Գործարարը դատի է տվել Շահգալդյաններին, նրանք էլ՝ գործարարին

Գործարարը դատի է տվել Շահգալդյաններին, նրանք էլ՝ գործարարին

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ու նրա որդին՝ Չարենցավանի նախկին քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Օրեր առաջ նրանց դեմ ցուցմունք է տվել իրենց երբեմնի պարտնյորն ու մտերիմը՝ Չարենցավանի բնակիչ Նորիկ Վարդանյանը, ով նաեւ Չարենցավանի ավագանու անդամ է։ Վարդանյանը մի քանի տարի առաջ Շահգալդյանների հետ համատեղ բիզնեսի մեջ էր՝ Չարենցավանի մոտ գազալցակայան ունեին, որն աշխատեցնում էին կիսովի։ Հետո վատ կառավարման արդյունքում գազալցակայանը պարտքեր էր կուտակել եւ ստիպված՝ փակվել։

Արդեն 3 տարի է՝ այն չի գործում։ Գազալցակայանի հարցով Վարդանյանի ու Շահգալդյանների միջեւ կոնֆլիկտ էր առաջացել, Շահգալդյանները նրան մեղադրում էին չարաշահումներ իրականացնելու, վատ կառավարման, եկամտի մեծ մասը յուրացնելու մեջ եւ 2017-ին դիմել էին դատարան։ Հեղափոխությունից հետո՝ ընդամենը վերջերս, Ն. Վարդանյանն էլ որոշել է Շահգալդյաններին մեղադրել իրենից գազալցակայանի բաժնեմասը խլելու մեջ։ Մի քանի օր առաջ նա դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ Շահգալդյաններն իրենից սպառնալիքների ու պարտադրանքի միջոցով խլել են գազալցակայանի իրեն պատկանող բաժնեմասը, որ դառնան 100 տոկոս բաժնետեր։ Մենք տեղեկացանք, որ երկու օր առաջ Վարդանյանի բողոքի հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով շորթման եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով, եւ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ ոստիկանության ուղարկած գործն ընդունել են վարույթ։

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ քրգործ հարուցելու մասին իրեն ոչ ոք դեռեւս որեւէ բան չի ծանուցել, քննության չեն կանչել։
«Ես մտածում էի, որ հաղորդում տվել են, ուրեմն քրեական գործ էլ կհարուցվի, բայց որ հարուցել են, չգիտեի»,- ասաց նա։

- Իսկ ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ, մասնավորապես՝ այն հանցակազմը, որ դրված է քրգործում, դրա վերաբերյալ ի՞նչ կասեք։

- Դա դեռ պիտի քննվի, իմանան՝ ինչը ոնց է, նոր կորոշվի՝ շարունակություն լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Առայժմ ես որեւէ բան չեմ կարող ասել։

- Քրեական գործը հարուցվել է շորթման եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։

- Կարող է էդպես գրված լինի, բայց որեւէ մեկին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Դեռ ընդամենը քրեական գործ է հարուցվել՝ հաղորդման հիման վրա։

- Այդ հաղորդմամբ Նորիկ Վարդանյանը Ձեզ եւ Ձեր հորը մեղադրում է իր բաժնեմասը խլելու մեջ։

- Իր գրելը դեռ ոչինչ չի նշանակում։ Ես հակված եմ նրան, որ իրավապահները քննություն անեն, եւ մենք տեսնենք, թե ինչքանով է նրա տված հաղորդումն իրականությանը համապատասխանում։ Ես ուղղակի էսօր չեմ ուզում որեւէ բանից առաջ անցնեմ, որեւէ մեկնաբանություն տամ։ Հաղորդումը տվել եմ, իրավապահները կքննեն, բոլորին էլ պարզ կլինի։

- Որքա՞ն ժամանակ է, որ ունեք այդ գազալցակայանը, եւ որքա՞ն ժամանակ է, որ այն չի գործում։

- 2009 թվականից մենք փայաբաժին ենք ունեցել, ու արդեն 5 տարի է՝ չի աշխատում։

- Այդ դեպքում, եթե 5 տարի առաջ է դա տեղի ունեցել, ինչո՞ւ է Վարդանյանը հիմա դիմել ոստիկանություն։

- Երեւի հիմի են գլխի ընկել, որ կարելի է գնալ գրել, դատի տալ։ Մենք էլ դիմել ենք դատարան, եւ էսօր քաղհայցով դատարանում գործ կա։

- Դատարան եք դիմել ո՞ւմ դեմ եւ ինչի՞ համար։

- Էդ ձեռնարկությունում չարաշահումների համար։

- Վարդանյանի՞ կողմից չարաշահումների։

- Այո, որովհետեւ ինքն է տնօրենը եղել։ Դրա համար ես չեմ ուզում հիմա մեկնաբանել, շուտով իրավապահները դրա գնահատականը կտան։

- Այսինքն՝ Վարդանյանի հաղորդմանը հակառակ՝ դուք էլ նրա՞ դեմ եք հաղորդում ներկայացրել…

- Ոչ, մենք դա 2017 թվականին էինք դիմել դատարան, որովհետեւ էնտեղ չարաշահումներ են տեղի ունեցել։

- Նշված է նաեւ, որ դուք սպառնացել եք Նորիկ Վարդանյանին ու պարտադրանքի արդյունքում եք նրանից սիմվոլիկ գումարով ձեռք բերել նրան պատկանող բաժնեմասը։

- Նախ դա ամբողջովին զրպարտանք է, բայց ես չեմ ուզում դեպքերից առաջ անցնեմ, ես ուզում եմ, որ դրա գնահատականը տան իրավապահ մարմինները։