Այս մեղադրանքը գրող քննիչները լավ է հող ուտեին`մեռնեին

Այս մեղադրանքը գրող քննիչները լավ է հող ուտեին`մեռնեին

Այսօր` Գորիսի ՏԻՄ ընտրությունների նախօրեին, Քննչական կոմիտեն ավետեց, որ ավարտվել է «Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, տեղակալի և համայնքապետարանի երկու աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների» կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ մանրակրկիտ ներկայացրեց, թե ինչ են պարզել այդ նախաքննության ժամանակ: Ոչինչ, որ այդ տեքստը գրեթե դատավճռի նման է հնչում եւ որը դեռ դատարանը քննության չի ենթարկել` այս եղանակով կանխակալ տրամադրություններ ձեւավորելը, դատարանի վրա ճնշում գործադրելը եւ մարդկանց անմեղության կանխավարկածը խախտելը մեզանում նորություն չէ: Սա իշխանությունների տխեղծ ձեռագիրն է, որի դեմ հասարակությունը չի պայքարում:

Բայց ուզում եմ անդրադառնալ այն շարադրանքին, որը Քննչական կոմիտեի` ենթադրում եմ մասնագիտությամբ իրավաբան քննիչները գրել են, ապա Քննչական կոմիտեի երիտասարդ ղեկավար` Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի կադր Արգիշտի Քյարամյանը հաստատել է, իսկ ՀՀ դատախազությունն էլ հետեւել է նախաքննության ընթացքին եւ համարել է, որ կարելի է նման մեղադրանքը համարել իրավական, օբյեկտիվ եւ ապացուցված եւ նախաքննությունը հայտարարել ավարտված:

Կարելի էր ոչ մի վերլուծություն էլ չանել` ուղղակի ստորեւ տեղադրել մեղադրանքի հատվածները եւ ցանկացած գրագետ մարդ կհասկանար, որ գործ ունենք քաղաքական տգետ տեքստի հետ, որտեղ չկա ոչ մի ապացույց եւ ոչ մի իրավական փաստարկ: Կա ընդամենը վերադասի ցանկությունը` Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, նրա տեղակալներ Իրինա Յոլյանին եւ Մենուա Հովսեփյանին, եւս մի քանի համայնքային աշխատակցի պատժելու, որովհետեւ նրանք համարձակվել են դեմ գնալ Մեծն Նիկոլ Փաշինյանին: 

Ահավասիկ մի հատված. «...Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանը 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին, ընտրություններում առաջադրված «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հեղինակությունը բնակչության շրջանում բարձր պահելու, բնակչությանը հաճոյանալու և ընտրություններին Ա.Առուշանյանի օգտին դրական արդյունքներ ապահովելու անձնական և խմբային շահերից ելնելով, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի տեղակալ, «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նախագահ Մենուա Հովսեփյանի, նույն հանձնաժողովի անդամներ, համայնքապետարանի երկու աշխատակիցների հետ՝ համայնքի բյուջեի միջոցները սահմանված կարգի խախտմամբ տնօրինելու և դրանք իբրև թե Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղելու հարցի շուրջ»:

Հետո պարզվում է, որ Գորիսի ղեկավարների մեղքն այն է, որ 115 բնակչից սոցիալական աջակցության դիմումներ են ստացել, կազմել են հանձնաժողով, որն ուսումնասիրել է այդ դիմումները, արձանագրություններ է կազմել եւ օգնություններ տրամադրել այդ անձանց: Քննչական կոմիտեի գուրուներն ուսումնասիրել են այդ դիմումներն ու դիմումատուներին եւ պարզել են, որ 115-ից 54-ի դիմումները կարող էին եւ չբավարարվել, որովհետեւ տեղեկանքների ու հիմնավորումների մեջ, իրենց կարծիքով, կան ինչ որ բացթողումներ: Եւ որոշել են, որ այդ մարդկանց տրամադրված օգնությունը` 3 միլիոն 200 հազար դրամը, համայնքի շահերին հասցված «ծանր վնաս է»: 
Այս տեքստի պոչից էլ կպցրել են Մենուա Հովսեփյանի մյուս «սահմռկեցուցիչ» հանցանքը` նա «իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարից պահանջել է «Հայաստան» դաշինքի հունիսի 8-ի նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար ապահովել 80 անձի ներկայություն՝ այդ կերպ հարկադրելով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն»: Սա էլ Քարահունջի վարչական կին ղեկավարին կալանավորելու, ապա նրանից ցուցմունք կորզելու հիմքով է գրվել, որի դիմաց, ի դեպ, տիկնոջ փեսան նոր աշխատանք ստացավ` որպես պարգեւատրում եւ նրան էլ ազատեցին կալանքից:

Մենք կրկին ուզում ենք հիշեցնել այս մեղադրանքը կազմողներին` ընտրությունների նախօրեին ՀՀ կառավարությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Քաղպայմանագիր կուսակցության օգտին դրական արդյունքներ ապահովելու անձնական և խմբային շահերից ելնելով», հանցավոր գործողություն է իրականացրել եւ պետական բյուջեից Սյունիքի մարզին է հատկացրել 1 միլիարդ դրամ: Ոչ թե 3 միլիոն` ինչպես Գորիսի «հանցագործ» համայնքապետերն են արել, այլ 1 միլիարդ: Եւ այդ գումարը հատկացրել է ոչ թե պետական խողովակներով, այլ մի մեռած հիմնադրամի` Սյունիքի զարգացման հիմնադրամին, որը փողը ընտրությունների նախօրեին բաժանել է աջուձախ, որպեսզի ձայներ ապահովի իշխանությունների համար: Նույնը կառավարությունն արել է օրերս` ՏԻՄ ընտրությունների շեմին Սյունիքի մարզին հատկացնելով շուրջ 1 միլիարդ դրամ՝ «մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով», որը տրամադրվելու է «մարզային և համայնքային ենթակայության, ինչպես նաև բնակչության համար սոցիալական հրատապ ծրագրեր իրականացնելու համար»:

Իսկ ՔՊ հանրահավաքներին բերվող մարդկանց քանակի ու բերման մեթոդների մասին կարելի է հատորներ գրել:

Մարդը` եթե ամոթ չունի, ինչքան ուզում ես ամոթանք տուր: Եթե քննիչներն ու դատախազներն ամոթ չունեն, պրոֆեսիոնալ բարեխղճությունը զրո է, ինչքան ուզում ես գրի ու ամոթանք տուր, անօգուտ է: Սա գրում ենք մեր ընթերցողի համար, որը պետք է հնարավորինս տեղեկացված լինի, թե 2021 թվականի Հայաստանում ինչպես են գործերը «կարվում: