Ոստիկանապետի մտքի սնանկությունն ու տափակ հումորները

Ոստիկանապետի մտքի սնանկությունն ու տափակ հումորները

Ժամանակները փոխվում են, ոստիկանության ոճը մնում է նույնը՝ լրագրողական ամեն նյութին արձագանքել, էմոցիաներով ու ենթադրություններով համեմված, ոստիկանական համառությամբ ու հրապարակումների բուն իմաստից չբխող տեքստեր երկներ։ Այսօր ոստիկանությունը նոր տեքստ է հրապարակել իր կայքում՝ «պարզաբանում» վերնագրի ներքո, թեեւ՝ պարզաբանելու փոխարեն ուղղակի ստեղծագործել է։ Մի քանի արտահայտություն գրավեցին մեր ուշադրությունը․ 
«Վերջին օրերին «Հրապարակը»․․․իշխանություններին ու պաշտոնյաներին վարկաբեկելու մարտավարություն է որդեգրել: Երեկ և այսօր էլ թիրախը ոստիկանության պետն է»։ 
Մեր թիրախն, այո, կրիմինալի հետ կապված եւ կրիմինալ մեթոդներով գործող պաշտոնյաներն ու իրավապահներն են եւ մենք շարունակելու ենք բացահայտել նրանց իրական դեմքը, որը թաքնված է «համեստ» ու «չափավոր» ապրող ոստիկանի դիմակի ներքո։

Շարունակենք կարդալ․

«Իհարկե, համոզված ենք՝ ընթերցողը լավ գիտի, թե ինչ կարգի լրատվության հետ գործ ունի, բայց, այնուամենայնիվ, պարզաբանենք. այո՜, ոստիկանության պետը Ստեփան Ամիրյան անուն-ազգանունով անձնավորության ճանաչում է, բայց նա երբեք ընտանիքի վարորդ չի եղել․․․»։ 
Հիշեցնենք, որ այս համեստ որակումի տակ՝ «ճանաչում է», պետք է հասկանալ՝ մտերիմ է, այնքան մտերիմ, որ Մոսկվա մեկնելիս իր հետ է տանում։ Նկատենք, որ նաեւ խոսքը թմրանյութերի համար 8,5 տարի դատապարտված, պատիժը կրած անձնավորության մասին է։ Եւ բոլորովին հասկանալի չէ, թե ինչու պետք է ոստիկանապետը «ճանաչի», իրականում՝ ընկերություն անի նման անձնավորության հետ։ 

Մի պարբերություն է ոստիկանության շեդեւրից․

«Մեզ էլ քաջ ծանոթ է այսպիսի լրատվությունը․․․»։ 
Այո, քաջ ծանոթ պետք է լինի այն լրատվությունը, որն, ի տարբերություն ձեզ, ծառայում է հանրային շահին եւ բացահայտում է բոլոր պաշտոնյաների մութ կապերն ու հարաբերությունները։ Ի վերջո, ոչինչ թաքուն չի մնում այս երկնքի տակ։ Իսկ եթե «քաջ ծանոթ» արտահայտության տակ ինչ որ ակնարկ եք դրել, ապա ուղիղ ասեք, մի վախեցեք՝ մենք հանրությունից ոչինչ չենք թաքցնում՝ ոչ մեր ընկերներին, ոչ մեր կապերը, ոչ ֆինանսական աղբյուրները, ոչ աշխատանքի նպատակն ու ուղղվածությունը։ Եւ դրանց մեջ մեզ համար ոչ մի վարկաբեկիչ բան չեք գտնի։

ՀԳ․ Բաց ենք թողնում ձեր տափակ հումորն ու անհեթեթ մտքերը, որոնցով չենք ուզում վիրավորել մեր ընթերցողին։ Թող ՀՀ ոստիկանապետի գրագիտության եւ խելքի մասին միֆն ամբողջությամբ չփլուզվի։