Ո՛չ Հայաստանն է գյուղ և ո՛չ էլ Փաշինյանը` քյոխվա

Ո՛չ Հայաստանն է գյուղ և ո՛չ էլ Փաշինյանը` քյոխվա

Մեր ժողովուրդը դատական համակարգին չի վստահում անհիշելի ժամանակներից: Եվ ոչ միայն մեր ժողովուրդը: Մարդ արարածը, առհասարակ, չի կարող վստահել որեւէ դատարանի, որն իր դեմ վճիռ է կայացնում: Հետեւաբար, այդ ո՞ր դատական համակարգին հանկարծ սկսեց չվստահել մեր հեղափոխական ժողովուրդը: Եթե խոսքն այս վերջին մեկ տարում դատավորների վճիռներին է վերաբերում եւ կամ դատավորների մասին ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությանը (հիշեցնեմ` դատավորը ուզի, չուզի, կալանքը պըտի ա տա), ապա միանշանակ է, որ ժողովուրդը բոլոր հիմքերն ունի դատարանին չվստահելու: Վերջին մեկ տարում մեր ժողովուրդը դատարանների հետ կապված ծաղրուծանակի տեսարանների պակաս չի ունեցել: Փաշինյանը չէ՞ր, արդյոք, որ հայտարարում էր` Հայաստանում դատավոր կա՞, որ իմ ասածը չանի:

Եվ, պատկերացրեք` դատավորները հլու-հնազանդ արդեն մեկ տարի է` անում են Փաշինյանի բոլոր ասածները եւ նույնիսկ նրա քեռու տղային են դատում, որովհետեւ գործ տվողը հենց Փաշինյանն է: Քանի՞ գլուխ ունեին դատավորները, որ հրաժարվեին այդ կոմեդիայի մեջ, հազար ներողություն, «ապուշի դեր կատարելուց»:  Հիմա հարց եմ տալիս` քանի՞ մարդ կա Հայաստանում, որ վերջին մեկ տարվա ընթացքում վստահություն է ունեցել հենց թավշյա դատարանների նկատմամբ եւ համարել է, որ այդ մեկ տարում արդարադատություն է իրականացվել:

Հարցն այլ կերպ տանք: Ինչո՞ւ հանկարծ հիմա Փաշինյանին թվաց, որ դատարանն անցյալի մնացուկ է, եւ պետք է փոխել դատական համակարգը: Նման հանճարեղ որոշման հանգելու համար Փաշինյանին մեկ տարի՞ էր պետք, թե՞ ինչ-որ բան տեղի ունեցավ, ինչ-որ վճիռ կայացվեց, որից խիստ զայրացավ եւ որոշեց պիկետներ դնել դատարանների դռների մոտ: Այո, ես ակնարկում եմ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատավճիռը, այն է` փոխել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը` կալանքը: Փաստորեն, Փաշինյանը դա ընկալել է որպես մարտահրավեր հեղափոխությանն ու անձամբ իրեն եւ այսպես կատաղել` փակեք դատարանները, դատավորներին փռեք ասֆալտին, տվեք պատերով: Իսկ հետո, իրեն հատուկ ժպիտով ավելացնում է` հեղափոխական թավիշի շրջանակներում, իհարկե: Հասկացանք, դատարանի վճիռը մեր վարչապետի սրտով չէր: Հաստատ նրա սրտով չէր նաեւ, որ դատարանի մոտ Քոչարյանի կողմնակիցներն էին հավաքվել, իսկ դա ինչ-որ բան, այնուամենայնիվ, ասում էր ինքնասիրահարվածության ակնհայտ ավելցուկ ունեցող իշխանությունների մասին:

Դատարանների դեմ իշխանության այս յուրօրինակ պայքարին, կարծում եմ, արդեն շատերն անդրադարձան, եւ մենք չենք կրկնի այն բոլոր անհանգստությունները, որ նրանք հայտնեցին` սկսած երկրի նախագահից, մինչեւ ԲԴԽ նախագահ եւ Մարդու իրավունքների պաշտպան: Ինձ, որպես վերլուծաբանի, բոլորովին այլ բան է հետաքրքրում: Ես ուզում եմ հասկանալ` Փաշինյանը մի՞շտ է այսպես վարվելու, եթե իրեն որեւէ բան դուր չգա: Ֆեյսբուքյան սփյուռքահայ ընկերներիցս մեկը Փաշինյանի այս վերջին «սրացումի» առիթով հարց էր տվել. «Դուք գիտե՞ք որեւէ երկիր, որի կառավարութիւնը ցոյց կընե…»:

Բնականաբար, այդպիսի երկիր չկա եւ ոչ էլ` ցույց անող որեւէ կառավարություն, քանզի բոլոր կառավարություններն աշխատում են` ի տարբերություն մեր կառավարության ու վարչապետի: Ցույցերով երկիր կառավարելը մերոնց ձեռագիրն է, ի մասնավորի` ընդդիմադիր գործչի կերպարից համառորեն չհրաժարվող Նիկոլ Փաշինյանի: Հիշեք 2018թ. հոկտեմբերի 2-ի` ՀՀ օրենսդիր իշխանության դեմ ՀՀ կառավարության «ցույցն» ու ԱԺ շենքի «առումը»: Վարչապետի մանր-մունր «սրացումները» չհաշված` դատարանների վրա գրոհը կառավարության երկրորդ խոշոր ցույցն էր, այս անգամ դատական իշխանության դեմ: Այս երկու գրոհներն էլ, անշուշտ, ոտնձգություններ էին Սահմանադրության նկատմամբ, քանի որ թե՛ ԱԺ-ն եւ թե՛ դատարանը գործել էին Սահմանադրության շրջանակներում: Բայց հարցն այն է, որ ո՛չ Հայաստանն է գյուղ եւ ո՛չ էլ Փաշինյանը` քյոխվա, որ ինչ ուզենա` անի: Փաշինյանին այսքանից հետո մնում է հայտարարել` Հայաստանում օրենքը ես եմ:

Մենք ամենեւին էլ հակված չենք մտածելու, որ դատական համակարգը փոխելու այս հակասահմանադրական նոու-հաուն մեծացնելու է ՀՀ քաղաքացու վստահությունը Հայաստանի դատարանների նկատմամբ: Ինչպե՞ս կարելի է, առհասարակ, սրանից հետո վստահել մի դատավորի, որ վճիռ է տալու ոչ թե Աստծո, այլ վարչապետի եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցումներով: Դատարանները դատավորաթափ անելով անկախացնել դեռ ոչ մեկին չի հաջողվել, իսկ երկրի իրավապահ կառույցներն իրեն ենթարկած Փաշինյանին առավել եւս չի հաջողվելու: «Ժողովուրդը չի վստահում դատական համակարգին»` քանի՞ անգամ կարելի է կրկնել այդ չարչրկված բառը` «ժողովուրդ», եւ ժողովրդի անունից գործողություններ իրականացնել, որոնք գործնականում ոչ թե ինչ-որ բան են շտկում, այլ ընդամենը մի որոշ ժամանակով երկարաձգում են արդեն մեկ տարի ժողովրդի քթից բռնած ման ածելու այս տխուր վիճակը:

Ուզո՞ւմ ես դատարանն անկախ լինի` դրա համար, որպես վարչապետ, հանգիստ նստիր տեղդ եւ մոռացիր դատարանի մասին: Ինչո՞ւ ես, շատ ներողություն, քիթդ խոթում ամեն ինչի մեջ, որից գլուխ չես հանում եւ բացի այդ էլ` իրավունք չունես: Մենք այդ ժամանակ միայն կտեսնենք` դատարանները որակ ունե՞ն, թե՞ ոչ, դատավորը կաշառակե՞ր է, թե՞ ոչ: Հարյուր տեսակ կազմակերպություն կա այսօր, որ հետեւում ու գնահատական է տալիս դատավորների աշխատանքին, ուսումնասիրում դատավճիռներն ու դրանց համապատասխանությունը ՀՀ օրենքներին: Դու գնում ես, դատարանների առջեւ ցույց ես անում, որ ի՞նչ անես, պարոն վարչապետ:

Եվ վերջապես` վարչապետը քաղաքական պաշտոն է, ամենաբարձր պաշտոնը: Իսկ դա նշանակում է, որ վարչապետը կողմնակիցներից բացի, ունի նաեւ քաղաքական հակառակորդներ, որոնք ուղղակի կարող են հավատ չընծայել նրա ոչ մի ասածի, այդ թվում եւ ոչ մի գործողության: Հետեւաբար, թույլ տվեք ասել, որ հենց միայն այս տեսանկյունից արժանահավատ չէ Փաշինյանի այն պնդումը, որ դատարանները եւս պետք է լինեն հեղափոխական: Հասկանալի է, Հայաստանում հրատապ է դատական համակարգի ռեֆորմի անցկացումը: Ասում են` հեղափոխություն է տեղի ունեցել, բան է փոխվել երկրում: Ընդունենք, որ ինչ-որ բան, անուամենայնիվ, փոխվել է, բայց դա չի նշանակում, որ բարեփոխման անվան տակ պետք է դուրս գալ գործող սահմանադրության շրջանակներից, փողոցներում «հեղափոխական» սցենարներ բեմադրել, քանդել ամեն ինչ, ոչինչ չդնել տեղն ու քաղաքական հակառակորդներին ու նրանց կողմնակիցներին ստիպել, որ հավատան քեզ:

Այս խաղն արդեն անհետաքրքիր է դառնում, եթե չասենք` վտանգավոր: Հասարակության ներսում տիրող անվստահությունն այսօր ավելի խորն է, քան 1996-ին, 1999-ին, 2008-ին… Փաշինյանը ճիշտ չի ասում, երբ Հայաստան- Արցախ հարաբերություններում նկատվող աննորմալ երեւույթները վերագրում է նախորդ իշխանություններին: Նախկինում երբեք լարված չեն եղել մեր հարաբերությունները, եւ Հայաստանում որեւէ մեկը չի հանդգնել փողոցի բառապաշարով խոսել Արցախի ղեկավարների մասին ու նրանց «ցույց տալ իրենց տեղը»: Այսօր դա էլ է դառնում նորմ: Ձեր դերը, պարոն վարչապետ, շատ ավելի մեծ է, քան պատկերացնում եք: Հիշո՞ւմ եք, գոնե, թե երբ եք վերջին անգամ անվտանգության հետ կապված որեւէ հարց քննարկել: Ժամանակը չէ՞, արդյոք, վերջ տալու ինտրիգանությանը: