Արցախի նախագահի պաշտոնական կայքում վերջին փոփոխությունը եղել է պատերազմի սկսման օրը

Արցախի նախագահի պաշտոնական կայքում վերջին փոփոխությունը եղել է պատերազմի սկսման օրը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) նախագահի պաշտոնական կայքում 44-օրյա պատերազմի սկսելուց ի վեր ընդամենը 1 հրամանագիր է տեղադրվել, իսկ վերջին փոփոխությունը եղել է սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի սկսելու օրը։

Կայքի «Նորություններ» բաժնի «Աշխատանքային հանդիպումներ» ենթաբաժնում վերջին «Ստեփանակերտում պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոն է կառուցվում. նախագահը ծանոթացել է պայմաններին» հրապարակումը եղել է 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ պատերազմի սկսելուց 2 օր առաջ։ 

«Խորհրդակցություններ, նիստեր» ենթաբաժնում նույնպես վերջին հրապարակումը եղել է սեպտեմբերի 25-ին՝ «Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. նախագահ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել»։

«Հանդիպումներ Սփյուռքի ներկայացուցիչների հետ» ենթաբաժնում վերջին հրապարակումը եղել է 2020-09-17-ին՝ «ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին»։

«Հանդիպումներ օտարերկրյա պատվիրակությունների հետ» ենթաբաժնում վերջին հրապարակումը՝ «Հանդիպում ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սպիյերի եւ Ջուդի Չուի հետ»-ը, եղել է 2019-ի հոկտեմբերի 8-ին, երբ դեռ Բակո Սահակյանն էր նախագահը։

«Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը» (2020-09-26) հրապարակումը եղել է «Այցեր, այցելություններ» ենթաբաժնի վերջին հրապարակումը։

«Oրենքներ, հրամանագրեր» ենթաբաժնի վերջին հրապարակումը եղել է «Հանրապետության ողջ տարածքում հայտարարվել է ընդհանուր զորահավաք»-ը սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հարձակվել էր Լեռնային Ղարաբաղի վրա։

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը»,- հաղորդել էր ԱՀ ՊԲ-ն։

ԱՀ նախագահի կայքում հրապարակված վերջին հրամանագիրը եղել էր զորահավաքի վերաբերյալ։ Նշենք, սակայն, որ պատերազմի ողջ ընթացքում Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել, հրամաններ է արձակել, սակայն դրանք չեն հրապարակվել պաշտոնական կայքում։ Նախագահի հայտարարությունները, ուղերձները հրապարակվել են Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում։

Տարօրինակ է, որ կայքի գլխավոր էջում մինչև հիմա նախագահ նշված է Արցախի 3-րդ նախագահ Բակո Սահակի Սահակյանի անունը, չնայած որ նախագահ ընտրվելուց ի վեր Արայիկ Հարությունյանի անունն է գրված բոլոր հրապարակումներում։