Պատերազմական իրավիճակում չի կարելի էմոցիաներով ղեկավարվել

Պատերազմական իրավիճակում չի կարելի էմոցիաներով ղեկավարվել

Գնդապետ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Վարդանյանի՝ Լիդերի հետ զրուցում էի առաջին անգամ եւ սկսեցի ճանաչողական հարցերից։ Պարզեցի, որ «Լիդերը» ոչ թե մականուն է, որոշակի շրջանակներում նրա ազդեցությունը ցուցադրող, այլ պատերազմի ժամանակ մարտական դիրքերում ձեռք բերված ծածկանուն, որով գնդապետը հպարտանում է։ Ի տարբերություն նախկին պաշտոնյաների, նա չի ժխտում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող գործիչների՝ Նիկոլ Փաշինյանի շուրջ  համախմբման հնարավորությունը եւ գտնում է, որ այդ հարցում մենք՝ հայաստանցիներս, պետք է օրինակ վերցնենք Արցախի բնակիչներից։ Հովիկ Վարդանյանը երբեք ՀՅԴ անդամ չի եղել, թեեւ նրան շատերը համարում են դաշնակցական եւ նույնիսկ անուն են դրել՝ Դաշնակ Հովո։ «Երբեք չեմ եղել կուսակցության անդամ եւ չեմ էլ լինի, բայց  ունեմ դաշնակցական լավ ընկերներ, որոնք դժվարին պահերին իմ կողքն են եղել, եւ ունեմ ընկերական պարտավորվածություններ»։ 

- Սկսենք Արցախից․ Բակո Սահակյանի այցելությունները Երեւան որոշակի լարվածություն են առաջացրել վերջին դատական իրադարձությունների ֆոնին։ Նույնիսկ գնահատականներ կան, որ Արցախը հակահեղափոխության օջախ է դառնում։ Այդպե՞ս է։

- Բակո Սահակյանին գնահատում եմ շատ բարձր՝ որպես անձ, որպես երկրի ղեկավար եւ շատ իմաստուն մարդ։ Ինչ վերաբերում է այդ խոսակցություններին, ինտրիգներին, թող փնտրեն այլ տեղ։

- Այսինքն՝ Արցախը հակահեղափոխության օջախ դիտարկել չի կարելի։ 

- Չի կարելի, եւ թող սեպ չխրեն, չպառակտեն ժողովրդին, ավելի շատ թող պայքարեն համախմբվելու համար, միասնական լինեն եւ թող հաշվի առնեն այն մարտահրավերները, որ կան այսօր Հայաստանի ու Արցախի առաջ, թող դրանց դիմակայելու մասին մտածեն։

-  Հաճախ եք լինում Արցախում։ Արցախի ժողովուրդն ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։  

- Արցախի ժողովուրդը դրական է վերաբերվում զարգացումներին, նրան, ինչ բխում է ժողովրդի շահերից։ 

- Չե՞ն ուզում, որ իրենց մոտ էլ հեղափոխություն լինի։

- Ես դա չեմ նկատել, եւ չի կարելի էմոցիաներով ղեկավարվել, քանի որ մենք պատերազմական իրավիճակում ենք։ Նորից եմ ասում՝ պետք է համախմբվենք եւ լինենք միասնական։

- Շատերը կարծում են, որ Բակո Սահակյանը, գալով Երեւան ու միջնորդություն ներկայացնելով Քոչարյանի ազատման համար, սեպ խրեց ժողովուրդների միջեւ։

- Դա օրինակելի ընկերություն է, եւ մեր սերունդները դրանից պետք է օրինակ վերցնեն։ Ցավոք, այդպիսի ընկերության օրինակներ, երբ ընկերը գալիս-նստում է մեղադրյալի կողքին, քիչ են։

- Որպես նախկինում ոստիկանության, դատախազության աշխատակից՝ ինչպե՞ս եք գնահատում դատական եւ գործադիր իշխանության հակամարտությունը։

- Չէի ուզի այդ դաշտը մտնել։

- Դատավոր ընկերներ ունեք, դրա՞ համար։ 

- Ինձ համար պետություն-պետական շահն ընկերական հարաբերություններից ավելի առաջնային է։ 

- Լավ, գոնե ասեք՝ պե՞տք է դատական համակարգը ռեֆորմացվի։

- Վաղուց էր պետք։

- Հիմա Ձեր ընկերները՝ դաշնակցականները, Ռոբերտ Քոչարյանի կողքին են, իսկ ընդհանուր քաղաքական դաշտում ի՞նչ դիրք են զբաղեցնում։ 

- Դաշնակցությունը, իմ պատկերացմամբ, ինքնուրույն դիրք է զբաղեցնում մեր հասարակական, քաղաքական դաշտում, եւ նրանց քայլերն ու գործողությունները բխում են մեր պետության ու ազգի շահերից։ 

- Հիմա սահմանից տագնապալի լուրեր են գալիս, ասում են՝ հակառակորդը զորավարժություններ է սկսել։ Ձեր կարծիքով, իրո՞ք վտանգավոր իրավիճակ է սահմանագծում։ 

- Երբ որ ներսում պառակտված ենք, ու սրացումներ են գնում, պետք է թշնամին գլուխ բարձրացնի։ Դրա համար մենք պետք է լինենք միասնական, համախմբված։ 

- Փաշինյանի շուրջ համախմբվելը հնարավո՞ր է նախկին իշխանավորների համար։

- Կարծում եմ՝ ցանկության դեպքում հնարավոր է, պետք է համախմբվենք, ու ամեն մեկն իր կարողություններն ու կամքը դրսեւորի ի օգուտ մեր երկրի, մեր ազգի։ 

- Այսինքն՝ նախկինները պետք է դադարեցնե՞ն պայքարել ներկաների դեմ։ 

- Այո, պետք է բանավեճերը լինեն զուտ ընդդիմություն-իշխանություն ֆորմատում ու դաշտում՝ ոչ ծայրահեղ, ու քաղաքակիրթ ճանապարհներով։ Այսօր մենք ունենք թշնամի՝ ի դեմս Ադրբեջանի ու Թուրքիայի, ու մենք պետք է պատրաստ լինենք մարտահրավերների, պատերազմի։ Իսկ դա կլինի մի դեպքում՝ երբ որ մենք՝ համայն հայությամբ, գոնե մի անգամ պատմության մեջ համախմբվենք։

- Որպես նախկին ոստիկան, որպես գնդապետ՝ ինչպե՞ս եք գնահատում այսօր ոստիկանության աշխատանքը։

- Գնահատում եմ բավարար։ Ոստիկանապետն այսօր մի առավելություն ունի՝ նա ի սկզբանե մերժել է քրեաօլիգարխիկ համակարգը, որի համար ես ողջունում եմ նրան։

- Իսկ ի՞նչ թերություններ կան։ Ասում են՝ օպերատիվ աշխատանքը լավ չեն կատարում։ 

- Յուրաքանչյուրս էլ թերություններ ունենք։ Մոսկվան միանգամից չի կառուցվել։

- Ո՞ր գիծը պետք է ուժեղացվի ոստիկանության աշխատանքում։

- Առաջնայինը ոստիկանի անձեռնմխելիությունն է, հետո նոր մնացածը՝ օպերատիվ, ծառայության եւ այլն։ Անձեռնմխելիությունը նաեւ բարձր աշխատավարձ է ենթադրում, նաեւ՝ որ ոստիկանն իրեն ապահովված զգա։ 

- Քրեական իրավիճակը փոխվել է։ Օրինակ, այս տարի սպանությունների թիվն է աճել։ Ինչի՞ հետ է կապված սա։

 - Թվերով չեմ կարող ասել, բայց ամբողջ աշխարհում նույն վիճակն է։ Հանցավորությունն աճում է։

- Սպանությունների աճի պատճառը չբացահայտումները չե՞ն։

- Չբացահայտվող դեպքեր չկան։ Կան շուտ եւ ուշ բացահայտվող դեպքեր։

- Իրավապահները կարո՞ղ են քննել գործերի ներկայիս ծավալը, ունե՞ն այդ բեռը տանելու ուժ։ 

- Դեռ մինչեւ հիմա տանում են, բայց կարծում եմ, որ պետք է ավելի լայն հնարավորություններ տան իրավապահ մարմիններին, որ կարողանան լիարժեք գործել։ 

- Արաբկիր վարչական շրջանի մասին էի ուզում հարցնել։ Դուք նախկին թաղապետն եք, նաեւ՝ արաբկիրցի։ Կոլեկտիվն ընդվզում է թաղապետի դեմ։ Աշխատակազմում լարված իրավիճակ է։ Ի՞նչ պետք է անել։ 

- Խորհուրդ կտամ այսօրվա ղեկավարին, որ մոլորության ու արկածախնդրության մեջ չհայտնվի։ Թող ավելի լավ է ապրի արաբկիրցու հոգսերով, խնդիրներով ու զբաղվի Արաբկիրի բարեկարգմամբ։ Ինչ վերաբերում է անձնակազմին։ Դա մի ընտանիք է, բանիմաց, բարոյական կողմերով օժտված։ Ընդամենը պետք է կարողանա եզրեր գտնել, համախմբել կոլեկտիվը եւ ծառայեցնել ի օգուտ համայնքի։ Յուրաքանչյուր կոնֆլիկտ կարելի է հարթել։ 

- Արաբկիրի ծառերի մասին են խոսում, ծառերը բզկտված են, բներն են մնացել։ Իրո՞ք վատ են էտված։ 

- Այդ հարցը պետք է ամբողջ քաղաքի մասշտաբով լուծել, որոշումներ ընդունեն եւ հները փոխարինեն նորերով։ 

- Ծառե՞րը նկատի ունեք, թե՞ մարդկանց։

 - Ե՛վ-ե՛ւ։