Սերժի Վաչոն սերտ համագործակցում է նախաքննական մարմնի հետ

Սերժի Վաչոն սերտ համագործակցում է նախաքննական մարմնի հետ

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործով Վերաքննիչ նիստն այսօր հետաձգվել է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արմեն Հարությունյանը։ 

Վերաքննիչն այսօր քննելու էր դատախազության բողոքը՝ առաջին ատյանի դատարանի՝ 50 միլիոն դրամ գրավի դիմաց Ղազարյանին ազատ արձակելու որոշման դեմ։ Սակայն մեղադրողի բացակայության պատճառով նիստը տեղի չի ունեցել, ինչի մասին իրենց նախապես ծանուցել են։

Անդրադառնալով Ղազարյանի եւ իր ընկերոջ առաջարկին, թե նախաքննական մարմնի համաձայնության դեպքում պատրաստ են պետությանը 6 միլիոն դոլար փոխանցել, Հարությունյանն ասաց, որ ՀՔԾ-ից դեռ արձագանք չեն ստացել․ «Մեր առաջարկը ուժի մեջ է, հստակ պաստասխան չենք ստացել, սա պարտքով փող չի, որ մենք էլ հանենք,տանք, մի քիչ պարզ չի էս ամեն ինչը։ Հիմա գործի քննությունը գնում է, Ղազարյանը սերտ համագործակցում է նախաքննության հետ, ներկայացնում է բոլոր փաստաթղթերը։ Թե իրենք ի՞նչ որոշում կկայացնեն, ինձ թվում է՝ պետք է դատավարական կարգով որոշումներ ընդունվի»։


Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:
Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին, սակայն հուլիսի 24-ին 1 մլրդ դրամ գրավը մուծելուց հետո ազատ էր արձակվել։ Դրանից հետո դատարանի որոշմամբ կրկին կալանավորվել էր, ապա գրավի դիմաց նորից ազատ արձակվել։