«Սպայկայի» ստվերոտ ու լուսավոր կողմերը

 «Սպայկայի» ստվերոտ ու լուսավոր կողմերը

Եվ այսպես, հայաստանյան հասարակությունն ականատես է լինում հերթական քաղաքատնտեսական թամաշային. ձերբակալվեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը: Այո, սա զուտ տնտեսական ոլորտի թեմա չէ, այստեղ կան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ինչ-որ չափով անձնական մոտիվներ: Քաղաքական է այն առումով, որ ընկերությունը համարվում է նախկին իշխանության՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի խոշոր բիզնեսներից մեկը, թեեւ տնօրեն Դավիթ Ղազարյանն ասում է, որ ընկերությունը ինքն է զրոյից հիմնադրել, եւ այստեղ որեւէ մեկը կապ չունի: Սակայն ժամանակին մամուլը բազմիցս է գրել, եւ դա պաշտոնապես չի հերքվել, որ ընկերությունում հետագայում համասեփականատեր է դարձել նախ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակը, այնուհետեւ նրան փոխարինել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Իսկ հետագայում Միքայել Մինասյանը եւս վաճառել է իր փայաբաժինը եւ դուրս եկել «Սպայկա»-ից։

Գաղտնիք չէ՝ Դավիթ Ղազարյանն այն քաղաքական կամ տնտեսական ֆիգուրը չէր, որ նախկին իշխանությունների օրոք Հայաստանում կարողանար առանց «տանիքի» նման հսկայական բիզնես զարգացնել: Տնտեսական, քրեական ու քաղաքական «գիշատիչները» պարզապես կհոշոտեին Ղազարյանի՛ն էլ, իր բիզնե՛սն էլ, քանի որ մեզանում գործում էր ջունգլիների օրենքը՝ ով ում կարողանում, հոշոտում էր: Իսկ «Սպայկան» ոչ միայն հանգիստ աշխատում էր, այլեւ շատ հարցերում արտոնյալ էր. 2013-ին խոշոր հրդեհ բռնկվեց ընկերության՝ Արշակունյաց պողոտայի 252 հասցեում գտնվող սառնարանային համալիրում: Այրվեց ավելի քան 15 հազար քմ տարածք՝ 110 տոննա կարտոֆիլով: Շենքը դարձավ անպիտան հետագա շահագործման համար, որեւէ սարքավորում, ինչպես նաեւ մթերված կարտոֆիլը, հնարավոր չեղավ փրկել: «Չար լեզուները» հրդեհի վերաբերյալ տարբեր վարկածներ էին շրջանառում. ընկերությունը բանկերի վարկային պարտավորությունները սառեցնելու համար է ինքնակազմակերպել հրդեհը, նրա մրցակիցներն են դրա հեղինակը, ցածր աշխատավարձով աշխատողներն են դիտավորյալ հրդեհել եւ այլն: Դժվար է ասել, թե այս վարկածներից որն էր ճիշտ, կամ եղե՞լ է դիտավորություն, թե՞ ոչ: Բայց այն, որ կառավարությունը ոտ ու ձեռ ընկած փորձում էր ինչ-որ կերպ աջակցել ընկերությանը, փաստ է: Անգամ առաջարկվեց սառնարանային արտադրական նոր տարածքներ հատկացնել ընկերությանը, սակայն տնօրենը շնորհակալությամբ հրաժարվեց դրանցից՝ ասելով, որ ընկերությունն ունի անհրաժեշտ սեփական տարածքներ: 

«Սպայկայի» հանդեպ հաջորդ կարեւոր քայլը՝ նախորդ իշխանության կողմից. 2017թ․ կառավարությունը «Սպայկա» եւ «Արմսանպրոդակտ» ընկերություններին հողամաս նվիրաբերելու մասին որոշում կայացրեց: Նախագիծը կառավարությանն էր ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետարանն այդ ընկերություններին նվիրատվություն է կատարում 76.4 եւ 86.8 հեկտար հողատարածք Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում:

Ըստ ներկայացվող նախագծի՝ «Սպայկա» եւ «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների տնօրենները համատեղ դիմումով Երեւանի քաղաքապետարան են ներկայացրել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի եւ բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրեր՝ խնդրելով այդ ծրագրի իրականացման համար ընկերությանն անհատույց սեփականության իրավունքով օտարել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամաս: Երբեւէ եղե՞լ է դեպք, որ պետությունն ինչ-որ շարքային գյուղացու, ջերմոցատերի գոնե 10 քմ հողատարածք անհատույց սեփականության իրավունքով օտարի: Բայց այդ օրերին տեղեկացանք նաեւ, որ «Սպայկան» մեծ գումարներ է մուծել «Երեւան» հիմնադրամին, կարելի է ենթադրել՝ այս գործարքի դիմաց։

Ինչեւէ, անկախ այն բանից, թե ովքեր են եղել ու կան «Սպայկայի» ետեւում կանգնած, այն կայացած, լուրջ ընկերություն է, որը մեր երկրի տնտեսական կյանքում այսօր բավականին մեծ դերակատարում ունի: Հայաստանի գյուղատնտեսությունը շատ բաներով է կախված այս ընկերությունից, ողջ սեզոնին ընկերության բեռնատարները մարզերի գյուղերից, հենց դաշտերից ու այգիներից բարձր գնով մթերում են գյուղացու արտադրանքը, որն արտահանում են այլ երկրներ, իսկ գյուղացիներին վճարում են տեղում՝ բավականին բարձր գնով:

Այսօր ընկերության հետ կատարվածը խիստ մտահոգել է մարզերի, հատկապես Արարատյան դաշտավայրի՝ Արարատի եւ Արմավիրի մարզի գյուղատնտեսներին, քանի որ մոտ 2 ամսից սկսվելու է ծիրանի մթերումը, մարդիկ «Սպայկայի» հույսով նախատեսել-ծրագրել են իրենց գյուղատնտեսական տարին, եւ հանկարծ ստեղծվեց այս իրավիճակը, ինչը գյուղացուն կանգնեցրել է փաստի առաջ: Սա նշանակում է, որ վարկերի տակ ճռռացող գյուղացին չի իմանալու որտեղ իրացնել արտադրանքը: Բացի այդ, ընկերության ջերմոցներում աշխատում են հարյուրավոր մարդիկ, որոնք հիմա կանգնած են գործազրկության առաջ: Եթե ընկերությունը կրճատի աշխատատեղերը կամ ուշացնի մարդկանց աշխատավարձերը, ապա վերջիններս կկանգնեն իրենց վարկ ու տուրքերը վճարելու խնդրի առջեւ: Դա էր պատճառը, որ ընկերության աշխատողները բողոքի դուրս եկան իրենց տնօրենի ձերբակալման դեմ:  

«Սպայկայի» հետ կատարվածը կվնասի նաեւ Հայաստանի արտաքին գործարար իմիջին․ մարդիկ կխուսափեն ներդրումներ անել մի երկրում, որտեղ գործարարին զրկում են ազատությունից: Ընկերության արտերկրյա գործընկերները կհրաժարվեն համագործակցությունից՝ դա արդեն ռիսկային է: Եվ չի բացառվում, որ խոշոր առեւտրային կազմակերպություններն սկսեն աշխատել, ասենք, ադրբեջանական շուկայի հետ: Մի խոսքով, այն, ինչ կատարվում է «Սպայկայի» հետ, չի կարող լավ հետեւանքներ ունենալ մեր երկրի տնտեսության համար: Այս ամենը բերում է տնտեսական անկայունության: Եթե նոր իշխանությունը որոշել է քրեական հետապնդումներով լցնել պետական բյուջեն, ապա դա անարդյունավետ ու վարկաբեկիչ եղանակ է, որը հարիր չէ թավշյա, սիրո, համերաշխության կարգախոսներին:

Երբ անպատիժ եւ ազատության մեջ են մնում բազում քրեածին տարրեր, Դավիթ Ղազարյանին կալանավորելը՝ տնտեսական դեռեւս չապացուցված հանցագործության համար, առավել քան անհասկանալի է: Հարկերը կարող են վճարվել առանց լրացուցիչ ռեպրեսիաների, քննարկելով, ընդհանուր հայտարարի գալով: Մինչդեռ տնօրենը հավաստիացնում է, որ երկու ամիս տեւած իր բոլոր փորձերը՝ հանդիպելու ՊԵԿ նախագահի հետ, ձախողվել են, նա չի ցանկացել առերեսվել գործարարի հետ: 
Ի դեպ, օդում կախված լուրերը չեն բացառում, որ «Սպայկայում» կատարվածը սեփականության վերաբաշխման գործընթացի սկիզբն է…