Ինչքա՜ն մարդիկ էին գովում նրան, հիմա ու՞ր են նրանք․․․

Ինչքա՜ն մարդիկ էին գովում նրան, հիմա ու՞ր են նրանք․․․

 

Երբ դեռ նոր էր հեղափոխություն եղել ու մի օլիգարխի, պաշտոնյայի նկատմամբ հետախուզում էր հայտարարվում, մարդիկ ի՜նչ օվացիայով էին արձագանքում։

․․․ Հիմա ամեն ինչ այլ է։ Նախկին ոգևորությունը չկա։ Մարդիկ կարծես գերհագեցել են բացահայտումներից ու մի տեսակ անտարբեր  դարձել։ Նույն սնունդը տևական ժամանակ  ընդունելուց այդպես է՝ ոչ միայն ստամոքսը չի ընդունում, այլ ստամոքսին թելադրող միտքը չի ուզում։ Հոգնում է։ Այլ սնունդ է ուզում։

Շատ վտանգավոր է, երբ հանրությանը սկսում ես կերակրել ամենամեծ չափաբաժիններով, հետո նվազեցնում կամ չափաբաժինը թողնում նույնը։ Բացահայտումներն այլևս հանրության քիմքին հարմար չեն։ Ավելին են ուզում։ Տևական ժամանակ է, որ նրանց սնունդը դա է՝ բացահայտում։ Ու ամենահետաքրքիր կետում, երբ բացահայտում են, որ ոմն մեկը հանցագործ է, պարզվում է, որ նա փակել է վնասը ու ազատության մեջ է կամ էլ պոտենցիալ հանցագործը Հայաստանում չէ։ Շատ ավելի հետաքրքիր է, երբ պարզվում է, որ հանցագործը մի այլ երկրում է ու չեն հանձնում։ Միանման գործողություններ, որոնք արդեն «թմրեցնում է մարդկանց»։

Այսօր էլի կալանավորում կա։ Կալանավորվողը   «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մինասյանն է։ Բայց դե բժիշկը  չկա։ «Նկատի ունենալով, որ Ա.Մինասյանը թաքնվում է քննությունից և պարզ չէ նրա գտնվելու վայրը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում»։

Ինչքա՜ն կարելի է։ Ինչու՞  մեկին կալանավորում է հայտարարվում, իսկ մյուսը, որ հազար անգամ ավելի մեծ գործերի մեջ է թաղված, իշխանության սերն է վայելում։ Այ դա չի հասկանում հանրությունը։ Ինչու՞ կալանավորում հայտարարությունից հետո շատերը ազատության մեջ են մնում։ Ինչու՞ կալանավորում հայտարարությանը անմիջապես հետևում է հետախուզում հայտարարությունը։ Այ դա չի հասկանում հանրությունը։ Եվ վերջապես եթե հինն եք մերժում, ինչու՞ հնի միջոցով եք մերժում հնին։ Չէ՞ որ ում միջոցով մերժում եք, նրանք էլ համակարգի կարևոր մաս են եղել։

Եվ վերջապես չեմ հասկանում մի բան։ Այնքան լավ ու բարի մարդիկ կային, ու՞ր են նրանք։ Մի՞թե մնացել ենք սուր ճոճողների մեջ ու սպասում ենք, թե վերջը ինչով կավարտվի։ Մի՞թե իրենց տեղը գրավել են ֆեյքերը ու տեղ չեն թողել խոսելու, արտահայտվելու։

Գործի բերումով հիվանդանոցների հետ շատ եմ շփվել։  Ժամանակ կար, երբ գիրք էի գրում Հայաստանի լավագույն բժիշկների ու հիվանդանոցների մասին և տարուց ավելի համարյա ամեն օր լինում էի Մասիվի հիվանդանոցում։ Ինչքա՜ն մարդիկ էին գովում Արա Մինասյանին, հազարավոր շուրթերից եմ լսել՝ դա աղքատների հիվանդանոց է,  Արա Մինասյանը դեռ ոչ մի հիվանդի, որ փող չունի, հետ չի տվել։ Ինչքա՜ն աղքատ մարդկանց թաղման ծախսն է հոգացել։ Չեմ չափազանցում՝ հազարավոր տարբեր մարդկանցից եմ լսել։ Բայց կան չէ՞ նրանք։ Կա՛ն ու լռում են։  Հիմա օրենքը օրենք, բայց բարոյականությունը մեկին չի՞ ստիպում ասել այն, ինչ ասում էին ինձ կամ ուրիշներին։ Եվ լավ է, որ այդ պատմությունները ժամանակին զետեղել եմ բժիշկներին նվիրված մի հաստափոր գրքում, որն իր մեջ պարունակում է երախտագիտություն ու շնորհակալություն։ Հիմա չկա՞ն շնորհակալությունները, այ դա չեմ հասկանում։ Մարդիկ ոչինչ չե՞ն արել։

Սու՞տ էր մի ողջ կյանք, որ ապրել էինք, թե սուտ է այս պատմությունը , որ հյուսում ենք։ Ոչինչ չեմ հասկանում։