Այդ հայտարարությունն անողը կին է, և ես ինձ թույլ չեմ տա կնոջը պատասխանել

Այդ հայտարարությունն անողը կին է, և ես ինձ թույլ չեմ տա կնոջը պատասխանել

Քաղաքացու օրը Եղեգնաձորում Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի եւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջեւ տհաճ միջադեպ էր տեղի ունեցել։ Բագրատյանը հարձակվել էր փոխմարզպետի վրա, հայհոյանքներ տեղացել նրա հասցեին, իրեն անհարգալից պահել։ Համենայնդեպս, այդպես ներկայացրին իմքայլական փոխմարզպետն ու նրա պատգամավոր ընկերները, մասնավորապես՝ Քրիստինե Պողոսյանը, ով այդ առնչությամբ անգամ «լայվ» էր մտել։ Բագրատյանը մեզ հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, թե ինքը տարածքում է եղել, բայց միջադեպին չի մասնակցել։ Դրանից հետո համացանցում լուսանկարներ տարածվեցին, թե ինչպես են ոստիկաններն ուժով հետ պահում բորբոքված Բագրատյանին։ Երեկ նա մեզ հետ զրույցում ասաց, թե նկարներ տարածողներն իրավագիտակցություն չունեն եւ պետք է հասկանան՝ որն է միջադեպը եւ որը՝ հետմիջադեպային խոսակցությունը։ 

«Միջադեպն ավարտվել է, երբ որ ինձ հրավիրել են։ Երիտասարդները հրավիրել էին, որպեսզի ես միջնորդեմ այդ դեպքի մասնակից տղաներին բերման չենթարկելու համար, որովհետեւ ոստիկանություն էին հրավիրել ընդամենը ծխախոտի մնացորդի համար։ Բնականաբար, ես հարցս ուղղեցի ընդհանուր, որովհետեւ չէի ճանաչում այդ փոխմարզպետին։ Հարց ուղղել եմ, թե ինչ է պատահել, հետագայում, արդեն, երբ իմացա, որ փոխմարզպետը սա է, այդ նշածս անձը հակադարձել է կոպիտ, որ դու ո՞վ ես, որի պատասխանը հնչել է բազմաթիվ կողմերից»,- ասաց նա։

- Բա այդ մասին նախորդ օրը մեզ հետ զրույցում ինչո՞ւ չասացիք։

- Ես ասել եմ՝ բան չի եղել, հիմա էլ եմ ասում․ ես դա համարում եմ, որ որեւէ բան չի եղել, ես դա լուրջ չեմ համարում, եւ անհարմար է, որ լրատվամիջոցը, պատգամավորը կամ գործադիր իշխանությունը զբաղվի նման անլուրջ հարցերով։

- Լուսանկարներից այն տպավորությունն է, որ ոստիկանները կարծես Ձեզ հետ են պահում ինչ-որ գործողություններից։

- Ոստիկանները, երբ որ ես մոտեցել եմ, շրջապատած են եղել դեպքի մասնակիցներին։ Բնականաբար, որեւէ մեկին չէին թողնում մոտենային։

- Բայց նկարներում բորբոքված եք երեւում։

- Եթե որեւէ մեկին ասում ես՝ ինչ է պատահել, եւ նա քեզ հակադարձում է, բնականաբար, դու կոպիտ խոսք ես ասում, ասում ես՝ չի կարելի նման կերպ վերաբերվել, այ ընկեր, չէ՞։

- Իսկ ի՞նչ խնդիր կա Ձեր եւ փոխմարզպետի միջեւ։

-Ես առաջին անգամ փոխմարզպետին տեսել եմ այդ օրը, ի՞նչ խնդիր պիտի լինի։

- «Իմ քայլի» պատգամավորներից Քրիստինե Պողոսյանը «լայվ» մտավ, հայտարարեց, որ Դուք պետք է քաղաքական պատասխանատվություն կրեք դրա համար։

- Այդ հայտարարությունն անողը կին է, իմ գործընկերն է, եւ ես ինձ թույլ չեմ տա կնոջը պատասխանել։

- Կին է, բայց պատգամավոր է։

- Պատգամավոր է, որին իր խմբակցությունն արդեն պատասխանեց, որ դա կենցաղային վեճ է, եւ դրանից քաղաքական վերլուծություն չպետք է անել, եւ պետք է ինքն արդեն վերլուծություն անի, որ չի կարելի շտապել։ Գերմանական բանակում 24 ժամ ժամանակ են տալիս որեւէ հայտարարություն անելիս․ պետք չի շտապել, պետք է լսել կողմերին, տեսնել, որ կենցաղային վեճ է, եւ չարձագանքել։