Փաշինյան-Ռասպուտին` հեռավոր առնչություններ

Փաշինյան-Ռասպուտին` հեռավոր առնչություններ

Եթե ձեզ փողոցում պատահաբար հարցնեն, թե որն է Սերժ Սարգսյանի վերջին վատությունը Հայաստանին, կարող եք հանգիստ խղճով պատասխանել` իշխանությունը չկայացածների թիմին փոխանցելը: Իշխանությունը հանձնելուց տարիներ առաջ Սերժ Սարգսյանն ասում էր, որ կարող է 5-6 մարդու անուն տալ, որոնց կարելի է փոխանցել իշխանությունը: Այն ժամանակ անունները չբարձրաձայնեց` պատճառաբանելով, որ նրանց վրա «հարձակում» կսկսվի: Այդ անունների մեջ կա՞ր Նիկոլ Փաշինյանի անունը: Վստահ եմ` բոլորը կասեն` ոչ: Բայց մի շտապեք, որովհետեւ Սերժ Սարգսյանն այդ մասին խոսել է այն ժամանակ, երբ նոր-նոր էին ձեռնարկում սահմանադրական փոփոխությունները, որոնք հետագայում պետք է հաստատվեին հանրաքվեով, ու Հայաստանը պետք է դառնար խորհրդարանական կառավարմամբ երկիր: Եթե չեմ սխալվում, ՀՀ-ում առաջինը հենց Նիկոլ Փաշինյանը գոչեց, որ այդ սահմանադրությունը Սերժի հագով է կարված: Իսկ հիմա հիշեք հայտնի խոսքը, թե ով է առաջինը գոռում` բռնեեեեք…

Ես վարչապետ չեմ ուզում դառնալ, նախագահ չեմ ուզում, ԱԺ նախագահ էլ չեմ ուզում՝ ասաց Սերժ Սարգսյանը։ Իրականում նրան ոչ ոք չէր էլ խնդրում որեւէ բան դառնալ: Պետք էր ընդամենը նորմալ ԱԺ ընտրություններ անցկացնել եւ հանգիստ խղճով հեռանալ: Ով կհաղթեր, թող հաղթեր: Դա կարող էր լինել նրա մտքում եղած կամ չեղած մարդկանցից մեկնումեկը: Սակայն չմոռանանք, որ գործ ունեինք Սերժ Սարգսյանի հետ…

Այստեղ մի անեկդոտ պետք է պատմեմ, որ շատ նման է 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների իրավիճակին: Ուրեմն ամերիկացին, ֆրանսիացին եւ հայը գերի են ընկնում գերմանացիների մոտ: Գերմանացիներն ազատման 3 պայման են դնում սրանց առաջ` կա՛մ 5 հազար դոլար փրկագին եք տալիս, կա՛մ մի պարկ սոխ եք ուտում, կա՛մ հետույքին ճիպոտի 50 հարված: Ամերիկացին, հասկանալի է, ձեռքը տանում է գրպանը, 5000-ը վճարում եւ ազատվում: Ֆրանսիացին, որ այդքան փող չուներ, ընտրում է ճիպոտի 50 հարվածը: Հերթը հասնում է հային.

- Հլա էն մեշոկով սոխը բերեք…

Բերում են: Մի հատ ուտում է, երկրորդը, երրորդին` արցունքներն աչքերից գնում են: Ուտելը դադարեցնում է, գնում-պառկում է իշոտնուկին, թե` ճիպոտեք: Սկսում են ծեծել. մեկ, երկու… Ցավից գոռում է, վեր է կենում պառկած տեղից, կողքին ընկած շորերը քրքրում, միջից 5000 դոլարը հանում.

- Առեք ձեր փողը, ես գնացի…

Սերժ Սարգսյանն այդ հային է հիշեցնում: Նա փորձեց մնալու բոլոր տարբերակները, բայց ստիպված եղավ ընտրել մնալու` մեզ համար ամենավատ տարբերակը` իշխանությունը «փոխանցելով» Նիկոլ Փաշինյանին: Մինչդեռ ում էլ նա ընտրություններով փոխանցեր իշխանությունը, նոր սահմանադրությամբ փոփոխություններ տեղի կունենային Հայաստանում, որոնք կապահովեին ոչ միայն սահուն անցումը կառավարման խորհրդարանական համակարգին, այլեւ հնարավորություն կտային վարել արտաքին եւ ներքին կայուն քաղաքականություն եւ երկիրը պահել ռելսերի վրա: Բայց, ինչպես ասաց Սերժ Սարգսյանը, Նիկոլն էր ճիշտը: Մենք էլ հիմա այդ ճշտի պտուղներն ենք ճաշակում:

Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգը ոչ թե ջարդվել, այլ փոխել է արտաքին պաճուճանքը: Պետք չէ խաբվել ո՛չ Նիկոլ Փաշինյանի «հերոսական» կեցվածքին, ո՛չ Աշոտյանի ու Շարմազանովի գրառումներին եւ ո՛չ էլ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին: Երբ ասում են` ժողովուրդը, զզված հին կարգերից, գնաց ու ձայն տվեց Փաշինյանին, ինձ թվում է, որ 2017թ. ապրիլի 2-ից մինչեւ 2018թ. դեկտեմբերի 9-ը ես բացակայել եմ Հայաստանից, ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ լսել: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ամենը լսող ժողովուրդն է իրեն ձեւ տալիս, թե հա, իսկականից զզվել էինք ու ընտրեցինք Նիկոլին: Եթե զզվել էիք, սիրելիներս, ինչո՞ւ ապրիլի 2-ին այնպես քվեարկեցիք ՀՀԿ-ի օգտին, որ Սերժ Սարգսյանի ախորժակը բացվեր ու ասեր` «հլա էն մեշոկով սոխը բերեք»՝ ուզում եմ վարչապետ դառնալ:

Ո՞վ չթողեց Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալ: Սա նույնպես հետաքրքիր հարց է: Այն բանից հետո, երբ նա այնուամենայնիվ ընտրվեց վարչապետ, փողոցում հաստատ «լիքը ժողովուրդ» չկար: Փոխարենը մամուլն էր աղմկում` Սերժը, չհեռանալով, խախտել է պայմանավորվածությունները: Եվ սա այն եզակի դեպքերից էր, որ պետք է ասել` մամուլը չէր սխալվում: Սերժ Սարգսյանը սահմանադրություն չէր խախտել, օրենքը նրան թույլ էր տալիս նախագահի պաշտոնից հեռանալուց հետո դառնալ վարչապետ, բայց… Բայց չէ՞ որ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ հաղթանակն ապահովել էին բոլորովին այլ մարդիկ, որոնք հետո իրենց գործունեությամբ ստվերում էին թողնելու Սերժ Սարգսյանի իշխանության, մեղմ ասած, «չզարգացման» տարիները: Այս պահին չէի ցանկանա ասել, թե ում հետ եւ ինչ պայմանավորվածություններ խախտվեցին, ում «քցեց» Սերժ Սարգսյանը:

Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա պետք է ասել, որ նա շատ ուշիմ աշակերտ դուրս եկավ: Առաջին հերթին պետք էր քանդել ՀՀԿ-ն, որ հանկարծակիի էր եկել Սերժ Սարգսյանի հերթական միանձնյա, այն է` վարչապետ դառնալու որոշումից: Հասկանում եք, երեւի, վերջին տարում այդ կուսակցություն նոր մարդիկ էին եկել, ծանրության բեւեռ էին ստեղծել, թեւեր էին ձեւավորել, նպատակներ ունեին, բայց պարզվեց, որ առուն չթռած էին հոպ ասել: Սերժ Սարգսյանն ԱԺ իր մի քանի օլիգարխներով եւ մեկ-երկու ինտելեկտուալներով արդեն փոքրամասնություն էր դարձել կուսակցությունում: ՀՀԿ-ում նրան կարող էին չներել պայմանավորվածությունների այդ կոպիտ խախտումը եւ հեռացնել ղեկավար պաշտոնից: Իսկ դա նշանակում էր պալատական հեղաշրջում, որին կհետեւեր նաեւ վարչապետի պաշտոնից հեռացումը: Իշխանությունը Փաշինյանին հանձնելով` Սերժ Սարգսյանը խուսափեց այդ հեռանկարից:

Պայմանավորվածությունների արդյունքում ՀՀԿ ներսում ձեւավորված «նոր իշխանությունը» դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո ցրվեց աշխարհով մեկ, իսկ Սերժ Սարգսյանը պահպանեց նախկին համակարգի եւ ՀՀԿ փոքրամասնության վրա իր իշխանությունը: Այդ ընթացքում Փաշինյանն զբաղված էր յուրահատուկ ռեկետով: Նա այդ օրերի Ռասպուտինն էր, որ ինչի վրա մատը դնում էր, գլուխ էր գալիս` ում անունը տալիս էր, բռնում էին, ով «իրենց» հետ չէր, ասֆալտին էր հայտնվում, ով իրենց հետ էր, կոռումպացված չէր եւ այսպես շարունակ: Այս «դուխով» ծրագիրն այնքան համոզիչ էր, որ նույնիսկ բազմավաստակ Սորոսը հավատաց ու գրպանները լայն բացեց հայկական հեղափոխության համար: Բայց Սերժն ու Փաշինյանը պատրաստ էին նույնիսկ այդ գայթակղությանը դիմակայել: Սորոսի փողերը հեղափոխության մեջ «ներդրվեցին» մի քանի ՀԿ-ների, «գենդերների» եւ այլոց ձեռքով, եւ հիմա արդեն Սերժն ու Նիկոլը «քցում» են Սորոսին:
Իսկ պատահակա՞ն է, որ Փաշինյանը չի կարողանում իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք որակապես կփոխեն մարդկանց կյանքը:

Արտաքին ճակատում նա այս պահին շարժվում է ճիշտ Սերժ Սարգսյանի կուրսով` վստահություն չներշնչող սիլիբիլի Ռուսաստանի հետ եւ արկածային տեսարաններ Եվրոպայում: Ներքին ճակատում իրավիճակն ավելի վատ է: Հեղափոխական օրերի խոստումներից ոչ մեկը չի իրականացվել: Արդեն իսկ հասկանալի է, որ ժողովուրդը սուտ խոստումներին խաբվել է միայն այն պատճառով, որ խոստումներ տվողը Փաշինյանն է` հին համակարգի օրոք հալածված, ընդհատակում եղած, բանտ նստած ընդդիմադիրը, որ, ահա, եկել է արդարություն հաստատելու:

Այսօր կա՞ մեկը Հայաստանում, որ հավատում է Փաշինյանի գլխավորած կառավարությանը, լրագրողներից բացի կա՞ն մարդիկ, որ կարող են թվարկել Փաշինյանի նախարարների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անունները, քանի՞ իմքայլական պատգամավորի անուն գիտի ժողովուրդը, որ 880 հազար ձայն է տվել այդ բոլուկին: Ամեն տեղ Փաշինյանն է: Բայց եթե Փաշինյանը լիներ քաղաքական ռեսուրս ունեցող ինքնուրույն գործիչ, ապա նա առաջին հերթին Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կհաներ վարչապետի ենթակայության տակից: Դա տեղի չի ունենում: Ինչո՞ւ: Մի օր էլ կպարզվի, որ մենք սխալ պատկերացում ունենք այն մասին, թե ում են ենթարկվում նախկին համակարգի մարդկանցով ղեկավարվող այդ կառույցները եւ ինչ ֆունկցիա են իրականացնում: Փաշինյանը չգիտի՞, որ Օսիպյանն ու Վանեցյանն առաջին հերթին իրեն են «վերահսկում» եւ հետո մնացած ամեն ինչը:

Տղա է` թող ազատվի այդ վերահսկողությունից, դուրս գա Ոստիկանության ու ԱԱԾ-ի ենթակայությունից: Կարո՞ղ է… Եվ, առհասարակ, ի՞նչ կարող է անել Փաշինյանը: Նա կարող է խոսել, շոուներ սարքել, «լայվ» մտնել, ապրել կառավարական շենքերում, թվեր կրակել եւ ստանալ այնքան փող, ինչքան կտան… Չէ չէ մի` Սաշիկը 20 միլիոն մուծվեց, Վաչոն՝ 30 միլիոն, տոնածառը Տարոնի փողերով առան, Միհրանն էլ 20 միլիոն պետք է տար, էն էլ թռավ Ռուսաստան: Խոսակցություններ: Իսկ ամենածիծաղելին այն է, որ Փաշինյանն իսկապես ճիշտ է ասում, որ դատավորներն ու դատարաններն իրենից անկախ են: Իրենից անկախ են, բայց հո համակարգից ու Սերժ Սարգսյանից էլ անկախ չե՞ն: