Հրադադարի շուրջ` դիվանագիտական լռություն

Հրադադարի շուրջ` դիվանագիտական լռություն

 Լրացավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հրադադարի եռակողմ համաձայնագրի քսանհինգերորդ տարին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդ առթիվ հայտարարությամբ հանդես չեկան: Հրադադարի տարեդարձին անդրադարձավ Ռուսաստանի ԱԳՆ-ն: Տարածված փաստաթղթում, սակայն, եթե նախապես շեշտադրված էր համաձայնության եռակողմ ձեւաչափը, ամփոփիչ մասում ասված էր, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանին եւ Ադրբեջանին` հասնելու խնդրի խաղաղ-բանակցային կարգավորմանը: Հրադադարի տարեդարձի առթիվ հայտարարություն տարածեց Հայաստանի ԱԳՆ-ն, իսկ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ հատուկ ուղերձով, որտեղ վերստին ընդգծվեց, որ առարկայական բանակցություններ չեն կարող լինել առանց Արցախի մասնակցության: Վարչապետն ընդգծեց, որ բանակցություններով պետք է որոշարկվեն Արցախի վերջնական կարգավիճակը եւ նրա անվտանգության երաշխիքները: Ադրբեջանը ոչ ԱԳՆ, ոչ նախագահի աշխատակազմի մակարդակով հրադադարի տարեդարձին չանդրադարձավ: Թեման շրջանցեցին նաեւ ադրբեջանցի փորձագետները, քաղաքագետները եւ առհասարակ բոլոր լրատվամիջոցները: Տպավորություն է, որ Ադրբեջանը գիտակցաբար մոռացության է տալիս քառորդդարյա վաղեմության այդ կարեւորագույն իրադարձությունը: Բաքվում համարում են, որ ղարաբաղյան պատերազմը չի ավարտվել: Պարզապես մարտական ակտիվ գործողությունների առաջին փուլն ավարտվել է: Հեյդար Ալիեւի ծննդյան տարեդարձին նվիրված արարողությանը ելույթ ունենալով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է 90-ականների ներքաղաքական իրավիճակից եւ պատերազմում կրած պարտությունները պայմանավորել քաղաքական համակարգի անկատարությամբ: Շուշիի անկման 27-րդ տարեդարձի առթիվ ԱԳՆ հայտարարության մեջ էլ շեշտված էր, որ եթե բանակցությունները չհանգեցնեն ցանկալի արդյունքի, ապա ,,Ադրբեջանն իրեն իրավունք կվերապահի տարածքային ամբողջականությունը վերականգնել` համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության,,: Այս հռետորաբանության պատասխանը կարող էր լինել հրադադարի տարեդարձի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: Երեւում է, սակայն, որ այս հարցում միջնորդները միասնական մոտեցում չունեն: Ռուսաստանը համարում է, որ իր բացառիկ միջնորդության շնորհիվ է կնքվել հրադադարի համաձայնագիրը: Դրանից հետեւում է, որ կարգավորման բանակցային գործընթացի դիվանագիտական վերահսկողությունը Մոսկվան համարում է սեփական առանձնաշնորհը: Մամուլում խոսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի աարտգործնախարարների հերթական հանդիպման հավանականության մասին: ԱՄՆ պետքարտուղարությունը, մինչդեռ, չի հաստատել, որ Միացյալ Նահանգները նման նախաձեռնություն են ցուցաբերել: Ըստ երեւույթին, նման հանդիպում կարող է կազմակերպել Ֆրանսիայի ԱԳՆ-ն, բայց հստակ ժամկետներ չկան: Առաջիկա օրերին վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Ալիեւը կհյուրընկալվեն Բրյուսելում: Փաշինյանը չի բացառել, որ կարող է ոչ պաշտոնական շփում ունենալ Ալիեւի հետ: Ադրբեջանական կողմից արձագանք դեռեւս չկա: Բայց եթե նկատի ունենանք Բաքվից հրադադարի տարեդարձի անտեսումը, ապա Փաշինյան-Ալիեւ նոր երկխոսության հնարավորությունը խիստ կասկածելի է երեւում: Մանավանդ որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները նույնպես խորհրդավոր լռություն պահպանեցին հրադադարի քսանհինգերորդ տարեդարձի շուրջ: