հանդիպումներ են ունեցել նրանք, փորձեցինք պարզել քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Քաղաքապետի անունից որևէ մեկնաբանություն չստացանք, միայն պատասխանեցին. «Մհերը երբ և ուր է գնացել՝ պարզեք իրենից»: Մհեր Խաչատրյանի հետ նույնպես կապ հաստատեցինք: «Կարեն Պետրոսյանի հայտարարության պահով պետք է դիմեմ դատարան: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական պատվեր կատարելուն, եթե իրենց կողմից ստույգ հիմնավորումներ և փաստեր չեն ներկայացվի, ուրեմն նույնկերպ պետք է պատասխան տան զրպարտելու համար»,- hraparak.am-ին պատասխանեց հիմնադրամի տնօրենը:

Մեր հարցին, թե պատրաստվո՞ւմ է նախկին տնօրենի չարաշահումների հետ կապված դիմել դատախազին, ինչպես վաղօրոք հայտարարել էր, մեր զրուցակիցն ասաց. «Իրավապահ մարմիններին անպայման դիմելու եմ և հիմա իրավաբանների հետ խորհրդակցում եմ, որպեսզի ընթացակարգը ճիշտ կազմակերպեմ: Մի քանի դեպքեր կան իրավապահներին դիմելու, դրա համար պետք է ամեն ինչ ճշգրտեմ, թե որ մարմիններին պետք է դիմեմ»: Հարկ ենք համարում նշել, որ, այնուամենայնիվ, իր ասուլիսներից մեկի ընթացքում Մհեր Խաչատրյանը հաստատել է, որ քաղաքապետի հետ հանդիպումներ ունեցել է, բայց, ինչպես ինքն է հավաստիացնում, դրանք զուտ գործնական բնույթի են եղել , եւ առաջարկում է, որ «Անուշարան» սրճարանի կամ հարակից տարածքների տեսախցիկների ձայնագրություններն իրավապահ մարմինները վերցնեն քննության: