Ո՞րն է ինտրիգը Ղազախստանի նախագահական ընտրություններում
Նախօրեին Ղազախստանի նախագահի ԺՊ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարեց, որ, համաձայն երկրի սահմանադրության, որոշում է կայացրել ընթացիկ տարվա հունիսի 9-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։ Տոկաեւն իր հայտարարությունում նշեց, որ որոշումը կայացնելիս խորհրդակցել է Նուրսուլթան Նազարբաեւի, պառլամենտի 2 պալատների նախագահների եւ վարչապետի հետ, համաձայնեցրել Սահմանադիր խորհրդի հետ։ Այսինքն՝ արտահերթ ընտրությունների նշանակումը կատարվել է բոլոր ընթացակարգերի եւ քաղաքական պրոցեդուրաների պահպանումով։ Իսկ արտահերթ ընտրությունները «միտված են ապահովել հասարակական-քաղաքական համաձայնությունը եւ վստահ առաջընթացը, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը եւ որեւէ անորոշության վերացումը»։
Կենտրոնական Ասիայի հարցերով մասնագիտացած վերլուծաբանները կարծում են, որ այս ընտրությունների հետ կապված՝ անհանգստության որեւէ առիթ չկա, քանի որ, անկախ այն հանգամանքից, թե ով է նախագահը, երկրի գերագույն առաջնորդը՝ Ելբասին, շարունակում է մնալ Նուրսուլթան Նազարբաեւը։ Առաջին նախագահը, ով կրում է Ելբասի՝ ազգի գերագույն առաջնորդի տիտղոսը նաեւ, արդեն հանդիպել է ԱԳ նախարարի հետ եւ իր խոսքում ընդգծել, որ պետք է պահպանել վստահելի հարաբերությունների վիճակը մերձավոր գործընկերների հետ։ Ու թեեւ ժամանակավոր նախագահ Տոկաեւը համոզված է, որ աշխարհում ընթացող փոփոխություններն այնքան էլ Ղազախստանի օգտին չեն դասավորվում, սակայն այդ միտքը փորձագետները համարում են ուղղակի ասված խոսք, քանի որ Ղազախստանն ունի բավարար արտաքին եւ ներքին ռեսուրսներ՝ բացասական փոփոխություններին հակադարձելու համար։ Հիմնական ինտրիգը, թերեւս, բուն արտահերթ նախագահական ընտրություններն են լինելու։ Տեղի մասնագետները կարծում են, որ ամեն բան ընթանում է ըստ նախապես գծված սցենարի, եւ իշխանությունը կխուսափի ամեն կերպ ինչ-որ նորարարություններ կամ փորձարարական քայլեր անելուց։
Այսինքն՝ ամեն բան կգնա իր հունով, ըստ գծվածի։ Բացի այդ, իշխանությունները ներկայումս իրենք են հետաքրքրված, որ ամեն բան անցնի անցնցում ու սահուն։ Թերեւս հենց դրա համար էլ որոշում է կայացվել արտահերթ ընտրություններ կազմակերպել, քանի որ խնդիր կա լեգիտիմ իշխանության, իսկ Տոկաեւը, անկախ ամեն ինչից, համարվում է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Ընտրությունները թեեւ ֆորմալ, սակայն իրավաբանորեն արդեն կսահմանեն նոր նախագահի պաշտոնավարման հնգամյա ժամանակաշրջանը։ Բացի այդ, քաղաքական անորոշությունը կարող է անհանգստություններ առաջացնել արտաքին եւ ներքին ներդրողների եւ էլիտաների մոտ, ընտրությունները նաեւ այդ հնարավոր անհանգստություններն ու մտավախությունները կանխելու միտում ունեն։ Ու ամենից կարեւորը՝ ով է լինելու իշխող ուժի թեկնածուն։ Այս հարցում ընտրությունը կարծես թե այնքան էլ մեծ չէ։
Թեեւ Դարիգա Նազարբաեւան իր օգնականի միջոցով հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրվել, սակայն նախագահի թեկնածուներին առաջադրում են կուսակցությունները։ Ինքնառաջադրումներ Ղազախստանում չկան։ Իսկ եթե հանկարծ «Նուր Օթան» իշխող ուժը որոշի, որ Ելբասիի ավագ դուստրից բացի ուրիշ մեկին չի տեսնում այդ պաշտոնում, եւ խնդրի նրան համաձայնել առաջադրմանը… Իհարկե, մյուս տարբերակն էլ գործող նախագահ՝ «Բոտանիկ» մականունն ստացած Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի առաջադրումն է, ով լիովին Նազարբաեւի գծի մեջ է։
Կարծիքներ