ԵԿՄ-ի համագումարի օրը դեռ հայտնի չէ, Սպարապետի ծննդյան օրն էին նշում

ԵԿՄ-ի համագումարի օրը դեռ հայտնի չէ, Սպարապետի ծննդյան օրն էին նշում
Արա Կետիկյան

Երկրապահները թեեւ որոշել են իրենց հրավիրվելիք  արտահերթ համագումարում միաձայն առաջադրել ԱԺ պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի թեկնածությունը, սակայն համագումարի օրը դեռ տակավին հայտնի չէ։ 

«Երկրապահ կամավորականների միության» նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանը վստահեցնում է՝ խնդիրներ են լուծում։ 

«Ի՞նչն է ձգձգվում, եթե խոսք լիներ հերթական համագումարի մասին, կասեինք՝ ձգձգվում է, բայց արտահերթ համագումար է»,- մեր տարակուսանքը փորձեց փարատել Արա Կետիկյանը՝ հավելելով, որ երկրապահների շրջանում չկան տարաձայնություններ։ 

Արա Կետիկյանը հիշեցնում է, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակն են նշել, այլ ծրագրեր են իրականացրել։
ԵԿՄ-ն եղել է իշխանությանը կից ռազմահայրենասիրական կառույց, զբաղվել է պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ, նաեւ՝ փորձել է լուծել սոցիալապես անապահով ազատամարտիկների խնդիրները։

Նոր ԵԿՄ-ն ի՞նչ մոտեցումներ է որդեգրելու, ի՞նչն է փորձելու պահպանել նախկինից եւ ի՞նչն է փոխելու։ 
«Թարմություն կլինի, նոր մոտեցումներ կլինեն, նոր ծրագրեր կլինեն, բայց Սպարապետի գաղափարներից չենք շեղվելու։ Իհարկե, պատանի երկրապահների դաստիարակությունը մեր ծրագրերում շատ կարեւոր տեղ ունի, եւ այն շարունակելու ենք իրականացնել պաշտպանության նախարարության հետ միասին»,- նշեց Արա Կետիկյանը։
Նաեւ՝ շարունակելու են միջնորդել, որ պետությունը լուծի ազատամարտիկների սոցիալական խնդիրները՝ անկախ այն բանից, թե ով է տվյալ պահին իշխանություն։ 

«Մենք ոչ թե իշխանության կցորդն ենք, այլ բանակի կողքին ենք՝ անկախ նրանից, թե ով է նախարարը, ինչ իշխանություն է»,- նշեց մեր զրուցակիցը։